Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ՕԵԿ-Ը ԿՐԿՆԱԿԻ ՄԵՐԺՎԵՑ
Երեկ կառավարության նիստի ժամանակ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի ներկայացրած "Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին" ՀՀ օրենքի նախագիծը մերժվեց: Ինչպես նշեց ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ. "Այն չի համապատասխանում "Սոցիալական աջակցության մասին" ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը, համարժեքությանը, անձի ակտիվության դրսեւորման եւ ինքնօգնության ունակությունների զարգացմանը": Բայց սա դեռ ամենը չէր, քանի որ նույն ՕԵԿ-ական պատգամավորները եւս մեկ անգամ մերժվեցին կառավարության կողմից:
Գործադիրը աննպատակահարմար համարեց նաեւ վերջիններիս ներկայացրած մեկ այլ նախագծի ընդունումը, որով առաջարկվում էր լրացում կատարել "Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին" ՀՀ օրենքում: Այս լրացմամբ ՕԵԿ-ական պատգամավորները պահանջում էին, որ տարիքային շեմ սահմանվի բուհական ՊՈԱԿ-ների եւ կրթական հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների համար: Քանի որ շուտով կսկսեն տեսակետներ հնչել, որ այս մերժումները պայմանավորված են ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալով, "Իրավունքը" շտապեց առաջինը պարզաբանում ստանալ ԿԳ նախարարից, սակայն պարոն Աշոտյանը չկորցնելով հումորի զգացումը` պատասխանեց. "Դա պայմանավորված էր բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշմամբ": Այնպես որ, ՕԵԿ-ի "չուզողը" ոչ թե կառավարությունն է, այլ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ