«ԵՐԳԻՉՆԵՐԻ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ, ԻՍԿ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16«ԵՐԳԻՉՆԵՐԻ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ, ԻՍԿ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»
Երգչուհի, երգահան, «Հայաստանի երգիչների միավորում» ՀԿ հիմնադիր-նախագահ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ այն առաջամարտիկն է, ով ժամանակակից ռիթմերի ներքո նոր շունչ տվեց ժողովրդական երգին, մնաց հավատարիմ արցախցի հայուհու կերպարին ու միեւնույն ժամանակ հստակ քայլերով շարժվեց ժամանակի հետ` լինելով 21-րդ դարի զարկերակում: Հենց նրա հետ էլ մերօրյա երգարվեստի մի շարք խնդիրների շուրջ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:
«ՕԴԻ ՄԵՋ
ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՎՈՐՎԵԼ»
-Տիկին Ասրյան, որքանով տեղյակ ենք, Դուք ստեղծել եք «Հայաստանի երգիչների միավորում»:
- Անցած տարի մտածեցի, թե ինչու չունենք Հայաստանի երգիչների միություն: Կան Կոմպոզիտորների, Գրողների, Նկարիչների եւ այլ միություններ, բայց երգիչների հզոր բանակ ունենք, իսկ միություն չունենք: Եվ ստեղծեցի Հայաստանի երգիչների միություն, իհարկե, «միություն» բառը չկա, այլ միավորում է կոչվում, որովհետեւ օրենքն այլեւս թույլ չի տալիս միություն ստեղծել: Եվ այդպես ստեղծվեց այն, ես էլ դարձա հիմանդիր-նախագահը:
- Իսկ հաջողվե՞ց համախմբել երգիչներին այդ միավորման մեջ:
- Ով իմացավ` ասաց, որ մեծ սիրով կանդամակցի, սակայն մինչեւ հիմա տեղի համար դեռ ակտիվ գործունեություն ենք ծավալում: Տեղի հարցը շատ անհանգստացնում է ինձ, որովհետեւ նաեւ հավաքատեղին պետք է մեզ միավորի: Օդի մեջ չենք կարող միավորվել, դեռ փնտրում եմ, դիմում եմ սրան-նրան, պետական կառույցներին, որ ինձ տեղ տրամադրեն, որպեսզի մենք տեղ ունենանք հանդիպելու:
- Այս միավորման մեջ միայն ժողովրդական երգիչնե՞րն են ընդգրկվելու:
- Ո՛չ, բոլոր երգիչները, որովհետեւ միավորման մեջ պետք է լինեն տարբեր երաժշտական ոճի խորհուրդներ: Ամեն ոճը իր խորհուրդը պետք է ունենա, իր կորիզը եւ կապ չունի` դասակա՞ն երգիչ է, ժողովրդակա՞ն, էստրադայի՞ն, թե` ռոք:
«ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՉԵՆՔ,
ԲԱՅՑ ՄԵՆՔ ԷԼ ԵՐԳԻՉ ԵՆՔ»
-Ի դեպ, մեր օրերում բեմահարթակներում հայտնվում են ովքեր ասես ու երգում են` ինչ ասես: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին:
- Այդ բոլորը գումարից է կախված, ով գումար ունի` երգում է: Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել կամ փնովել, ամեն մարդ իր ուժի չափ է անում: Դրա համար է կարեւոր այն միավորումն, որը ստեղծել եմ: Միգուցե գեղխորհո՞ւրդ կազմավորենք, որը թույլ կտա կամ թույլ չի տա երգել այս կամ այն երգչին: Չնայած դա իմ գործը չպետք է լինի, դա պետք է լինի Մշակույթի նախարարության գործը: Պետական մոտեցում է պետք: Այո՛, հիմա ով ուզում է` վեր է կենում ու երգում է: Համակարգչով ուղղում են ձայնը, մաքրում, դնում են ֆոնոգրամա ու երգում: Փառք Աստծո, ես այդ խնդիրը չունեմ, երգում եմ ե՛ւ կենդանի, եւ եթե պետք է լինում, բացօթյա համերգների ժամանակ ֆոնոգրամա էլ եմ երգում:
- Ի վերջո, որտե՞ղ պետք է կենդանի երգել, որտե՞ղ ֆոնոգրամա, որպեսզի չխայտառակվեն կամ չքարկոծվեն հանրության կողմից:
- Այն, որ ասում են, թե ֆոնոգրամա չպետք է երգեք, շատ սխալ է: Նախ մեծ բացօթյա միջոցառումներին, եթե կենդանի ես կատարում, քամին ձայնդ տանում է, տեխնիկան չի թողնում, որ ձայնդ ճիշտ հնչի: Այսինքն` տեխնիկան համապատասխան չի լինում, մինուսը բարձր է լինում, քո ձայնը` ցածր, կամ հակառակը: Երբ մեր հայտնի հայրենակիցը` աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, եկավ Հայաստան ու Հանրապետության հրապարակում մենահամերգ տվեց, Գերմանիայից 500 տոննա տեխնիկա էին բերել: Իսկ մեզ համար նույնիսկ 5 տոննա չկա, բա մենք ինչպե՞ս երգենք: Դե մենք աշխարհահռչակ չենք, բայց մենք էլ երգիչ ենք, մեզ էլ պետք է այդպիսի հնարավորություն տրվի: Երբ ասում են` երգեք կենդանի, խնդիր չկա, կերգենք, բայց լավ տեխնիկայով ապահովեք: Չէ՞ որ վատ տեխնիկան իմ ձայնն աղավաղում է, չի թողնում երգեմ իր «թխկ-շխկով»: Դա է խնդիրը, որ նույնիսկ ամենալավ երգիչ-երգչուհիները չեն կարողանում, այսինքն` ոչ թե չեն կարողանում, այլ հնարավորություն չեն ունենում կենդանի կատարելու այդ նույն վատ տեխնիկայի պատճառով: Իսկ եթե տեխնիկան լավն է լինում, շատ երգիչներ կարող են երգել կենդանի եւ գեղեցիկ:
«ՄԵՆՔ ՄՅՈՒՍՆԵՐԻՑ
ՄԻ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՆՔ»
-Ժամանակին շատ համարձակ քայլի գնացիք` համագործակցելով «Արմենոիդս» խմբի հետ ու ժողովրդականը համեմելով ժամանակակից երաժշտության հետ: Ըստ Ձեզ, դա՞ էր ճանապարհը` մեր երիտասարդներին մոտեցնելու ժողովրդական երգերին:
- Անշուշտ: «Արմենոիդս» խմբի հիմնադիր-ղեկավար Էդգար Ռոստոմյանը հենց այդ նպատակն էր հետապնդում, որովհետեւ երիտասարդները, կարծես թե, հեռացել էին արմատներից: Եվ նա ժամանակակից ռիթմերով հրամցրեց երիտասարդներին ժողովրդականը, որպեսզի գրավի նրանց, եւ կարծում եմ` հաջողվեց: Շատ շատերից եմ լսել բացասական կարծիքներ, թե իբրեւ ի՞նչ է երիտասարդների հետ հայկական ժողովրդական երգելը: Բայց բացատրել եմ` հարգելի՛ս, մենք չենք աղավաղել հայկական երգը, երգում ենք այնպես զուլալ, մաքուր, ինչպես կա, պարզապես երաժշտական համեմունքներն ենք ավելացնում, որպեսզի մեր երիտասարդությունն ընկալի, ուրախանա այդ երաժշտության ներքո եւ մեկը մյուսին ժառանգաբար փոխանցի:
- Իսկ ինչո՞ւ համագործակցությունն ընդհատվեց:
- Չեմ կարծում` ընդհատվել է, սա ընդամենը դադար է, որովհետեւ Էդգարը ԱՄՆ-ում էլի աշխատում է: Կարծում եմ` անպայման ինձ կհրավիրի կամ ես կհրավիրեմ իրեն, եւ էլի կհամագործակցենք: Օրինակ, շուտով կկայանա իմ «35 տարի բեմում» համերգային տոնակատարությունը, եւ ես անպայման պետք է հրավիրեմ Էդգարին եւ այդ համերգին կմասնակցի «Արմենոիդսը»: Էդգարը միշտ ասում էր. «Տիկին Մադլեն, Դուք «Արմենոիդսի» այցեքարտն եք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

