ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ "ԵՌՅԱԿԻ" ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԻ ԿԱՊՈՒՄ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
"ԵՌՅԱԿԻ" ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԻ ԿԱՊՈՒՄ
"Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ "եռյակը"` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, "Ժառանգությունը", միասնաբար պետք է պահանջեն արտահերթ նախագահական ընտրություններ, ՀՀ նախագահի հրաժարականը, սակայն Ազատության հրապարակում արդեն եղել է երկու հանրահավաք, բայց վերոնշյալ պահանջները "եռյակի" կողմից միասնական կերպով չեն հնչեցվել: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ "Իրավունքը" մի քանի հարց ուղղեց "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:-Տիկին Փոստանջյան, եթե Ձեր կողմից բարձրաձայնված պահանջները "եռյակի" կողմից չեն հնչեցվում, ինչո՞ւ է "Ժառանգությունը" շարունակում համագործակցել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ, առավել եւս, եթե Դուք պնդում եք, որ "եռյակը" միասնական օրակարգ չունի:
- Երեւի, դա պետք է հղեք "Ժառանգություն" կուսակցության վարչությանը:
- Բայց Դուք "եռյակի" ուժերից մեկի` "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր եք:
- Այո: Ես կողմ եմ փոքր համագործակցությանը, բայց ավելին դեռ չի իրականացրել:
- Իսկ հույս ունե՞ք, որ կիրականացվի:
- Ես ինքս հույսեր չեմ կապում (նկատի ունի "եռյակի" հետ-խմբ.):
- Ինչո՞ւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, երբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ խոսողներին ջղաձգվողներ անվանեց, "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համարժեք պատասխան չտվեց:
- Այդ հարցերն ուղղեք պրն Հովհաննիսյանին:
- Բայց կոռե՞կտ եք համարում երկրորդ անգամ ջղաձգվող որակել "Ժառանգությանը":
- Քաղաքական գործիչը պետք է նման բառեր չօգտագործի, բայց երբեմն երեւի արդեն հունից դուրս է գալիս եւ օգտագործում է:
- Ինչո՞ւ "Ժառանգությունը" համարժեք ձեւով չի արձագանքում ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը:
- Ես կարծում եմ` բոլոր դեպքերում պատասխաններ տրվում են:
- Իսկ այդ պատասխանները համարժե՞ք են ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը:
- Դա թող հանրությունը գնահատի:
- Շատերը հոկտեմբերի 24-ին անհամբեր սպասում էին ԲՀԿ առաջնորդի ելույթին: Արդյո՞ք նրա ելույթը ծրագրային կարելի է համարել:
- Ես չէի սպասում այդ ելույթին: Առանձնապես չեմ էլ գնահատել այդ ելույթը:
- ԲՀԿ առաջնորդը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից որոշ պահանջներ հնչեցրեց: Արդյո՞ք այդ պահանջներին "եռյակի" մյուս երկու ուժերը համամիտ են:
- Ես ասում եմ`"եռյակը" դեռ փոքր համագործակցություն է, որը չունի միասնական օրակարգ:
- Ձեր ներկայացրած ութ կետերն ընդունվեցի՞ն "Ժառանգության" կողմից:
- Այս պահի դրությամբ ես պատասխան չունեմ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ԴԱՎԱՃԱՆ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐ ԴԱՎԱՃԱՆՆ ԵՆ
"Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրին կողմ քվեարկող անձինք կհամարվեն պետական դավաճաններ: Հայաստանի` ԵՏՄ անդամակցության վերաբերյալ "Ժառանգություն" կուսակցության վարչությունը նիստ կգումարի:
"Իրավունքի" այն դիտարկմանը` կարելի՞ է Զարուհի Փոսստանջյանի հայտարարությունից ենթադրել, որ ինքը պետական դավաճաններ է համարում նաեւ "եռյակի" կազմում ընդգրկված ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, որոնք սկզբունքորեն դեմ չեն այդ անդամակցությանը, տիկին Փոստանջյանը, ըստ էության, հստակ չպատասխանեց, միայն կրկնեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեն այդ պայմանագրին, նրանք պետական դավաճաններ են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

