ԵՏՄ-Ն ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽԻ
Արխիվ 12-16
ԵՏՄ-Ն ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽԻ
Հոկտեմբերի 10-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Դրանից հետո Եվրամիությունը շարունակում է տարբեր խոստումներ տալ Հայաստանին: Սրա հետ մեկտեղª եվրոպաներից նաեւ խոսակցություններ են հնչում, թե պետք է ակտիվացնել հայ-թուրքական հաշտեցման թեման: Թե ինչու, կարելի է հասկանալ. հայ-թուրքական բաց սահմանների պարագայում ավելի հեշտ կլիներ Հայաստանին եվրոպաներով հրապուրել: Սակայն հայաստանյան վերլուծաբանների կարծիքով` սրանք փուչ խոսակցություններ են եւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ ընդգծեց.
-Հայ-թուրքական հարաբերություններն առաջին հերթին Հայաստանի եւ Թուրքիայի հարցն է եւ պայմանավորված չէ այս կամ այն միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությամբ: Խնդիրն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են այն դիրքորոշումներով, որոնք ունեն երկու պետությունները: Տվյալ պարագայում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հայ-թուրքական գրեթե գոյություն չունեցող հարաբերությունների վրա լուրջ անդրադարձ չի կարող ունենալ: Ավելի շատ հարաբերությունների հետագա զարգացումը պայմանվորված է պետությունների դիրքորոշումով, այլ ոչ թե ԵՏՄ-ով:
- ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեկնաբանեց.
- Թուրքիան 1996 թվականից Եվրոպական մաքսային միության անդամ է: Փաստորեն Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայ-թուրքական սահմանը դառնում է Եվրասիական եւ Եվրոպական մաքսային միության սահման: Կարծում եմ` երկու երկրների հարաբերություններում քաղաքական առումով լուրջ փոփոխություններ չեն լինելու, այսինքնª հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի: Սակայն տնտեսական առումով հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն` կապված ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, այլ Եվրասիական եւ Եվրոպական մաքսային միությունների հնարավորություններ հետ:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ նշեց.
- ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ակնհայտորեն ավելի դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք առանց այդ էլ այդ հարաբերություններում ճոխ դաշտում չենք գտնվում, եւ ԵՏՄ-ի փաստը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Եվ մինչեւ անգամ էլ, եթե ազդեցություն ունենար, սա պատճառ չէր կարող լինել, որպեսզի մենք հրաժարվեինք անդամակցել ԵՏՄ-ին:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
1. Որեւէ փոփոխություն չի լինի, քանի որ հայ-թուրքական հաշտեցման ջատագովը ոչ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ-ը -59%:
2. Միգուցե Թուրքիան ցանկանա Հայաստանի միջոցով մուտք գործել եվրասիական տարածաշրջան, որը կարող է ապագայում հայ-թուրքական տնտեսական կապերում որոշ փոփոխություններ առաջացնել -17%:
3. Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի ակտիվ տնտեսական շփումներ եւ կցանկանա դրանց համար նաեւ Հայաստանի սահմանն օգտագործել: Այսինքնª պետք է փոփոխություններ սպասել -6%:
4. Դժվարանում ենք պատասխանել -18%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

