"ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ"
Արխիվ 12-16"ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ"
Այն, որ Հայաստանի սպառողական շուկայում որոշ ապրանքների գների թանկացումը միանգամից բերում է այլ ապրանքների գների բարձրացման, նոր բան չէ: Ինչքանո՞վ են հիմնավորված այդ "երկրորդական" թանկացումները, կարեւոր չէ. կարեւորն այն է, որ նման ամեն առիթը արտադրողների համար լավ արդարացում է իրենց արտադրանքի գինը բարձրացնելու համարª ասել, թե համատարած թանկացում է: Նման հերթական թանկացումն է նկատվում կաթնամթերքի շուկայում, որը, ըստ Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի, հիմնավորված չէ: Ավելինª նույն շուկայում թանկացումներ նկատվում են նախորդ տարվանից սկսած, եւ ոչ ոք հստակ ոչինչ չի ասում, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի հետեւանքով են այդ թանկացումները. "Կաթը հաճախակի օգտագործվող սնունդ է, որի գները պետք է պետությունը շատ ուշադիր վերահսկի, որպեսզի անհիմն չբարձրացվեն: Այս խնդիրը կարգավորում է հակամրցակցային հանձնաժողովը, բայց նրա կատարած աշխատանքի արդյունքները մենք չենք տեսնում",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅԹՅԱՆԸ:
Գործընթացը, ինչպես փաստեց պարոն Հայթյանը, նախորդ տարվանից մինչեւ այժմ շարունակվում է: Եվ չնայած ահազանգերի պակաս չկա, սակայն այդպես էլ որեւէ փոփոխություն փոփոխություն չկա, եւ սպառողները շարունակում են ձեռք բերել թանկարժեք կաթ: Սրան զուգահեռ` տեղի են ունենում համատարած անօրինականություններ: Ըստ Ռ. Հայթյանի` կաթնամթերքի շուկայում վաճառում են կաթ եւ կաթնամթերքներ, որոնք շատ հաճախ ընդամենը կաթի փոշու վերամշակման արդյունք են: Սակայն այդ մասին պիտակի վրա ոչինչ գրված չէ. "Չոր կաթի արտադրությունը չի արգելվում, սակայն օրենքը պահանջում է, որ անպայման նշվի, որ տվյալ կաթնամթերքը արտադրված է չոր կաթով: Այդ արտադրողները այժմ էլ կան եւ նրանցից մեկ-երկուսը բավականին խոշոր ընկերություններ են: Ինչո՞ւ պետք է սպառողը սովորական եւ չոր կաթով պատրաստված կաթի համար վճարի նույն գինը: Սա մեծ խախտում է, որի մասին անպայման պետք է տեղեկացվի սպառողներին",- ընդգծեց Ռ. Հայթյանը:
Իսկ առհասարակ շուկայում կաթը վաճառվում է կրկնակի բարձրացված գներով: Մեր զրուցակցի խոսքով` ցավալի է, որ նույն կաթը գյուղացուց ձեռք են բերում խանութի գների համեմատ չնչին գներովª առնվազն կրկնակի էժան: Այսինքնª չարչարվող, արտադրողը գյուղացին է, իսկ հիմնական եկամուտը մնացել եւ մնում է այդ կաթն ընդամենը շշալցնող տնտեսվարողին:
Ինչ վերաբերում է գների առաջիկա փափախություններին, ապա Ռ. Հայթյան կարծիքով մինչ Ամանոր կաթի գները նույնը կմնան. "Առանց այն էլ սպառողի համար այսօր դժվար է ներկայիս գներով շուկայից կաթ ձեռք բերել. գնողականությունը շատ ցածր է: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ այն փաստը, որ մարդկանց մեծ մասը երկրից գնում է, արտադրողները պարզապես վախենում են ավելի բարձրացնել կաթի գները: Ի վերջո նրանք աշխատում են իրենց արտադրանքը իրացնելու վրա",- եկնաբանեց Հայթյանը:
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան յուրաքանչյուր եռամսյակը մեկ ուսումնասիրություններ է կատարում սպառողական շուկայում: Ռուբեն Հայթյանը հուսով է, որ հաջորդ եռամսյակում մատնաշած խախտումները գոնե հասցված կլինեն նվազագույնի. "Թե չէ այս պայմաններում տուժում է միայն սպառողը, հարված է հասցվում, թե՛ նրա գրպանին, թե՛ առողջությանը":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

