"ՎՐԱՍՏԱՆԻ 70 ՏՈԿՈՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ"
Արխիվ 12-16"ՎՐԱՍՏԱՆԻ 70 ՏՈԿՈՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ"
Օրերս "Իրավունքը" Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցում էր "Ընկերությունը լավագույն կամուրջն է" միջազգային երիտասարդական կոնֆերանսին, որտեղ զրույց ունեցավ "Իրակլի Երկրորդ" ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈՒԻՁԵԻ հետ: Ըստ վրացական ԶԼՄ-ների` Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 15-ին հանրահավաքի է պատրաստվում եւ ցանկանում է իշխանության վերադառնալ: Արդյո՞ք վերջինս ունի այդ շանսը եւ ի՞նչ չէր հասցրել անել Վրաստանի համար, որ ցանկանում է շարունակել:"ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ 100 ԴՈԼԱՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ`
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ"
-Կարծում եմ` նա չհասցրեց լրիվ կործանել Վրաստանը, դրա համար ցանկանում է վերադառնալ ու իրականացնել այն, բայց նա շանս չունի` իշխանության վերադառնալու: Ավելին` ես այն կարծիքին եմ, որ նա շանս ունի վերադառնալու բանտ, եւ, ի դեպ, ասեմ, որ նրա վարկանիշը Վրաստանում բավական ընկել է` մոտ 3-4 տոկոս: Սա իհարկե իմ կարծիքն է:
- Տեղյակ ենք նաեւ, որ նոյեմբերի 15-ին ձեզ մոտ սպասվում է հանրահավաք, եւ այն իրականացնելու են Սահակաշվիլու կողմնակիցները: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն մարդ կգնա այդ հանրահավաքին:
- Նախ` ցանկանում եմ ասել, որ դրանք կլինեն այն մարդիկ, ում գումար կվճարեն` հանրահավաք գնալու համար, եւ դրանք Սահակաշվիլու իշխանության օրոք պետական բյուջեից գողացված գումարներն են: Մասնագետների գնահատմամբ` այն հասնում է 15-16 միլիոն դոլարի, եւ կգան շատ քիչ մարդիկ` մոտ 3-4 հազար մարդ ամբողջ Վրաստանից, եւ այն կտեւի երկուսից երեք ժամ: Մենք նույնիսկ գիտենք, տեղյակ ենք, որ հանրահավաք եկողներից յուրաքանչյուրին 100 դոլար գումար են վճարել ու շարունակում են դեռ վճարել, որպեսզի կարողանան մասսա ապահովել, ինչը նորից եմ ասում` դժվար թե կարողանան շատ հավաքել: Ասեմ ավելին` նույնիսկ այն մարդիկ, ովքեր այսօր ունեն այդ գումարի կարիքը, անգամ չեն ցանկանում մասնակցել Սահակաշվիլու ակցիային: Հիմա անգամ Վրաստանում ամոթ է լինել նրա կուսակցությունից: Դրա համար ասել, որ ամսի 15-ին կլինի ինչ-որ լուրջ ակցիա, միանշանակ հերքում եմ:
"ՎՐԱՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԿԵՐԱԿՐՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ"
-Նույն լրատվամիջոցներում կարդում ենք նաեւ այն մասին, որ գործող նախագահ Մարգվելաշվիլիին ստիպում են, որպեսզի Վրաստանը անդամակցի Եվրամիությանը: Կա՞ նման բան` ըստ Ձեզ:
- Ընդհանրապես, վրաստանյան իշխանությունները եւ ոչ թե վրաց ժողովուրդը դեռ պաշտպանում են Եվրամիության կուրսը, որովհետեւ անգամ Շեւարդնաձեի ժամանակվանից թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունը, ԶԼՄ-ները, ՀԿ-ները գնված են եղել ամերիկացիների կողմից, եւ իրականում ողջ լծակներն իրենց ձեռքում են: Պարզապես, ժամանակի ընթացքում նրանք անգամ հասկացան, որ Սահակաշվիլուն իշխանության թողնելը ձեռնտու չէ, քանի որ ինչ էր անում Սահակաշվիլին, անգամ ամերիկացիները արդեն չէին հասկանում: Հնարավոր էր` նա մի օր պատերազմ սկսեր, ասում էին, որ հոգեպես անհավասարակշիռ էր: Եվ այն ուղղությունը, որը բռնել էր նա, փոխանցվել է այս իշխանություններին, բայց չենք կարող չասել, որ հիմա ավելի դեմոկրատական վիճակ է Վրաստանում, հիմա կարելի է խոսել ամեն ինչ մասին, ինչ կցանկանան, անցկացնել ակցիաներ` այդ թվում նաեւ պրոռուսական: Իսկ նախորդ նախագահի օրոք դա անհնար էր, մարդկանց ձերբակալում էին, ճնշում էին, իսկ հիմա նման բաներ չկան, չնայած որ շարունակվում են պրոեվրոպական տրամադրությունները` հատկապես իշխանությունների կողմից, քանի որ ասոցացման համաձայնագիր է ստորագրվել:
- Իսկ ի՞նչ շանսեր ունի այդ դեպքում Վրաստանը` Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցում:
- Ամեն դեպքում, հիմա վրաց ժողովրդին կերակրում է Ռուսաստանը. շուրջ մեկ միլիարդ դոլար տրանսֆերտներ է գալիս ՌԴ-ից, իսկ Ամերիկայից մոտ 80 միլիոն էր գալիս` մեկ տարվա ընթացքում: Մեր ապրանքատեսակները Ռուսաստանի տարածքում շատ մեծ տարածում եւ պահանջարկ ունեն, կարողանում են առավել բարձր գներով վաճառել իրենց ապրանքները: Մեզ մոտ մարզերում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ ազգաբնակչության գրեթե 90 տոկոսը ցանկանում է ընկերանալ Եվրասիական միության հետ եւ ոչ թե` ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության հետ: Ասեմ ավելին` նրանք ոչ թե կոնկրետ ցանկանում են միանալ ԵՏՄ-ին, այլ այն միությանը, որտեղ կլինի Ռուսաստանի Դաշնությունը: Դրա համար կարծում եմ, որ մեզ մոտ շուրջ 70 տոկոսը ցանկանում է գնալ դեպի ԵՏՄ, ուստի ամերիկացիների համար շատ դժվար կլինի պահպանել մեր իշխանություններին: Եվ կարծում եմ, որ մեկ կամ երկու տարուց երկիրը կգնա դեպի Եվրասիական տնտեսական միություն, այլ ոչ թե Եվրամիություն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

