Ա.ԲԱՂԴԱԴՅԱՆ. "ՓՈՐՁԱՌՈՒ ԸՄԲԻՇՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ ԵՄ"
Արխիվ 12-16Ա.ԲԱՂԴԱԴՅԱՆ."ՓՈՐՁԱՌՈՒ ԸՄԲԻՇՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ ԵՄ"
Վլադիկավկազում ավարտված կրկնակի օլիմպիական չեմպիոն Սոսլան Անդիեւի անվան ազատ ոճի ըմբշամարտի 36-րդ խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները 2 մեդալ են նվաճել: Մրցաշարին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Սլովակիայի, Բելառուսի եւ Ադրբեջանի 250 ըմբիշներ: Հայ ըմբիշներից 57 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Գարիկ Բարսեղյանը, իսկ Արտակ Հովհաննիսյանն արժանացավ արծաթե մեդալի: Արայիկ Բաղդադյանի գլխավորած թիմի կազմում հանդես եկան նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը, Նարեկ Սանոյանը (երկուսն էլ 61 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Գեւորգ Համբարձումյանը (երկուսն էլ 74 կգ), Արման Մկրտչյանը, Խաչիկ Շառոյանը (երկուսն էլ 86 կգ), Վիկտոր Կազիշվիլին (97 կգ) եւ Հարություն Դիլբարյանը (125 կգ): Մրցաշարի արդյունքները "Իրավունքի" հետ զրույցում ամփոփեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆԸ:
-Մրցաշարին Հայաստանը ներկայացել է 10-ը մարզիկով, մասնակցում էին եւ մեր փորձառու մարզիկները` Վոլոդյան, Գրիգորը Գրիգորյան եւ նաեւ երիտասարդները: Նպատակն ավելի շատ մեր մարզիկներին ստուգելն էր: Նարեկը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջելով մրցակցին` գրավեց 5-րդ տեղը: Ինչը իհարկե քիչ էր նրա համար, գոնե եզրափակչում Նարեկը պետք է լիներ: Վոլոդյան 2 հաղթանակ տարավ, բայց հետո պարտվեց… Երիտասարդ մարզիկներից համեմատաբար գոհ եմ, չէի ասի թե շատ լավ էր, բավարար էր: Իսկ փորձառուներից գոհ չեմ, բացի Գարիկ Բարսեղյանից, բոլորից դժգոհ եմ:
- Ի դեպ, ոսկե մեդալակրի` Գարիկ Բարսեղյանի մասին ի՞նչ կասեք:
- Գարիկը 5 հրաշալի գոտեմարտ անցկացրեց, կարելի է ասել` անթերի ելույթներ ունեցավ, միայն նրանից եմ գոհ:
- Իսկ որքանով գոհացրեց արծաթե մեդալակիր Արտակ Հովհաննիսյանը:
- Արտակը վնասվածք ուներ, դե, գոհ եմ… Հասավ եզրափակիչ ու եզրափակչում 10:0 հաշվով պարտվեց Գարիկ Բարսեղյանին, դա ինձ համար անընդունելի է, ես չեմ հասկանում թե ինչպես կարելի է 10:0 հաշվով պարտություն կրել` անգամ վնասվածքի դեպքում:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը:
- Նոյեմբերին թիմը կմեկնի Ֆրանսիա` մրցաշարի մասնակցելու համար, այստեղ հիմնականում կլինեն թիմի առաջին համարները, Դավիթ Սաֆարյանը եւ մյուս փորձառուները: Նոյեմբերի 28-ին թիմը կմասնակցի Խանտի Մանսիյսկում կայանալիք միջազգային մրցաշարին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

