ԳՅՈՒՂԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ. ՀՈՒՅՍԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է
Արխիվ 12-16ԳՅՈՒՂԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ. ՀՈՒՅՍԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է
Ինչպես արդեն տեղեկացրել է «Իրավունքը», պատկան մարմինների հետ Շղարշիկ համայնքի ղեկավարը պետք է գնար Եղնիկի գյուղապետարան` խմելու ջրի խնդրով համաձայնության գալու:
Հիշեցնենք` երեկ եղնիկցիները փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին խմելու ջուր չունենալու համար: Ինչպես հետագայում պարզ դարձավ, եղնիկցիները մշտական վեճեր ունեն Շղարշիկ համայնքի ներկայացուցիչների հետ, քանի որ խմելու ջրի աղբյուրը նույնն է, եւ համայնքներից յուրաքանչյուրն իրենն է համարում խմելու ջրի աղբյուրը:
Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանը քիչ առաջ «Իրավունքի» թղթակցին հայտնեց, որ հնարավոր չեղավ եղնիկիցների հետ համաձայնության գալ: «Կանայք էին ավելի շատ միջամտում խոսակցությանը: Քանի որ համաձայնության գալ հնարավոր չեղավ, շղարշիկցիները վաղը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ գալու են վարչապետի մոտ: Ինձ հարիր չէ, որ ես վեր կենամ ճանապարհներ փակեմ, կներեք բառիս համար դերասանություն ու կապիկություն անեմ: Թող վարչապետը մեզ սովորեցնի, թե ինչպես կարող են գյուղերն իրար հետ չթշնամանալ»,-մանրամասնեց համայնքի ղեկավարը:
Մեր դիտարկմանը, եթե մարզպետը շղարշիկցիների հետ է գալու վարչապետի մոտ, կարելի է ենթադրել, որ մարզպետը շղարշիկցիների կողմն է, Հովհաննես Հարությունյանը բացասական պատասխանեց. «Մենք էս վերջին ժամանակահատվածում շատ խիստ նեղացած ենք իրարից (նկատի ունի մարզպետից-խմբ.): Եթե մարզպետը մեր շահերը պաշտպաներ… վեց տարվա մարզպետ է, վեց լումայի գործ չի արել մեզ համար: Իսկ Եղնիկ գյուղի 16 հոգանոց դպրոցը վերանորոգեց»:
«Իրավունքը» կապ հաստատեց նաեւ Եղնիկ գյուղի գյուղապետ Աշոտ Առաքելյանի հետ: Վերջինս ասաց, որ ինքը եւս շղարշիկցների հետ վաղը հանդիպելու է վարչապետին:
Սոնա Դավթյան

