Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ՕԵԿ-Ը ԿՐԿՆԱԿԻ ՄԵՐԺՎԵՑ
Արխիվ 12-16Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ՕԵԿ-Ը ԿՐԿՆԱԿԻ ՄԵՐԺՎԵՑ
Երեկ կառավարության նիստի ժամանակ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մերժվեց: Ինչպես նշեց ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ. «Այն չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը, համարժեքությանը, անձի ակտիվության դրսեւորման եւ ինքնօգնության ունակությունների զարգացմանը»: Բայց սա դեռ ամենը չէր, քանի որ նույն ՕԵԿ-ական պատգամավորները եւս մեկ անգամ մերժվեցին կառավարության կողմից: Գործադիրը աննպատակահարմար համարեց նաեւ վերջիններիս ներկայացրած մեկ այլ նախագծի ընդունումը, որով առաջարկվում էր լրացում կատարել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում: Այս լրացմամբ ՕԵԿ-ական պատգամավորները պահանջում էին, որ տարիքային շեմ սահմանվի բուհական ՊՈԱԿ-ների եւ կրթական հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների համար:
Քանի որ շուտով կսկսեն տեսակետներ հնչել, որ այս մերժումները պայմանավորված են ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալով, «Իրավունքը» շտապեց առաջինը պարզաբանում ստանալ ԿԳ նախարարից, սակայն պարոն Աշոտյանը չկորցնելով հումորի զգացումը` պատասխանեց. «Դա պայմանավորված էր բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշմամբ»:
Այնպես որ, ՕԵԿ-ի «չուզողը» ոչ թե կառավարությունն է, այլ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

