ԵՎՍ ՄԵԿ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ` ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-16ԵՎՍ ՄԵԿ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ`
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ
Տարվա սկզբից բազմաթիվ միջոցառումներ ու հոբելյանական երեկոներ տեղի ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված: Սակայն, մեր օրերում վարպետն այն քչերից է, ում համար դեռ քիչ են այդ բազմաթիվ մեծարման երեկոներն ու միջոցառումները:
Այնուամենայնիվ, Նոյեմբերի 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տ. Մանսուրյան վարպետին եւս մեկ մեծարման` հոբելյանական համերգ, որը կկայանա ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Կայանալիք երեկոյի ընթացքում, Արամ Սուքիասյանի ռեժիսուրայով, անդրադարձ կկատարվի կոմպոզիտորի կինոերաժշտությանը եւ ֆիլմերին, կցուցադրվեն դրվագներ կոմպոզիտորի կենսագրությունից:
Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ. ղեկավար Էդ. Թոփչյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Ռ. Մլքեյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Ս. Հովհաննիսյան/, Երեւանի պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Հ. Թոփիկյան/, Իրինա Զաքյանը /սոպրանո/, Երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբ /դիրիժորական վահանակի մոտ՝ Տ. Մանսուրյան/:
Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են՝ Տիգրան Մանսուրյանի չարենցյան եւ իսահակյանական երգչախմբային շարքերը, «Դպիր տաղ կարդալն», «Խուտուտ–մուտուտ», «Ասացվածք հոր համար», «Կինոերաժշտություն» /պոպուրի/, «Պարտիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար /3-րդ, 4-րդ մաս/, «Ես իմ անուշ Հայաստանի», «Հավատով խոստովանիմ» /հայաստանյան պրեմիերա/ սիմֆոնիկ, վոկալ եւ խմբերքային ստեղծագործությունները:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

