ՄՈԴԵԼ ԷՄԻԼ ՄԱՐԿԸ` ՎՐԻԺԱՌՈ՞Ւ
Արխիվ 12-16ՄՈԴԵԼ ԷՄԻԼ ՄԱՐԿԸ` ՎՐԻԺԱՌՈ՞Ւ
Մարսելում այս օրերին ընթանում են Լորանս Շասսենի եւ Բեռնար Ժորժի «Թեհլերյանի դատավարությունը. հայերի վրեժխնդրությունը» ֆիլմի նկարահանումները, որը եվրոպական մեծ էկրաններ կբարձրանա 2015 թվականի ապրիլին: Ֆիլմում վերջին շրջանում Մարսելում բնակվող հայտնի հայ մոդել, գրող ԷՄԻԼ ՄԱՐԿԸ մարմնավորում է հայ վրիժառու Արամ Երկանյանի կերպարը, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ.
-Վերջապես կինոինդուստրիան սկսել է անչափ ինձ հետաքրքրել, եւ այդ է պատճառը, որ որոշեցի մասնակցել ֆիլմի համար հայտարարված քաստինգին: Չէի կարծում, որ կընտրվեի, քանի որ մասնակիցները բազմաքանակ էին, իսկ
հայտնի ֆրանսիացի ռեժիսորը` խստապահանջ: Սակայն, ի զարմանս ինձ, մի բարի առավոտ նամակ ստացա, որտեղ ասված էր, թե ընտրվել եմ Արամ Երկանյանի կերպարը մարմնավորելու համար: Հուզմունքիս ու անսպառ ուրախությանս չափ չկար...
- Հետաքրքիր է, որ ֆիլմի մասին, կարծես թե, Հայաստանում լուռ են, ինչո՞վ է պայմանավորված:
- Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ մի շարք երկրներ խնդիր ունեն ստեղծելու ֆիլմեր, որոնք ցույց կտան, թե ինչ կատարվեց իրականում այդ տարիներին բարեկամ հայի ու վայրագ թուրքի միջեւ: Տարբեր փառատոներում դեռ բոլոր այդ ֆիլմերի մասին կխոսվեն:
- Իսկ որքանո՞վ է քեզ հոգեհարազատ Արամ Երկանյանի կերպարը:
- Արամ Երկանյանն անվախ ու բարի այն մեծատառով հայերից է, ով չի վախենում
հաշվեհարդար տեսնել թշնամուց` հանուն արդարության: Թեհլերյանանման մեր հերոսները մարդասպան չեն, նրանք արդարություն իրականացնողներ են:
- Իսկ Էմիլ Մարկը շո՞ւտ է լցվում վրեժի զգացումով:
- Ես էությամբ վրիժառու չեմ, սակայն բնավորությանս առանցքային գիծն այն է, որ ոչ մի կերպ չեմ մարսում անարդարությունը:
- Հայտնի հայերից էլ ովքե՞ր են ֆիլմում զբաղված:
- Ճիշտն ասած, հիմնականում ֆիլմի դերակատարները օտարերկրացիներ են: Թեհլերյանի դերակատարը ֆրանսիացի է, Արշավիրինը` նույնպես:
- Ամեն դեպքում, օտարազգի ռեժիսորներին հաջողվե՞լ է լիարժեք ներկայացնել Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես որ եղել է:
- Շատ փակագծեր չեմ կարող բացել, սակայն հավատացած եղեք, որ օտարազգի մասնագետները բավականաչափ ուսումնասիրել են փաստերը եւ տեղյակ են իրականությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

