Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան` Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակմամբ` թափուր էր մնացել վերոնշյալ պաշտոնը: Մինչ այս պաշտոնի վերաբերյալ տարբեր բամբասանքներ էին հնչում համացանցով մեկ, երեկ կառավարության որոշմամբ` Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Վայքի քաղաքապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Նորընտիր մարզպետը լրագրողների հետ խոսեց իր նշանակվելու մասին. "Սա քաղաքական որոշում էր, բայց նաեւ ես ունեմ աշխատանքային փորձ, կենսագրություն, զբաղեցրել եմ մի քանի պաշտոններ, տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին: Ինքս Վայքից եմ, ապրում եմ էնտեղ ու ապրելու եմ ու ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվում էի քաղաքապետ եղած ժամանակ": Ապա ի լուր վայքեցիների` հայտարարեց. "Ես պատկերացնում եմ մարզի դժվարությունները, որովհետեւ փոխմարզպետ էլ եմ եղել, բայց պետք է աշխատել: Ես այդ դժվարությունը վերցրել եմ ու աշխատելու եմ թափանցիկ": Հավելենք, որ Հարություն Սարգսյանը 1996 թ.-ից աշխատանքի է անցել Վայքի Հարկային տեսչությունում` զբաղեցնելով պետի պաշտոնը: Իսկ 2001-2005 թթ. աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչության պետ: