ԵՐԵՎԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ, "ԵՌՅԱԿԻ" ՓԱԿՈՒՂԻ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ, "ԵՌՅԱԿԻ" ՓԱԿՈՒՂԻ
Ամերիկացի քաղաքագետ, իր` ամերիկյան գործակալ լինելը այդպես էլ չժխտած Ռիչարդ Գիրագոսյանը ներկայիս չիշխանական միավորումը որակել էր "ապոկալիպսիսի ձիեր", որոնք 4-ն էին, դարձան 3-ը, այն էլ` "հոգնած", իսկ բուն "ապոկալիպսիսը" բնութագրել է "մարող": Աշխարհի վերջ նշանակող "ապոկալիպսիս" բառն այս ամերիկացու շուրթերում պետք է ընկալել որպես հայոց աշխարհի վերջ, եւ քանի որ նրա իսկ խոստովանությամբ, ձիերը "հոգնած" են, ապա ակամա վերհիշում ես հին ամերիկյան ֆիլմը` "Ուժասպառ ձիերին գնդակահարում են, այդպես չէ՞":
Բայց, խոշոր հաշվով, այդ ուժերը "գնդակահարելու" բան չեն` ոչ ուղղակի, ոչ էլ փոխաբերական իմաստով: Ցանկացած իշխանության մուրազն է ունենալ այդպիսի անարդյունավետ ընդդիմություն, ցանկացած իշխանություն փող կտա` այդպիսի ընդդիմություն ունենալու համար, իսկ տվյալ դեպքում "եռյակի" ֆինանսավորման աղբյուրը ներսում է...
"ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ" ՇՏԱԲՆԵՐ,
ԲԱՅՑ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ
Վերջապես ԲՀԿ-ն երկնեց քաղխորհրդի նիստ եւ որոշեց ստեղծել դեռեւս հոկտեմբերի 24-ից խոստացված շտաբները: Համապատասխան պաշտոնական հայտարարությամբ` նաեւ կետ առ կետ որոշված է, թե ԲՀԿ գործիչներից ով ինչի համար է պատասխանատու: Այսպես, "նարնջագույն" թեւի ներկայացուցիչներ Վարդան Օսկանյանին, Նաիրա Զոհրաբյանին եւ Ստեփան (Ղարագեբակյան) Մարգարյանին հանձնարարվել է ԱԺ չիշխանական կուսակցությունների հետ բանակցել "համաժողովրդական շարժման" քաղխորհուրդ ստեղծելու մասին, որին տրամադրվելու են ԲՀԿ երեւանյան եւ մարզային գրասենյակները, հաստատել դրանց աշխատանքների հիմնական ուղղությունները: Արտախորհրդարանական կուսակցությունները բաժին են հասել Միքայել Մելքումյանին, իսկ ամբողջ քարոզչական-տեղեկատվական բլոկը Տիգրան Ուրիխանյանի փայն է:
Վահան Բաբայանը եւ Էլինար Վարդանյանը զբաղվելու են ՀԿ-ներով, քաղաքացիական եւ այլ նախաձեռնություններով, Վահեն Էնֆիաջյանի գործն է համակարգել մասնակից ուժերի երիտասարդական հատվածը: Բացի այդ, Վարդան Սիվիլիթասիչին հանձնարարվել է աջակից միավորումներ ստեղծել Սփյուռքում:
Իսկ այդ ամբողջ նախատեսված ցանցի "զավխոզը" կամ պարետը լինելու է աղմկալի պատմություններով եւ հարազատ որդու հետաքրքիր արկածներով հայտնի Աբրահամ Մանուկյանը, ում գործն է լինելու նոր գրասենյակներ բացելը: Այսինքն` այդ կարեւոր հանգույցում լինելու է մի պատգամավոր, որը բավականին խոցելի է իշխանության համար:
Թվում է, թե այն, ինչ որոշվել է ձեւավորել, պետական հեղաշրջման ցանցային հսկա կառույց է: Թե ինչպես կվերաբերվեն իշխանությունները այդ ցանցի ստեղծման փորձերին (եթե իրականում դրանք լինեն) այլ հարց է, բայց ավելորդ չենք համարում անդրադառնալ ժամկետներին. "10. Նախորդ բոլոր կետերով լիազորված անձանց հանձնարարել երկշաբաթյա ժամկետում ներկայացնել կատարած աշխատանքի հաշվետվություն` ԲՀԿ նախագահին եւ ԲՀԿ քաղխորհրդին":
Այսինքն` լավագույն դեպքում նոյեմբերի 20-ին նոր-նոր ԲՀԿ ղեկավարին պետք է ներկայացնեն ցանց ստեղծելու աշխատանքների հաշվետվությունը, այսինքն` այդ ժամանակ կսկսվի (եթե սկսվի) միասնական գրասենյակների ցանցի գործունեությունը: Իսկ ինչպես հայտնի է, նոյեմբերի 14-ին ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը քննվելու է Սահմանադրական դատարանում, իսկ նոյեմբերի 17-18-ին տեղի է ունենալու դրա խորհրդարանական վավերացումը: Եվ մնում է փաստել, որ այդ առանցքային ամսաթվերին դեռեւս պատրաստ չի լինելու այն կառույցը, որը զորեղ ճնշման միջոցով կարողանա վիժեցնել Եվրասիական միության անդամակցության վավերացումը: Գործելու պահին արդեն իրոք ԵՏՄ անդամակցությունը 100%-ով լինելու է, ԼՏՊ-ի ասած, "անշրջելի իրողություն": Եվ կարելի է ասել, որ ամերիկացիների մուրազը` ԵՏՄ անդամակցությունը վիժեցնելու, մնալու է իրենց փորում, թեեւ շտաբային աշխատանքի առանցքային կետերը լինելու են ԲՀԿ օսկանյանական թեւի ձեռքերում:
Ինչ վերաբերում է "եռյակի" չարաբաստիկ հերթական հանրահավաքին, ապա, թեեւ Տ. Ուրիխանյանը տեղեկացրեց, որ հանրահավաքներ շատ են լինելու, այնուամենայնիվ, հայտնի է հետեւյալը` քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 31-ի, նոյեմբերի 7-ի եւ նոյեմբերի 14-ի հանրահավաքների իրազեկումը, որը նախատեսված է 16:00-ից 23:00: Պարզ է, որ "բոլշեւիկյան" նոյեմբերի 7-ին որեւէ հանրահավաք չի լինի, իսկ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով` առաջիկայում կճշտվի նոյեմբերի 14-ին հանրահավաք անցկացնելու հարցը: Այսինքն` "Ժառանգությունն" ակնհայտորեն ցանկանում է հանրահավաքը համատեղել ԵՏՄ-ի սահմանադրականության քննարկման հետ, սակայն էլի լինելու է հոկտեմբերի 10-ի պատմությունը` ինչպես այդ օրը ստորագրվել էր ՀՀ մուտքը ԵՏՄ, նոր միայն հանրահավաքներ սկսել, այդպես էլ առավոտյան ՍԴ-ն կճանաչի համաձայնագրի սահմանադրականությունը, նոր միայն կլինի հանրահավաքը: Հիմքեր կան ենթադրելու, որ նոյեմբերի 14-ը կլինի "Ժառանգության" կարապի երգը "եռյակի" կազմում, քանզի դա թերեւս վերջին հնարավորությունն է, որպեսզի արեւմտյան քարոզչամիջոցները ցույց տան Րաֆֆիի կրակոտ հակառուսական ճառը բազմահազարանոց ամբոխի ֆոնին: Դե, իսկ վավերացումից հետո, ինչպես կասեր ռուսը` "ուշ է բորժոմ խմել, երբ երիկամները քայքայված են":
ԱՇՈՒՆ, ԱՆՁՐԵՎ, ՁՅՈՒՆ ՈՒ ԲՈՒՔ
ՀՀԿ վերնախավից մի տեսակ կտրված ու ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը "քըխ" անվանող նիստերից մշտական բացակա պատգամավոր Կարեն Կարապետյանը իր հարցազրույցում այսպիսի զեղում է արել. "Ափսոսում եմ, բայց, չգիտես ինչու, ներկայիս քաղաքական հարաբերությունների, ներքաղաքական վիճակի մասին մտածելիս` մտքիս առաջին հերթին սիրված պոետի տողերն են գալիս. "Աշուն է, անձրեւ... Ստվերներն անձեւ, դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ: Անձրեւ ու անձրեւ...":
Ու, թեեւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի բերած եղանակի 20 աստիճանով ցրտելը արդեն փոխվել է տաքացումով, այնուամենայնիվ, դա յուրատեսակ տիեզերական նախանշան է: Ինչ հիշեցին դրա առնչությամբ քաղաքացիները` դե իհարկե, վաղաժամ այցելող ռուսական ձմեռը: Իսկ ձմռանը, ինչպես հայտնի է, ամենեւին էլ հարմար չէ գնալ հրապարակ` հանրահավաքին թամաշա անելու: Ու թեեւ ֆիզիկապես "ռուսական ձմեռը" նահանջեց, դա միգուցե երկնային հուշարարություն էր, որ քաղաքական առումով ոմանց համար այդպիսի "ձմեռը" մոտիկ է: Ու միանգամից` խոսակցություններ "եռյակի" ու իշխանության քաղաքական բանակցությունների մասին: Ռուբիկ Հակոբյանը հերքեց դա, բայց, այնուամենայնիվ, հետագայում չբացառեց բանակցությունների տարբերակը: Դե, եթե "եռյակի" ամենաընդդիմադիր եւ արմատական հատվածը` "Ժառանգությունը", դա չի բացառում, ապա մյուսները եւ հատկապես ԲՀԿ-ն հաստատ բացառող չեն: Եվ եթե դատենք ԲՀԿ-ականների հարցազրույցներից, ապա ստացվում է, որ օրինակ, ըստ Արագած Ախոյանի` իրենք նախագահի ու կառավարության հրաժարական չեն ուզում: Ճիշտ է, խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջի մասին, բայց ինչպես նկատեց ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանը` դրա մեխանիզմները բացակայում են:
Հիմա ինչ է սպասվում ԵՏՄ անդամակցության "անշրջելի իրողության" պայմաններում: "Ժառանգությունը" ԼՏՊ-ի ու ԲՀԿ-ի կողքին արդեն անելիք չի ունենա: Մնում է երկու նախկին նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մրցակցությունը ԲՀԿ-ի բովանդակ ռեսուրսի համար: Եթե ԲՀԿ-ի նախանշած գրասենյակների միասնական ցանցը ստեղծվի, ապա մրցակցությունը կընթանա հենց այդ ցանցի կառավարման շուրջ, եւ երկու նախկին նախագահները հաստատ ձգտելու են իրար "ֆռռացնել": Այսինքն` ինտրիգներ, ինտրիգներ, ինտրիգներ: Եթե իհարկե իշխանությունը չգերադասի հենց գլխանց բամփել այդ ցանցի գլխին` հենց ձեւավորման փուլում...
Իսկ թե ինչ է մտածում իշխանությունը` պարզ է դառնում ԱԺ նախագահի դիտարկումներից: Նախ` Գալուստ Սահակյանը նշեց, որ շարժումը լավ բան է, շատ բանի կարող է հասնել, բայց ոչ իշխանափոխության: Նա հիշեց նաեւ ԼՏՊ-ի հնչեցրած "բուրժուադեմոկրատական հեղափոխության" կատեգորիան եւ եզրակացրեց, որ "եռյակի" միջոցով բուրժուազիան մտադիր է տիրանալ իշխանությանն ամբողջությամբ:
Տվյալ դեպքում խոսքը, բնականաբար, ոչ թե ամբողջ բուրժուազիայի մասին է, այլ` օլիգարխիայի: Եվ իրոք պետք է սպասել, որ իրական խաղ ստվերում կփորձեն խաղալ հատկապես քոչարյանական օլիգարխիկ կլանի ներկայացուցիչները: Իսկ սա առաջին դեպքն է մեր պատմությունում, որ օլիգարխիան ձգտում է վերցնել իշխանությունը` լինի դա փողոցային ճնշումների, թե ստվերային անմաքուր խաղերի միջոցով: Մինչ այժմ բոլոր վարչակարգերը ձեւավորվել են այսպես` սկսած ՀՀՇ-ից. սկզբում վերցնում էին իշխանությունը, այնուհետ իշխանավորների մի մասը իր լծակներն օգտագործում էր օլիգարխ դառնալու համար: Իսկ հիմա փորձ է արվում գործարկել հակառակ սխեման, ինչը երկրի հեռանկարի տեսակետից հույժ բացասական է: Ու հենց այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները դարձել են օլիգարխիայի աչքի գրողը:
Բայց, կարծես թե, ռեալ լուրջ փորձեր չեն արվում այդ խաղի մեջ ներքաշել ամերիկացիներին: Համենայնդեպս, գոնե արտաքնապես այդպես է: Սակայն բոլոր դեպքերում առաջիկա երկու շաբաթներին արեւմտյան ծագում ունեցող քարոզչական փսիխոզը կհասնի այնպիսի հիսթերիայի, ինչպիսին դեռ երբեք չենք տեսել: Նախանշանները կան` բավական է տեսնել թեկուզ օսկանյանական հիմնարկների զազրելի եւ անբարոյականության վերջին սահմանագիծն անցած խաղը Շառլ Ազնավուրի անվան շուրջ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

