ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
ԱԺ հանձնաժողովական քննարկումների ժամանակ երբեմն զարմանալի բաներ են տեղի ունենում: Այսպես, էներգետիկայի փոխնախարար ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ միջեւ շատ հետաքրքիր վեճ գնաց: Տիկին Բիշարյանը բարձրացրեց հարց, որ ահագին օբյեկտատերեր հոսանքի ձախ գիծ ունեն եւ բարձրացրեց սպառողի հաշվին այդ կորուստների հարցը չլուծելու խնդիրը: Փոխնախարարն առաջարկեց, որ տիկին Բիշարյանը անուններ փոխանցի, ինչին ի պատասխան տիկինը փրփրեց. "Եթե դուք մտածում եք, որ ես պետք է գործ տամ որոշ մարդկանց վրա, սխալվում եք": Կարճ ասած, լավ իմացեք` Հեղինե Բիշարյանը "գործ տվող" չի: Բայց մի՞թե դա խորհրդարանում հնչեցվելիք բառապաշար է, առավել եւս, որ հանցագործությունների պարագայում հենց "գործ տվողի" հանգամանքն է հաճախ հանգեցնում դրանց հանրային պարտակմանը:
Սակայն առավել զարմանալի բաներ են հնչում ԱԺ-ից դուրս, ու դրանց հեղինակները երբեմն լինում են ԽՍՀՄ ժամանակաշրջանի քաղբանտարկյալները: Այսպես, ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ կարծում է, թե Մոսկվայում են կազմում մեր խորհրդարանի ցուցակները. "Եթե դաբրոն կա, ՀՀԿ-ի հրավիրյալները` լեգեոներները, կանցնեն ծառայության "Բարգավաճին" եւ էվոլյուցիոն իշխանափոխությունը տեղի կունենա, եթե, իհարկե, Ռուսաստանը ցանկանա դա": Զարմանալի է, թե ինչ ընկալումներ ունեն ռուսների մասին, դեռեւս գլուխները չի մտնում, որ ԵՏՄ-ն ԽՍՀՄ չի ու երբեք այդպիսին չի դառնա: Համ էլ, անգամ եթե համարենք, որ Մոսկվան ամենաքըխն է, ապա ռուսի ասած` ինչ իմաստ ունի "բիզը սապոնով փոխարինել":
Քաղաքագետ, նախկին դեսպան ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ փայլուն հետազոտություններ ունի Հայ դատի ու մասնավորապես Սեւրի դաշնագրի ոլորտում: Սակայն նա այն աստիճանի չի սիրում ռուսներին, որ հնչեցնում է տարրական քաղաքագիտական տրամաբանությանը հակասող բաներ: Խոսքը կրկին ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու առասպելի մասին է. "Հնարավոր է առաջիկա 5 տարիների ընթացքում ձգձգեն եւ մաքսակետ չտեղադրեն, սակայն եթե մերոնք չհամաձայնեն Հայաստան-Արցախ սահմանին մաքսակետեր դնել, ապա չորով դնել կտան": Զարմանալի է, մի՞թե ռուսը, բելառուսը, ղազախը էլ բան ու գործ չունեն, որ զբաղվեն մեզ այդպիսի ախմախություն պարտադրելով: Համ էլ, հայեր ջան, չեք հոգնել "Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ" կանչելով: Մի՞թե չեք ընկալում, որ, կոպիտ ասած, դրանով ինքներդ ձեր վրա կռռում եք:
Եվ վերջում մի փոքր բռնենք մեր ՖԵՄԻՆԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ վախը: Նրանք բոլորն անշուշտ երազում են, որպեսզի մեզանում Մայդան տեղի ունենա: Դե, Կիեւի Մայդանում էլ նույնիսկ պաստառների վրա գրում էին, որ չեն ուզում Մաքսային միություն, այլ ուզում են ասեղնագործ ներքնազգեստ: Եվ ի՞նչ շարունակություն ունեցավ այդ Մայդանը, օրինակ, Լուգանսկ քաղաքում: Այդտեղ հայտնի աշխարհազորային հրամանատար Ալեքսեյ Մոզգովոյը օրերս հայտարարեց, որ իր մարտիկները ձերբակալելու են ցանկացած աղջկա, ում կտեսնեն որեւէ սրճարանում, ռեստորանում, կամ այլ զվարճավայրում: Ինչ էին ուզում եւ ինչ ստացան: Զարմանալի է, մի՞թե ձեր ուզածն էլ նման մի բան է...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

