Երեկ տեւական ժամանակ Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչներն ի նշան բողոքի փակել էին Երեւան-Գյումրի մայրուղու` գյուղին հարող ճանապարհահատվածը: Բանն այն է, որ գյուղում տեւական ժամանակ է խմելու ջուր չկա:
"Հարեւան գյուղացիք կտրել են մեր խմելու ջուրը, ջրի խողովակը ջարդել են, ամբողջ գյուղը ջուր չունի: Զավեշտն այն է, որ մենք խմելու ջուր չունենք, իսկ հարեւան գյուղը մեր հասանելիք ջուրը կտրել է, որպեսզի անասունների ջրի հարցը լուծի: Փաստորեն, ութսուն տունª հինգ հարյուր ընտրողով, մի հատ ֆերմայի չափ չկա: Այ էդ փաստն է մեզ զայրացրել ու հասցրել փողոց: Պատկերացնում եք` խմելու ջուրն ինչ է, որ էսօր էդ մեր գյուղում դեֆեցիտ է: Մենք մեր անձնական միջոցներով փող ենք հավաքել խողովակ առել` ջուրը բերինք հասցրինք գյուղ, ու երեկ առավոտ պարզվեց, որ էդ տրուբեքըª ամբողջ տասներկու մետր ջրագիծը, ջարդել են: Պատկերացրեքª յալվարով մի լիտր ջուր ենք վերցնում հարեւան գյուղից, որ առավոտ լվացվենք հելնենք գյուղամեջ: Չեք հավատա, բայց մի բաժակ ջրի համար իրար կոկորդ ենք կրծում, դե ձեր հաշիվը վերցրեք",- անդրադառնալով բողոքի նման կերպ արտահայտման պատճառներին` մեզ հետ զրույցում ասաց Եղնիկ գյուղի բնակիչ Հայկը: Նշենք, որ գյուղացիներին ընդառաջ է գնացել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով բնակիչներին խոստացել է վերանորոգել ջրի խողովակը, որտեղից ջուրը չի հոսում: Գյուղացիների հետ պայմանավորվեցին մարզպետարանում ստեղծել մի հանձնաժողով, որը հատուկ այս խնդրով կզբաղվի: Մարզպետը վստահեցրել է, որ խնդրով անձամբ կզբաղվի եւ հնարավորինս արագ կլուծի գյուղացիների բարձրացրած խնդիրը: