"ԲՈՒՐԺՈՒԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ Է"
Արխիվ 12-16"ԲՈՒՐԺՈՒԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ Է"
"Իրավունքը" ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ զրուցեց ներքաղաքական իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ: "ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՈՂՄ ԵՆՔ"
-Պրն Մինասյան, նոյեմբերի 17-18-ի արտահերթ նիստով խորհրդարանում կքննարկվի ՀՀ-ի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը: Այս հարցի շուրջ ինչպիսի՞ն է ՀՅԴ-ի դիրքորոշումը:
- Մենք պետք է ամբողջությամբ ծանոթանանք պայմանագրին, որից հետո արտահայտենք մեր դիրքորոշումը: Նախնական մեր դիրքորոշումն այն է, որ ստեղծված իրավիճակում ԵՏՄ-ին այլընտրանք չունենալու, ինչպես նաեւ պետության անվտանգությունը առաջնահերթ համարելու համար կողմ ենք: Վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ է ունենալ պայմանագրի ամբողջական տարբերակը:
- Իսկ մինչ նոյեմբերի 17-18-ի արտահերթ նիստը ՀՅԴ-ն կհասցնի՞ ծանոթանալ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագրին ու դիրքորոշում արտահայտել:
- Կփորձենք: Հիմա մենք ցանկանում ենք ստանալ պայմանագրի տեքստը` վերջնական կարծիք արտահայտելու համար:
- Դուք մտավախություն չունե՞ք, որ եթե ՀՅԴ-ի վերջնական դիրքորոշումը` ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ դրական լինի, Դուք կարժանանաք պետական դավաճան որակմանը, որը հնչեցրել է օրեր առաջ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
- (Ծիծաղում է-խմբ.): Նման գնահատականներ հնչեցնելը յուրաքանչյուր անձի իրավունքն է, բայց ես երբեք չէի իմանա, որ Զարուհի Փոստանջյանը նման անհեռանկարային գնահատական կհնչեցնի, առավել եւս, երբ նման գնահատականները բերում են հակադարձումների: Պետական դավաճանությունը իրավական կատեգորիա է եւ պետք է հստակ սահմանվի: Կարծում եմ` բոլոր գիտակից մարդիկ պետք է ծանրակշիռ որոշումներ կայացնեն, ուստիեւ անհեթեթ որակումները չեմ պատրաստվում վերլուծել:
- "Եռյակը" պահանջում է ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն, որը իրականում հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումներից հետո, որին դեմ է եռյակը: Ինչպե՞ս եք սրան վերաբերվում:
- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում տրված ախտորոշումները լիարժեքորեն համապատասխանում են մեր մոտեցումներին, առանձին դեպքերում մենք հանդես կգանք որոշակի պարզաբանումներով եւ ցույց կտանք, թե որքան կարեւոր է սահմանադրական բարեփոխումներով ստեղծել իրական հիմքեր իշխանափոխության համար: Սահմանադրական բարեփոխումներ հնարավոր չէ պատկերացնել` առանց ընտրական օրենսգրքի արմատական փոփոխության:
"ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՆ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ
ՄԱՐԴԱՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ"
-ԱԺ նախագահը վերջերս հայտարարեց, որ ոչ իշխանական "եռյակը" ուզում է բուրժուադեմոկրատական հեղափոխություն անել, քանի որ նպատակ ունի, որ իշխանություններն անցնեն խոշոր բուրժուազիայի ձեռքը, այսինքն` օլիգարխների: Արդյո՞ք ԱԺ նախագահի այս հայտարարությունը հաշվի առելով է նաեւ, որ սոցիալիստական կուսակցություն համարվող ՀՅԴ-ն չմիացավ "եռյակին":
- Նախ ասեմ, որ միանալ-չմիանալու խնդիր չկա: Իսկ ո՞վ ասաց, որ "քառյակը" մեկ միավոր էր: Ի սկզբանե ԱԺ չորս խմբակցություններ ձեւավորեցին համագործակցության նոր պլատֆորմ` կոնկրետ հարցերի շուրջ համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար: Մենք ունենք մեր ճանապարհն ու մեր մոտեցումները: Կարծում ենք, որ համակարգային փոփոխություններ ու իշխանափոխություն անելու հիմքն ընտրական համակարգն է: Ընտրություններով է պետք է անել իշխանափոխություն, ոչ թե անձնափոխությամբ կամ մարդափոխությամբ: Բուրժուադեմոկրատական հեղափոխության դարաշրջանը վաղուց անցել է: Հեղափոխությունը պետք է իրականացնել սահմանադրական հենքի վրա:
- ՀՅԴ-ն իրեն համարո՞ւմ է ընդդիմության ընդդիմություն, որը Սերժ Սարգսյանի բարեկամն է: Այսպես է արտահայտվել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքին:
- Ով նման որակումներ է տալիս, չի պատկերացնում ինչի մասին է խոսքը: Մենք ընդդիմություն ենք գործող իշխանությանը` մեր մոտեցումներով: Նրանք, ովքեր չեն ընդունում մեր տեսակետը եւ փորձում են այլ ծայրահեղ մոտեցումներով ներկայացնել մեր տեսակետը, փորձում են ավելի արմատական երեւալ: Իմ կարծիքով` նրանք իրական հիմնարար փոփոխություններ չեն ցանկանում: Նրանք ընդամենը ցանկանում են պաշտոնների նվաճում, որը մեր սկզբունքային մոտեցումներին չի համապատասխանում:
- Վերջերս քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը "եռյակին" համեմատել է "ապոկալիպսիսի ձիերի" հետ, որոնք օր օրի մարում են: Արդոք կարելի՞ է ասել, որ ՀՅԴ-ն չցանկացավ Հայաստանի գլխին ապոկալիպսիս բերել եւ չմիացավ "եռյակին":
- Ես ընդհանրապես մերժում եմ "եռյակի" մասին որեւէ խոսք ասելը: Աստված իրենց հետ: Բայց բոլոր պետք է գիտակցենք` ո՛չ "եռյակ", ո՛չ "հնգյակ" որեւ էական ձեւաչափ չպետք է առաջնորդվի իր նեղ անձնական շահերով: Պետք է ցանկացած ուժ իր գործունեության հիմքում դնի պետության ու հայրենիքի շահը:
"ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՐԺԵԼԻ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ,
ՈՐԸ ԽԱԹԱՐՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ"
-Վերջին շրջանում համասեռամոլների լոբբինգով զբաղվող մի շարք ՀԿ-ներ հարձակվում են խոսքի ազատության իրենց իրավունքից օգտվող լրատվամիջոցների վրա: Ավելին` չեն ընդունում, որ դատական գործընթացների ժամանակ դատարանն արդարացնում է այն լրատվամիջոցներին, որոնք քննադատում են ազգավնաս գործունեություն ծավալող խմբերին, օրինակ, համասեռամոլների լոբբիստներին: Իսկ այս նույն ՀԿ-ները դատարանին ու ավանդական կողմնորոշմամբ լրատվամիջոցներին համարում են ֆաշիստներ: Արդյո՞ք այդպիսի քննադատությունը Դուք ֆաշիզմ եք համարում եւ ինչպե՞ս եք վերաբերվում նման ՀԿ-ների խիստ ակտիվացմանը:
- Դա այն թեման է, որ, այսպես ասած, իմ քարը ծանր է: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հասարակության մեջ ազգային արժեքներն ու ավանդույթները պահպանելը համար առաջին կարեւոր պայմանն է: Եթե դու արժանի զավակը չես քո ազգի, դու չես կարող մարդկության համար պիտանի անձնավորություն լինել: Ինձ համար մերժելի է ցանկացած մոտեցում, որը խաթարում է ազգային հենասյունը, որի կենտրոնական տեղում ընտանիքն է:
- Եթե մի պահ մոռանանք մեր ազգային արժեքները, չե՞ք կարծում, որ նման ՀԿ-ներն են բռնանում լրատվամիջոցի, քաղաքացու ազատ արտահայտվելու վրա:
- Ես ընդհանրապես ունեմ իմ պատկերացումները խոսքի ազատության մասին եւ չեմ ցանկանում դրանք քննարկելի դարձնել: "Ֆաշիզմ" բառն օգտագործելուց առաջ պետք է հասկանալ ու խորամուխ լինել այդ բառի էության մեջ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

