Վերջերս որոշ հայրենի լրատվամիջոցներ արջի ծառայություն մատուցելով ու թուրքերի ջրաղացին ջուր լցնելով` սկսել են լայնորեն քննարկել, վերլուծել ու ներկայացնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի "հարցազրույցը" ոմն թուրք պրոդյուսերի հետ: Ավելին` նույն աղբյուրները սկսել են գրել, թե իբր Ազնավուրը թուրքական մրցանակ է ստացել: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն տվել էր կարճ մեկնաբանություն.
"Շառլ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել եւ մրցանակ չի ընդունել": Բայց արի ու տես, որ ոմանք շարունակում են շահարկել թեման հայրենի ԱԳՆ-ին գոնե մի անգամ հավատալու փոխարեն` "հալած յուղի" պես ընդունելով թուրքական լրատվամիջոցների հերքումները: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել իրականում, եւ ինչո՞վ է ձեռնտու ընդդեմ Շ. Ազնավուրի այս նենգ արշավը, երեկ` կառավարության նիստից հետո, փորձեցինք պարզել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ: Սակայն վերջինս կայծակնային արագությամբ ճեղքեց ու անցավ լրագրողներիս` միայն նշելով, որ հոգնել է այդ կարգի հարցերից: