"ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՍ ՄԵԾ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՆԴԵՊ"
Արխիվ 12-16"ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՍ ՄԵԾ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՆԴԵՊ"
Նոյեմբերի 17-22-ը Երեւանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը: Այն աննախադեպ ֆորում է, որի անցկացումը մեծ իրադարձություն կդառնա հայ մշակութային եւ քաղաքական կյանքում: Թատրոնի միջազգային ինստիտուտը, համարվելով աշխարհում կատարողական արվեստների խոշորագույն ցանց, միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ: Կայանալիք թատերական իրադարձության մասին եւ ոչ միայն, "Իրավունքը" զրուցեց ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
-Ժամանակին հենց այս կազմակերպության կոնգրեսում որոշվեց, որ Թատրոնի միջազգային օրը նշել մարտի 27-ին: Երկու տարին մեկ կազմակերպությունն անցկացնում է իր համաշխարհային կոնգրեսը, իսկ 34-րդ կոնգրեսը կանցկացվի Հայաստանում: Դա մեծ պատիվ է մեզ համար, մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն մշակութային կյանքում, այլ նաեւ Հայաստանի քաղաքական վարկանիշի վրա այն բավական ազդեցություն կթողնի: Այս ընթացքում 3 անգամ աշխատանքային խումբ հյուրընկալեցինք` կազմակերպության գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեյի գլխավորությումբ, որոնց հետ տեղում աշխատանքներ տարվեցին: Պիտի նշեմ, որ կոնգրեսն ընթանում է ՀՀ վարչապետի հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարաության աջակցությամբ, եւ եթե չլիներ Հասմիկ Պողոսյանի աջակցությունը` չեմ կարծում, որ այն իրականանալի դառնար: Ի դեպ, մեր հիմնական հովանավորն է "Շահնազարյան" գինու-կոնյակի տունը:
- Ի՞նչ է սպասվում այդ օրերին Հայաստանում:
- Կոնգրեսի օրերին սպասում ենք մոտ 300 պատվիրակ: Այդ օրերին կանցկացվեն կոնգրեսի հիմնական նստաշրջանները` գերագույն նիստերը, 12 կոմիտեների նիստերը, այնուհետեւ ղեկավար մարմինների` գլխավոր խորհրդի նախագահի, փոխնախագահների ընտրությունները: Ինչպես նաեւ կընտրվի առաջիկա տարիների համար Թատրոնի միջազգային ինստիտուտի դեսպան: Սպասվում է նաեւ բավականին մեծ ստեղծագործական ծրագիր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ, որտեղ կանցկացվի գիտական կոնֆերանս. ուսանողներ են գալիս, պետք է համատեղ փորձարարական դասընթացներ անցկացվեն: Երեկոյան ժամերին հյուրերը կդիտեն ներկայացումներ երեւանյան տաբեր թատրոններում, ինչը լավ հնարավորություն է, որպեսզի հայ թատերական գործիչները շփվեն, համագործակցության ուղիներ փնտրեն: Մենք նախապես իրենց ուղարկել ենք այդ օրերին մեր թատրոնների խաղացանկը, որն ընդգրկվել է կոնգրեսի ծրագրում. պատվիրակներն են ընտրելու, թե որ ներկայացումը դիտեն, մենք այդ հարցում ոչ պարտադրում ենք, ոչ էլ` ուղղորդում:
- Բացի այդ շփումից, հայ թատերական գործիչները որքանո՞վ առնչություն կունենան կոնգրեսի հետ:
- Հայաստանի պատվիրակությունը, բնականաբար, պետք է մասնակցի ընտրություններին եւ քվեարկի. ամեն երկիր մեկ ձայնի հնարավորություն ունի:
"ՉԷԻ ԱՍԻ, ՈՐ ՄԱՐԶԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԴԱՀԼԻՃՆԵՐԸ
ՊԱՏՇԱՃ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ"
-Կոնգրեսից անցում կատարենք մեր թատերական "իրարանցմանը" ի՞նչ է կատարվում այնտեղ:
- Թատրոնները բնականոն աշխատում են, դեռ թատերաշրջանները նոր են բացվել, հետաքրքիր պրեմիերաներով: Այս ընթացքում անցկացվեց "Թատերական Լոռի" փառատոնը, ուրախ եմ, որ այդ օրերին Ստեփանավանում բացվեց Սոս Սարգսյանի հուշարձանը: Այն խորհրդանշական էր, քանի որ փառատոնն այս տարի նվիրված էր Սոս Սարգսյանի հիշատակին: Սեպտեմբերի վերջին Վայոց ձորի մարզում անցկացվեց թատերական փառատոն` նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին. ընդգրկել էինք բոլոր այն ներկայացումները, որոնք իրենց թեմատիկայով առնչվում էին Մեծ եղեռնին:
- Այդ փառատոնից հետո դերասան Արմեն Մարությանը տպավորված էր տեղի հանդիսատեսից ու նշում էր, որ այնտեղ լավ են պահպանել դահլիճները:
- Չէի ասի, որ մարզային բոլորը դահլիճները պատշաճ վիճակում են, շատ կուզենայի, որ "Լինսի" նման ծրագիր լիներ` մարզային մշակույթի տների վերանորոգման համար: Օդի պես դա անհրաժեշտ խնդիր է մեզ համար: Այո, պիտի ասեմ, որ մարզային հանդիսատեսի կողմից լավ ընդունելության արժանացանք, պիտի տեսնեիք, թե ինչ ընդունելություն էր, ինչ կարոտ կար թատրոնի հանդեպ: Վայոց ձորում վաղուց պետական թատրոն չէր մտել: Ասել եմ ու կասեմ, որ թատերական գործիչներս բավական մեծ պարտք ունենք մարզային հանդիսատեսի հանդեպ: Ամբողջ ցավն այն է, որ ինքներս, որքան էլ ցանկանանք, միայնակ չենք կարող այդ պարտքը ետ վերադարձնել, դա պետք է իշխանությունների ցանկությամբ լինի: Օրինակ, համոզված եմ` վարչապետի քաղաքականությունն է, որ նախարարները շատ են մեկնում մարզեր, վարչապետը նույնպես հաճախ է լինում մարզերում: Կարծում եմ, որ այս այցելությունների արդյունքում նաեւ մշակութային խնդիրներ կլուծվեն:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

