ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԱՆՑԵԼ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԱՆՑԵԼ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Հայաստանյան տնտեսական հարթությունում, կարծես թե, գլոբալ նոր իրավիճակ է առաջացել, որի ազդեցությունը կարող է մինչեւ իսկ գլոբալ քաղաքական հարթություն հասցնել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը ստվերի եւ առաջին հերթինª խոշոր բիզնեսում տիրող ստվերի դեմ պայքարի ռազմավարություն հռչակեց:ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՑՈՒՅՑԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Խոշոր ստվերի դեմ պայքարելու մասին կառավարական հայտարարություններ մեր երկրում մեկ անգամ չէ, որ հնչել են: Եվ այս նոր հայտարարությունն էլ, սկզբնական ժամանակաշրջանում ընկալվում էր, որպես նախորդների կրկնություն: Բայց որոշ ժամանակ անց սկսեց նկատվել այլ իրողություն: Կառավարությունը նախ հայտարարեց խոշոր բիզնեսի նկատմամբ ամնիստիայի պես մի բան` պայմանով, որ կամավոր դուրս կգան ստվերից: Որոշ բիզնեսներ դուրս եկան, որոշներըª մասամբ դուրս եկան, մյուսներն էլ, համարելով, որ խոսքն ընդամենը ստվերի դեմ պայքարի իմիտացիայի մասին է, որոշեցին դեռ սպասել: Բայց հաջորդեցին հերթական քայլերը: Այսինքնª մի կողմից հարկային համակարգը իրականում լրջորեն սկսեց զբաղվել խոշորների հաշվապահությունով, մյուս կողմից էլª շրջանառության մեջ մտան մի շարք նոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նախատեսում են հիմքից նվազեցնել ստվերային ապրանքաշրջանառությունը, ամեն ինչ տեղափոխել փաստաթղթային դաշտ, որն իր հերթին խոշոր բիզնեսին էլ է պարտադրում անցնել փաստաթղթավորված առեւտրի, որի պարագայում ստվերային խաղերի հնարավորությունը հասնում է նվազագույնի:
Եվ դժվար չէ նկատել, որ հենց այդ կարգի մեխանիզմների կիրառումն էր, որ կարծես թե սկսել է լրջորեն մտահոգել հայաստանյան օլիգարխիային, ինչի ապացույցներից մեկն էլ հագուստի առեւտրով զբաղվող փոքր ձեռնարկատերերի հայտնի բողոքներն էին: Մի փոքր հետադարձ հայացք գցելով այդ իրադարձությունների` վրա դժվար չէ նկատել, որ դրանց հիմքում դրված էր աբսուրդի նմանվող պահանջ: Պատկերացրեքª մարդիկ դուրս էին եկել այն օրենքի դեմ, որն իրենց համար նախատեսում էր հարկերի էական նվազեցում: Դուրս էին եկել մտավախությամբ, որ չեն կարող մեծածախ բիզնեսից փաստաթղթեր ստանալ եւ իրենց հերթինª մանր առեւտուրը փաստաթղթավորել: Եվ այդ, այսինքնª խոշոր բիզնեսից փաստաթղթեր ստանալ չկարողանալու վախն առեւտրականների մոտ այնքան սուր էր դրված, որ մարդիկ ստիպված գնում էին աբսուրդ պահանջիª թող մեր հարկերը բարձր լինեն, միայն թե փաստաթուղթ չտանք: Միեւնույն ժամանակ այն, որ մանր առեւտրականների մոտ այդ վախն արհեստականորեն սրվեց հենց մեծ բիզնեսի ջանքերով, այսինքնª որ իրականում այդ բողոքների տակ հենց օլիգարխիան էր կանգնած, դեռ այն օրերին էր ակնհայտ: Ընդ որում, խոսքն ամենեւին էլ միայն բողոքող առեւտրականներից "փոխանցումն ընդունած" ԲՀԿ-ական օլիգարխիայի մասին չէ, որը ժամանակին նույն օրենքին կողմ արտահայտված լինելով, հետագայում դարձավ դրա ջերմեռանդ հակառակորդներից մեկը: Չէ, բացի նրանցից, նույն պահին, որպես այդ ցույցերի ստվերային կազմակերպիչներ, շրջանառվում էին նաեւ այլ ուժեր, այդ թվումª ՀՀԿ-ն ներկայացնող խոշոր գործարարների անուններ: Այսինքնª ինչքան էլ, որ խնդիրը հանրությանը հրամցվում էր որպես միայն փոքր ձեռնարկատիրությանը վերաբերող եւ տնտեսականից քաղաքական հարթություն տեղափոխված հարց, սակայն իրականում այն հիմքում ուներ օլիգարխիա-պետություն` գնալով ավելի տեսանելի դարձող խորը հակասություն:
ՕԼԻԳԱՐԽՆԵ՛Ր ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք
Իհարկեª միայն փոքր ձեռնարկատերերի հետ կապված այդ պատմությունը չէ, որտեղ այդ հակասությունը տեսանելի է դառնում: Ավելին ասենքª դա շատ ավելի ցայտուն է երեւում վերջին ժամանակների ԲՀԿ-ական հանրահավաքներում հնչող մի շարք պահանջներից: Խոսքն այն բազում շեշտադրումների մասին է, որոնցով նաեւ այդ հանրահավաքները փորձում են կապել փոքր ձեռնարկատիրության աջակցության գաղափարի հետ: Նման պահանջները, իհարկե, կարելի էր նաեւ միանգամայն արդարացված եւ ազնիվ համարել, եթե չլիներ մի մեծ բայց...
Չէ՞ որ այդպիսով փոքր բիզնեսի շահերի մասին են խոսում մեծ բիզնեսի եւ օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչները: Եվ դա այն դեպքում, երբ առհասարակ, իսկ Հայաստանում էլ շատ ավելի մեծ չափով` փոքր եւ մեծ բիզնեսներն իրար բնական մրցակիցներ են: Երբ խոշոր բիզնեսը կոկորդիլոսի արցունքներ է թափում, թե փոքրի հարկային բեռը պետք է փոքրացնել, իրավիճակը դառնում է տարօրինակ այնքանով, որ նույն կերպ պատրաստակամություն չի հայտնում` փոքր բիզնեսից կրճատվելիք հարկային բեռը կամավոր իր վրա վերցնել: Մինչդեռ իրավիճակը առավել քան պարզ է. օլիգարխիան ցանկանո՞ւմ է, որ փոքր բիզնեսը զարգանա, եթե` այո, ապա նախ ինքը պետք է բարի լինի մամլիչները թուլացնել, իր եկամուտից մի քիչ ավել փոքրերին թողնել, եւ հետո արդեն, եթե կարիք կա, նոր միայն պետությունից փոքրերին նպաստող օրենքներ պահանջել, այն էլª միանգամայն կոնկրետացված, թե հատկապես ինչը փոխենք, որ փոքր բիզնեսը զարգանա:
Մինչդեռ միանգամայն հակառակն է. երբ պետությունն է միջոցներ ձեռնարկում` փոքրերի հարկերը կրճատելու եւ այդ բեռը խոշորի վրա տեղաբաշխելու ուղղությամբ, օլիգարխիան անգամ չի բարեհաճում մանրերին վստահեցնել, որ պատրաստակամ է հետայսու տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնց հաշվին փոքր բիզնեսը կկարողանա տեղավորվել ցածր հարկային դաշտում: Չնայած մյուս կողմից էլ այն փաստը, որ վերջին ամիսներին մի շարք խոշոր բիզնեսներ ոչ թե մի քանի տոկոսներով, այլ անգամներով եւ տասնյակ անգամներով են սկսել մեծացնել վճարած հարկերի ծավալները, էլի հետաքրքիր մտորումների տեղիք են տալիս: Տեսեքª մի կողմից ասում են, թե երկիրը չի զարգանում, մյուս կողմից էլª անգամներով ավելացնում են վճարած հարկերը: Եվ ենթադրությունը մեկն է. այդ ավելացումը ոչ թե աճի, այլ մինչեւ այս պահն ունեցած խորը ստվերի հաշվին է: Եթե տարիներ շարունակ նման փողեր են գրպանել պետությունից, ապա նման մարդկանց լացուկոծին հավատալը առնվազն միամտություն կլիներ: Կամ եթե միայն հիմա են որոշել փոքրերի դարդով տառապել, ապա չէ՞ որ այդ դարդի ակունքներում հենց իրենք են կանգնած: Եվ վերջապես, եթե այս պահին են հենց այդª մանր բիզնեսի վիճակը թեթեւացնելու հարցով ողբ կապել, երբ իրենց կամքից անկախ են ստիպված նախª փոքր բիզնեսին օրինական աշխատելու հնարավորություն տալ եւ իրենց հերթին ստվերից դուրս գալու վտանգի առաջ կանգնել ու բազմապատկել վճարած հարկերը, ապա այդ լացուկոծն ու փոքրերին այս ամենի դեմ հանելու փորձերն սկսում են օլիգարխիայի կողմից պետությանը դեմ գնալու քայլերի նմանվել: Պետություն, որը նրանք ձեռքից բաց են թողնում եւ հիմա ամեն ինչ պետք է անել` ետ վերցնելու համար:
Եվ չմոռանանք վաղուց մեր կողմից հնչեցրած այն կանխատեսումը, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը օլիգարխիան իր համար մեծ վտանգ է համարում, մի շարք մոնոպոլիաներից զրկվելու ռեալ իրավիճակ, եւ կպայքարի դրա դեմ: Դե, մարդիկ էլ պայքարում են, ասենք, փոքր բիզնեսին աջակցելու համար. բա հո չէին ասելու, թե իրենց կռիվը Եվրասիական միության դեմ է:
ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ընդ որում, կառավարությունից դժգոհությունը միայն ԲՀԿ-ական խոշոր բիզնեսի դեպքում չէ: Բերենք հակառակ օրինակը, երբ արդեն ՀՀԿ-ական ոչ անհայտ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է նման մտորումներ հնչեցնում. "Ես տեսնում եմ դիմադիր եւ ընդդիմադիր դաշտում մարդկանց, ովքեր ազնիվ են իրենց մոտեցումներում ու քայլերում, որանք շատ հարգված են իմ կողմից: Բայց եւ քիչ չեն, այսպես կոչված, թանի ճանճերը, որոնց գլխավոր խնդիրն ուրիշի ձեռքերով շագանակներ հանելն է": Եվ ապա "թանի ճանճերի" թեման տեղափոխում է վերջին ժամանակներս բավականին քննարկված հղիության նպաստների դաշտ` ծանր մեղադրանքներ ներկայացնելով կառավարությանը. "Ինչ վերաբերում է հնչող մոտեցումներին, թե բյուջեում փող չկա, ապա կարծում եմ, որ նույնիսկ տնտեսագիտության այբն ու բենն իրարից չտարբերողները լուրջ չեն ընդունում նման փաստարկները: Շինարարությունից ու այլ ոլորտներց "տանելու" համար կա, "ատկատների" համար կա, տարաբնույթ գործուղումների ու ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞": Այնուհետեւ Կ. Կարապետյանը ուղղակի մեղադրում է Հովիկ Աբրահամյանի կառավարությանը` անկարողության մեջ. "Ես 20 տարի քաղաքական դաշտում եմ ու համոզվել եմ, որ հաճախ կառավարությունների համար նման իրավիճակն ուղղակի գործելաոճ է. չկարողանալով իրականացնել քայլեր, որոնք օգտակար կլինեն ու հասարակության սրտով, հանդես են գալիս, մեղմ ասած, վիճելի նախաձեռնությամբ, ինչը հանրությանը հրամցնում են որպես լավություն":
Այս խոսքերն ասող պարոն Կարապետյանն այդ տարիներին ոչ թե պարզապես քաղաքական դաշտում է, այլ մշտապես եղել է բարձրաստիճան պաշտոնյա եւ հիմա էլ իշխող քաղաքական ուժի ղեկավար կազմի անդամ է, այսինքնª նրա կողմից այդքան քննադատված այն բոլոր "կառավարությունների" ստեղծման եւ գործունեության վերահսկման հարցում ուղղակի լծակներ ունեցողներից մեկը: Ումի՞ց է դժգոհում, իր թիմի կառավարությունի՞ց, եւ ո՞րն է այդ դժգոհությունը հրապարակային արտահայտելու խորքային պատճառը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

