ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է, ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՀԱՍՏԱՏՈՒՄ. «ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԶԱԶԱԾ ՍՊԱՍՈՒՄ Է»
Արխիվ 12-16ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է, ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՀԱՍՏԱՏՈՒՄ. «ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԶԱԶԱԾ ՍՊԱՍՈՒՄ Է»
«Իրավունքը» եւ մի շարք լրատվամիջոցներ երեկ անդրադարձել էին Եղնիկ գյուղի բնակիչների բողոքի ակցիային:
Հիշեցնենք` եղնիկցիները երեկ փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին, քանի որ արդեն երկար ժամանակ է` խմելու ջուր չունեն: Բողոքի ակցիայից ժամեր անց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին հաջողվեց համոզել գյուղացիներին բացել ճանապարհը: Այսօր «Իրավունքը» Եղնիկ գյուղի գյուղապետ Աշոտ Առաքելյանից պարզեց, թե, ի վերջո, եղնիկցիներն իրենց բողոքի ակցիայով ինչ արդյունքի հասան: «Ըստ էության, ոչ մի բանի էլ չհասանք: Գնացինք մարզպետարան, նստեցինք, խոսեցինք: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն առաջարկեց երեք լիտր ջուր մեր համայնքին որպես ջրազուրկ համայնքի, մեկ լիտրը`Շղարշիկին: Բայց այսօր Շղարշիկ գյուղի գյուղապետը զանգահարել է ինձ եւ ասել, որ մարզպետի առաջարկած տարբերակն իրեն ձեռնտու չէ: Ես էլ ասացի, որ քեզ ձեռտու չէ, ինձ ընդհանրապես ձեռք չի տալիս»:
Տեղեկացնենք` Շղարշիկն ու Եղնիկը սնվում են խմելաջրի նույն աղբյուրից, որն էլ կռվախնձոր է դարձել 2 գյուղերի միջեւ: Թեեւ Արագածոտնի մարզպետը խոստացել է խնդրին լուծում տալ, սակայն գյուղապետը, ով արդեն 12 տարի է ղեկավարում է Եղնիկ գյուղը, խոստումների չի հավատում: «Երկիր մոլորակին, մեզ էլ հետը կործանվելու համար մնացել է մի քանի տարի, սակայն եղնիկցին առայսօր առվի ջուր է խմում»,- վրդովված ասաց գյուղապետը: Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին ուղղված եղնիկցիների մեղադրանքներին, թե նա է մեղավոր, որ գյուղում խմելու ջրի չլուծվող խնդրի համար, գյուղապետն այսպես արձագանքեց. «Եթե ժողովուրդը մեղադրում է, ուրեմն ճիշտ է: Ես որպես պաշտոնյա շնորհակալ եմ Սարգիս Սահակյանից, որ նա գյուղի համար այսքան բան է անում, բայց թող իմ աչքը դա չմտցնեն: Ես իմ օրինական պահանջն եմ անում: Բայց եթե ավելի անկեղծ խոսենք, մարզպետը ջուր հատկացնող չէ: Նա պարզապես պետք է հաշտեցնի երկու գյուղերին ու վերջ տա այս կռվին-դավին»:
Եղնիկի գյուղապետին զայրացնում է այն հանգամանքը, որ ոչ մի անգամ Շղարշիկ համայնքը չի բարձրաձայնել խմելու ջուր չունենալու մասին, ավելին երեկ շղարշիկցիները սպառնալիքի տեսքով խորհուրդ են տվելմ գյուղապետին լռել:
Եղնիկ գյուղի խնդիրները, սակայն ջուր չունենալով չեն սահմանափակվում: Բացի խմելու ջրից, համայնքը նաեւ ոռոգման ջրի, գյուղամիջյան ճանապարհների նորոգման կարիք ունի: «Ծառերը դույլերով ենք ջրում, որ չչորանան: Վարչապետի աջակցությամբ նորոգեցինք դպրոցը, որտեղ գցել եմ վեց կմ ջրագիծ, բայց առայսօր դպրոցը ջուր չունի: Ամոթ էլ է ասելը, աշակերտներն իրենց բնական կարիքները պատերի տակ են հոգում»,- ասաց գյուղապետը:
Եղնիկցիները միաբերան որոշել են` եթե խմելու ջրի խնդիրը չլուծվի, իրենք նորից բողոքի ակցիա կկազմակերպեն, իսկ մինչ այդ, ինչպես ասաց գյուղապետը, պետք է առվի ջուրն օգտագործեն խմելու ջրի փոխարեն:
«Իրավունքը» կապ հաստատեց նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: վերջինս ասաց, որ հարցը լուծված է: Մեր հարցին` եղնիկցիները խմելու ջուր երբ կունենան, պրն Սահակյանն ասաց, որ եղնիկցիները հիմա էլ, առաջ էլ ունեցել են խմելու ջուր: «Շղարշիկ համայնքի հետ էլ ոչ վ եչ ու կռիվ չկա: Խմելու ջրի խնդիրը համարեք լուծված»,- հավաստիացրեց մարզպետը Մինչդեռ գյուղապետը մեզ հետ զրույցում հերքեց մարզպետի հայտարարությունը`ասելով. «Հարցը չի լուծվել: Ջրպետկոմի նախագահը, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Պատրիկ Լորենը լցված են Շղարշիկ եւ գալու են մեր գյուղապետարան: Իմ ժողովուրդը գազազած սպասում է նրանց: Ինձ կանչեցին Շղարշիկ, ես չգնացի»:
Խնդրի առնչությամբ պարզաբանում ստացանք նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեից: Մեզ հայտնեցին, որ թեեւ Արագածոտնի մարզը գտնվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի վերահսկողության տակ, սակայն Շղարշիկ ու Եղնիկ համայնքներին կոմիտեն չի սպասարկում լոկալ ոռոգման ցանցի առկայության պատճառով: Չնայած այս հանգամանքին, երեկվանից կոմիտեի աշխատակիցները Եղնիկ համայնքում են: Աշխատակիցները կամ Թալինի ջրատարից կփորձեն մեծ քանակով ջուր մատակարարել կամ կփորձեն գտնել ջրի մատակարարման այլ աղբյուր:
Սոնա Դավթյան

