ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՕՏԱՐԱՄՈԼ ԵՎ ԱՅՍՔԱՆ ՀԵՌԱՑԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՕՏԱՐԱՄՈԼ ԵՎ ԱՅՍՔԱՆ ՀԵՌԱՑԱԾ
ՍԵՓԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ
Երեւան քաղաքում սարսափները գնալով ավելանում են, այսինքն` սարսափ տարածողներն են ավելանում: Հոկտեմբեր ամիսը, կարելի է ասել, Երեւանի համար սարսափի ամիս էր` հոկտեմբերի 31-ին որոշ օտարամոլներ նշեցին Հելոուինը` չհասկանալով, որ այն ընդհանրապես հայի հետ կապ չունի: Սա դեռ քիչ էր, դրանից օրեր առաջ էլ նույն սարսափը` ավելի քիչ մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ Վահանգնի թաղամասում` ներկայացման տեսքով: Ոտքից գլուխ սեւազգեստ ներկայացման հերոսների գործողություններով դժվար էր գուշակել ռեժիսորի ասելիքը: Միայն հստակ էր վերնագիրը` "7 մեղք": Եվ ինչպես կազմակերպիչները նշեցին` ներկայացումը բեմականացվել էր աստվածաշնչյան մոտիվներով: Այնուամենայնիվ, գուցե ներկայացումը դիտելուց հետո, Սուրբ Գիրքը չկարդացած մարդիկ հիասթափված իրենք իրենց կհարցնեն.
"Մի՞թե սա է աստվածաշնչյան մոտիվները, մի՞թե այսպիսի կերպարներից զատ` Աստվածաշնչում այլ կերպարներ չկան...": Ավելորդ է խոսել ներկայացման երաժշտությունից: Այնպիսի տպավորություն էր, որ բեմում ապաչիներ են, որոնց կերպարն ավելի սարսափելի էր դարձնում ապաչիական երաժշտությունը... ու այս սարսափը տեւեց 20 րոպե, իսկ վերջում... բուռն ծափահարություններ, բայց անհասկանալի էր` այդ ծափերն ուղղված էին ռեժիսորի՞ն, թե պարզապես մարդիկ ուրախացան, որ վերջապես ազատվեցին տանջող սարսափից: Տեսնես քանի՞ մարդ այդ գիշեր սարսափից չքնեց կամ քանի՞սը քնած տեղից վեր թռավ վատ երազից: Ինչ արած, կարեւորը ռեժիսորի կատարած աշխատանքի "ցուցադրումն" էր, աշխատանք, որտեղ կատարվում էին անհասկանալի գործողություններ եւ ամենակարեւորը, որ այդ գործողություններն անվանում էին "ներկայացում":Չնայած, այս թաղամասում պետք է, որ այսպիսի սարսափների վարժված լինեն, քանի որ յուրաքանչյուր տարի մեծ "շուքով" նշվում է Հելոուինը: Սա այն դեպքն է, որ չգիտես ուրախանա՞ս, թե տխրես, քանի որ թաղամասի բնակիչների մեծ մասը հայրենադարձներ են, ովքեր գուցե Հայաստանը շփոթելով Ամերիկայի հետ` փորձում են ամուր պահել այնտեղի սովորույթները:
Ցավալի է, որ այսքան օտարամոլ ենք ու այսքան հեռացած սեփական արմատներից, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Պարզապես մի օր այդ մարդիկ կհասկանան, որ կորցրել են իրենց ինքնությունը եւ ազգային պատկանելությունը:
Իսկ այսպիսի ներկայացումները, հույս ունենք, որ երկար կյանք չեն ունենա եւ չեն ցուցադրվի այլ վայրերում եւս:
Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

