ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ
Մոսկվայում շարունակվում է Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված "Տաշիր" հուշամրցաշարը, որի երկու տուրերից հետո Լեւոն Արոնյանը վաստակել է մեկ միավոր եւ բաժանում է 3-6-րդ տեղերը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը այս մրցաշարում լավ ելույթներ ունենալը համարում է սկզբունքային եւ շատ կարեւոր: Սակայն կայացած երկու տուրերում Արոնյանին իր լավագույն խաղը ցուցադրել չի հաջողվել: Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով ոչ-ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Մորոզեւիչի հետ. գրոսմայստերները խաղաղ ելք են կնքել 55-րդ քայլում: Իսկ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով միավորը կիսել էր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, պարտիան ավարտելով 48-րդ քայլում: Մրցումային երրորդ օրը մրցավայր է այցելել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը, ով հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահն է: Նա կատարեց երրորդ տուրի Լեւոն Արոնյան-Դինգ Լիրեն պարտիայի առաջին քայլը:
Բայց նաեւ մրցաշարին զուգահեռ` Հայաստանի եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջեւ կնքվեց համաձայնագիր` "Սպիտակ նավակ" խորագրով, որն ուղղված կլինի Ռուսաստանում մանկապատանեկան շախմատի զարգացմանը:
Հայ մյուս շախմատիստները եւս շարունակում են ելույթները տարբեր մրցաշարերում: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում ավարտված շախմատային բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 480 մասնակիցների մեջ բաժանել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը գրավել է երկրորդ տեղը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը: Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կես միավոր զիջեց հաղթողին եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում ավարտված աշխարհի վետերանների առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր եւ 47 մասնակիցների մեջ բաժանեց 4-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 5-րդն էր: Կարենը մեկ միավորով հետ է մնացել չեմպիոնից` գրոսմայստեր Զուրաբ Ստուրուայից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

