«ՍՈՒՏ ԽՈՍԵԼԸ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԳՈՐԾ ՉԷ». ՇՂԱՐՇԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ԵՂՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ
Արխիվ 12-16«ՍՈՒՏ ԽՈՍԵԼԸ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԳՈՐԾ ՉԷ». ՇՂԱՐՇԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ԵՂՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ
Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն այսօր «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Եղնիկ գյուղի բնակիչների դժգոհություններին, ասաց, որ դրանց մեծ մասն իրականությանը չի համապատասխանում: «Մենք Եղնիկ գյուղի հետ ունենք խմելու ջրի խնդիր: Մենք ունենք սահմանափակ քանակով խմելու ջուր` վայրկյանում 1,5-2 լիտր, երբեմն այդքան էլ չկա: Կառավարության որոշման համաձայն` Թալինի ջրատարից երկու դյույմ խողովակաշարով ջուր է հասնում իրենց»,- վստահեցնում է համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք` երեկ եղնիկցիները փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին խմելու ջուր չունենալու համար: Ինչպես հետագայում պարզ դարձավ, եղնիկցիները մշտական վեճեր ունեն Շղարշիկ համայնքի ներկայացուցիչների հետ, քանի որ խմելու ջրի աղբյուրը նույնն է:
Պրն Հարությունյանի խոսքով` թե Եղնիկը, թե Շղարշիկը ջրի խնդիր ունեն: «Արդեն մի քանի տարի է` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից հետո, երբ անասունի ոտքը սարից կտրվում է, խմելու ջրի խիստ պակաս ենք ունենում, ավելին` մենք ոռոգման ջուր չունենք: Ջրամբար ունենք, որ տասը տարին մի անգամ չի լցվում: Եթե հալոցք եղավ, ջրամբարն ինչ-որ կերպ կլցվի, եթե ոչ, ջուր չենք ունենում»: Հետեւաբար, Եղնիկ գյուղապետի այն պնդումը, թե երբեւէ Շղարշիկ համայնքը խմելու ջրի խնդրի հարցը չի բարձրաձայնել, իրականությանը չի համապատասխանում. «Սուտ խոսելը տղամարդու գործ չէ»- ասաց Շղարշիկի գյուղապետը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ շղարշիկցիներն էլ են ցանկացել եղնիկցիների նման ըմբոստանալ, ճանապարհ փակել, բայց ինքը թույլ չի տվել. «Անհարմար է, ով ումից նեղանում է, ճանապարհ է փակում, նախագահին է բողոքում: Եղնիկցիները մեզ ասում են, որ խմելու ջրի աղբյուրը իրենց պապական ջուրն է, որից մենք չպետք է օգտվենք: Բայց էսօր պապական-տատական չկա: Էսօր այդ սահմանը, որտեղից թափվում է ջուրը, մեր տարածքում է: Անգամ պապական-տատական ժամանակներում մենք էդ ջրից օգտվել ենք»:
Անձամբ Հովհաննես Հարությունյանը խմելու ջրից օգտվում է օդամղիչով, այն էլ օրվա ընթացքում` 15-20 րոպե:
Ինչ վերաբերում է Եղնիկի գյուղապետի այն հայտարարությանը, թե եղնիկցիներն առվի ջուր են խմում, Շղարշիկ համայնքի ղեկավարն ասաց, որ Թալինի ոչ մի գյուղում նման բան չկա. «Թալինի ջրերի աշխատող մի մարդ կա, անունը չգիտեմ ինչ է: Մականունով պուպու են ասում, կուկու են ասում, չգիտեմ… էդ մարդն ասաց, որ այս պահի դրությամբ 2,5 դյույմանոց խողովակով Եղնիկ ջուր է մտնում, իրենց աղբյուրը չհաշված: Բա էդ ջուրն ո՞ւր է գնում, որ իրենք առվի ջուր են խմում»:
Եթե եղնիկցիները իրոք խմելու ջուր ունեն, ինչո՞ւ պետք է իրենց բան ու գործը թողած փակեին Երեւան-Գյումրի մայրուղին: Ի պատասխան մեր այս հարցադրմանը, Հովհաննես Հարությունյանն ասաց, որ օրվա մեջ թե եղնիկցին ու շղարշիկցին աշխատում են կես կամ մեկ ժամ իրենց տնտեսությունում, իսկ օրվա մնացած մասը քաղաքական հարցեր են քննարկում: «Գյուղերն էսօր պարապ-սարապ ոչ մի գործ չունեն, անասնապահությամբ էլ չեն զբաղվում: Մենակ պահանջում են երկրից: Անցած անգամ մարզպետի մոտ էիք: Ասում եմ, եթե վայրկյանում դուրս է գալիս չորս լիտր ջուր, վաթսուն տոկոսը թող գնա Եղնիկին, 40%-ը` Շղարշիկին, իսկ դրանից առաջ մարզպետի հետ վարչապետի ներկայությամբ պայմանավորվել էիք 50-50 տարբերակով: Եղնիկ գյուղապետը ձեռքը խփում է մարզպետի սեղանին ասում` ինչ ուզում ես արա, ինձ ջրով ապահովի: Կարո՞ղ է մարզպետը գնա չռչռաններից ջուր բերի»:
Շղարշիկ համայնքի ղեկավարը հերքեց նաեւ եղնիկցիների այն պնդումները, թե մարզպետն է մեղավոր եւ չի կարողանում վերջ դնել երկու գյուղերի թշնամանքին:
Սոնա Դավթյան

