ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ ՍՐՏՈՎ ՉԷՐ
Առաջիկայում կլինեն կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում, ինչ արդյունքում գործադիր մարմնից կհանվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ կմիացվի ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Այս մասին երեկ` նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն, կարծես թե, այս փոփոխությունները բոլորովին էլ ԱԻՆ նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ սրտով չէր, ավելին` նույնիսկ տհաճ անակնկալ էր, ինչը ակներեւ էր կառավարության նիստից հետո: Խիստ անտրամադիր նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նախ նշեց, որ տեղյակ չէր վերոնշյալ կառուցվածքային փոփոխություններին, իսկ նոր նախարարությունում իր լինել-չլինելուն էլ պատասխանեց հետեւյալ կերպ.
"Եթե մեզ հանձնարարեն, մենք կղեկավարենք, եթե` ոչ, ուրեմն` ոչ": Ինչեւէ, սա դեռ ամենը չէ. այնուամենայնիվ, կառավարությունում տարածքային կառավարման նախարարի պաշտոնից զատ, դեռ կա նախարարի պաշտոնի թափուր տեղ: ՀՀ կառավարությունը մտադիր է համալրել իր կազմը մի նոր նախարարությամբ, որը կկոչվի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Այնպես որ, շատ շուտով "ՀՀ կառավարության կառուցվածքի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննությանը կամ քննադատությանը: