«ՍԹԱՓՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ ԽԱՌՆԱԿԻՉՆԵՐ»
Արխիվ 12-16«ՍԹԱՓՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ ԽԱՌՆԱԿԻՉՆԵՐ»
Արի ու տես, որ վերջին շրջանում ոչ թե հայ, այլ վայ իրավապաշտպաններ սկսել են լաց ու կոծով բարձրաձայնել, թե Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ արցախյան պատերազմի տարիներին մի ադրբեջանցի գերու իր տանն է պահել ու խախտել Ժնեւի կոնվենցիան: Մինչդեռ նույն իրավապաշտպանները լռում էին, երբ մեր օրերում խոշտանգվում էր տավուշեցի գերին` կացնագործ ադրբեջանցիների ձեռքով: Ինչեւէ, թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային հերթական ծառայությունը մատուցելով` վերջին շրջանում նկատվում է ընդդեմ Մ. Գրիգորյանի եւ ընդհանրապես ԵԿՄ-ի բառարշավը: Էլ չենք ասում, որ ազատամարտիկներն էլ են սկսել չհանդուրժել միմյանց` հայտնվելով տարբեր քաղաքական թիմերում: Այս իրադարձությունները հաշվի առնելով` Երկրապահ
կամավորական երիտասարդական միության անդամ, ՀՀ սփյուռքի նախարարի նախկին խոսնակ, խմբագիր-գրող ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ կոչով դիմել է հանրությանը. «Ցավալի է, որ պատերազմ հաղթանակած ազգիս մարտիկների հասցեին թափվում են բազմաբնույթ բարբաջանքներն ու լուտանքները: Ցավալի է, որ հպարտանալու, սիրելու, հարգելու փոխարեն սեփական ստամոքսի պարունակության ու լիության մասին որոշ «մտածողներ» բռնել են վիրավորանքների, ատելության ու հոխորտոցներով իրենց գործն ի կատար ածելու ուղին»: Ապա հավելել է. «Մեծանում է սերունդ, մեծանում է հզոր կամքի տեր, հայրենասեր ու խելացի մի սերունդ, որին այս պահվածքի համար անհնար կլինի լռեցնելն ու ենթարկեցնելը: Սթափվե՛ք, պարոնայք խառնակիչներ, մի արատավորեք պարզն ու մաքուրը, իսկ Երկրապահն այդ մաքրության ու պարզության օրրանն է եղել Հայաստանի անկախության սկզբնավորման տարիներից, այն ապրում ու ապրեցնում է, ինչու չէ նաև ծաղկում ու ծաղկեցնում, իսկ պայքարի դաշտում բազմիցս ցույց է տվել հաղթելու և հաղթանակած լինելու վառ օրինակներ...»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

