"ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՁԵՌՆՏՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ"

Արխիվ 12-16

"ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՁԵՌՆՏՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ"


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, գաղտնիք չէ, որ մշտապես եղել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության կողմնակիցների թվում: Այսօր, երբ ստորագրվել է անդամակցության պայմանագիր, պարոն Հարությունյանի հետ մեր զրույցում փորձեցինք պարզել նրա վերաբերմունքը անդամակցության ընթացքի վերաբերյալ, թե արդյոք ամեն ինչ համապատասխանո՞ւմ է նախնական պատկերացումներին:

ԼՂՀ-Ի ՀԵՏ ՄԱՔՍԱԿԵՏԵՐԻ ԹԵՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՓԱԿՎԱԾ Է

-Նախ կուզենայի նշել, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված պայմանագիրը արդեն իսկ նախնական շատ հարցերի պատասխանը տվեց: Մասնավորապես` հիմա կարելի է նաեւ հասկանալ, թե ինչ խնդիր էին հետապնդում ինչպես դրսում, այնպես էլ` Հայաստանում, Եվրասիական միության դեմ հանդես եկողները, ինչ-ինչ կասկածելի ենթադրություններ, մեկնաբանություններ էին ներկայացնում...
- Թույլ տվեք մի պահ ընդհատել` հիշեցնելով, որ ժամանակին Եվրասիական միությանը դեմ խոսողներից շատերը հիմա "տարօրինակաբար" դարձել են դրա ջերմեռանդ կողմնակիցները կամ գոնե փորձում են չեզոք ձեւանալ: Համենայնդեպս` հիմա հազիվ մի քանիսն են շարունակում դեմ արտահայտվել, այն էլ` հիմնականում զգուշորեն:
- Հարցին կարելի է միայն փիլիսոփայական պատասխան տալ` կյանքն է այդպիսին: Լավ, համարենք, որ ոմանք էլ ինչ-ինչ նպատակներից ելնելով էին այդ ավելի շուտ` քարոզչական պատերազմին մասնակից դարձել` ի վնաս իրենց պետության եւ, այսպես ասած, այլոց շահերի կողմնակցի դիրքերից: Բայց մի մասն էլ, միգուցե, ժամանակին չէր կարողանում սթափ գնահատել Եվրասիական միությունից մեր երկրի ակնկալիքները: Վերջին հաշվով` չմոռանանք, որ կար Ղարաբաղ-Հայաստան սահմանի մասին օբյեկտիվ մտավախություն, առավելեւս, որ այդ գործոնն առաջ էր տանում նաեւ Ղազախստանը: Եվ ահա պայմանագրի ստորագրման փաստը, երբ դրանում բառ անգամ չկա ղարաբաղյան սահմանի մասին, եւ երբ Ղազախստանն այդ առնչությամբ հատուկ կարծիք, անգամ` դիտողություն, այդպես էլ չներկայացրեց, վկայում է, որ սահմանային մաքսակետերի թեման վերջնականապես փակված է` անկախ նրանից, թե նախկինում ով ինչ նպատակներով կամ շահերով էր առաջնորդվում: Այսինքն` մեր հիմնական վտանգը կարող էր լինել այստեղ, հիմա դա չեզոքացված է, եւ վերադառնալով հարցին` կարող ենք արձանագրել, որ Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը հանգուցալուծվեց մեզ համար ամենանախընտրելի տարբերակով: Ընդ որում, այդ մասին են վկայում մյուս չափանիշները եւս: Նախ` Հայաստանը Եվրասիական միության կազմ է մտնում մյուս երեք պետություններին հավասար կարգավիճակով, ինչը Միության հետագա գործունեության, առավելեւս` այլ պետությունների հետ հարաբերություններում մեզ դեռ շատ օգուտներ է տալու: Դրանից զատ, կան նաեւ զուտ տնտեսական ցուցանիշներ: Ասենք` Հայաստանին հատկացվում է Միության ընդհանուր մաքսատուրքերի 1,13 տոկոսը: Դա նախնական հաշվարկներով կարող է 250 միլիոն դոլարից էլ ավելի գումար կազմել, մինչդեռ ներկայումս այդ ուղղությամբ մեր բյուջետային մուտքերը 100 միլիոնից մի փոքր են ավելի: Իսկ դա խոսում է այն մասին, որ անդամակցության ուղղությամբ զուտ տնտեսական բնույթի բանակցությունները եղել են արդյունավետ, այսինքն` մենք մեզ համար ձեռնտու պայմաններով ենք մտնում Եվրասիական միություն:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓԱԿՈՒՂՈՒՄ

-Քանի որ խոսեցիք Ղարաբաղից, փորձենք թեման ամբողջացնել: Ղարաբաղը, ինչպես նշեցիք, պայմանագրի հետ որեւէ կերպ չկապվեց: Միեւնույն ժամանակ հայտարարվում է, որ Եվրասիական միությունը տնտեսական հարթակ է, իսկ ղարաբաղյան թեման կշարունակվի քննարկվել Մինսկի խմբի շրջանակներում: Դա` պաշտոնապես: Բայց մյուս կողմից էլ կա օբյեկտիվ իրականություն: Այսինքն` Ղարաբաղն ինչքան էլ պայմանագրի հետ չառնչվի, միեւնույն է, եթե Հայաստանի հետ սահմանին մաքսակետեր չեն տեղադրվում, ապա ԼՂՀ-ն, ով ինչպես համարի, դե ֆակտո Եվրասիական միությանը հարաբերվելու է Հայաստանի հետ միասին, կարելի է ասել` հավասարազոր կերպով: Ընդ որում` ոչ միայն տնտեսական առումով, այլ նաեւ անվտանգության եւ այլն: Պատկերավոր ասած` Ղարաբաղը փաստացի դառնում է միութենական սուբյեկտ` տնտեսական, անվտանգության եւ մյուս բոլոր առումներով: Եվ ինչքան էլ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակվեն, բոլորն էլ հասկանում են, որ այստեղ փաստացի լուրջ փոփոխություներ են լինելու: Ի՞նչ կասեք նման տրամաբանության մասին:
- Իհարկե` դա ակնհայտ է: Մեկ հանգամանք եւս կարելի է ավելացնել. եթե Եվրասիական միության հաշվին Հայաստանն ամրապնդում է իր անվտանգության մակարդակը, տնտեսության զարգացումը, եւ ըստ ռազմական դոկտրինի` Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, ապա հասկանալի է, որ Հայաստանի հզորացումն ավտոմատ կերպով հանգեցնում է նաեւ Ղարաբաղի հզորացման:
Խնդրին մոտենանք նաեւ շահերի տեսանկյունից. Հայաստանն այդպիսով ամրապնդվում է անվտանգության մի համակարգում, որի հիմնական կորիզը Ռուսաստանն է: Հիմա` Ռուսաստանի շահերից բխո՞ւմ է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, որը դաշնակից է Թուրքիային` ՆԱՏՕ-ի անդամ պետության: Կամ` Բելառուսին եւ Ղազախստանին դա կարո՞ղ է ձեռնտու լինել: Չէ՞ որ կա պարզ տրամաբանություն, որը բոլորն են հասկանում. ինչքան հզոր լինի Եվրասիական միությունը, այնքան հզոր կլինեն դրա առանձին մասնիկները: Կամ. եթե Հայաստանը չդառնար Եվրասիական միության անդամ, ապա Ղարաբաղի հարցով Ղազախստանը, միանշանակ, կունենար մեկ այլ դիրքորոշում, քան ունենում է Միությանը Հայաստանի անդամակցության դեպքում: Դա, միգուցե չի նշանակում, որ Ղազախստանը կդառնա Ղարաբաղի անկախության հարյուր տոկոսանոց կողմնակիցը: Բայց որ նրա տրամադրությունները գոնե չեզոքության դաշտ կտեղափոխվեն` հաստատ է, եւ դա արդեն իսկ մեզ համար ձեռնտու է:
- Կարծես թե ստացվում է նման իրավիճակ. Ղարաբաղը ԵՏՄ-ի հաշվին դե ֆակտո լիովին գտնվում է ռուսական անվտանգության համակարգում, ինչը հուշում է, որ բանակցային գործընթացը, պատկերավոր ասած, կարող է տասնամյակներով շարունակվել` առանց ստատուս-քվոյի որեւէ փոփոխության: Այդ դեպքում ո՞րը կարող է լինել Ադրբեջանի հաջորդ քայլը: Ղարաբաղի հարցում ինչ-որ բանի հասնելու Բաքվի միակ տարբերակը մնում է իր հերթին Եվրասիական անվտանգության համակարգ մտնելն ու այդ դիրքերից Ռուսաստանից աջակցություն ակնկալելը: Բայց մյուս կողմից էլ` Արեւմուտքի հետ ունի բավականին խոր նավթային, ֆինանսական հարաբերություններ, որը լուրջ վտանգի կենթարկի նման աշխարհաքաղաքական տեղաշարժ կատարելով: Չի՞ ստացվում փակուղային վիճակ:
- Մոտ ժամանակներս Ադրբեջանը որեւէ քայլ կատարելու տարբերակ չունի: Եվ իհարկե, նման փակուղու նա հասավ տեւական ժամանակահատված սխալ արտաքին քաղաքականություն վարելու պատճառով: Նախ, ժամանակին իր թիվ մեկ դաշնակից ընդունեց Թուրքիային, որը որեւէ տեսանկյունից չէր կարող դառնալ Ռուսաստանին հակակշիռ, ինչը հնարավորություն տար Ադրբեջանին` ասենք ռազմական ճանապարհով հետ վերադարձնել Ղարաբաղը: Ադրբեջանական երկրորդ սխալն այն էր, որ ժամանակին, այսպես ասեմ, ամենի ինչ տվեց Արեւմուտքին` Ղարաբաղը վերադարձնելու ակնկալիքով: Ընդ որում` Արեւմուտքին այդ խաղի մեջ հրապուրեց նաեւ հսկայական էներգետիկ պաշարների մասին Բաքվի խոստումները, մինչդեռ ժամանակն ապացուցեց, որ նման պաշարների պարզապես չի տիրապետում: Եվ ահա ներկայումս այդ հակասությունը հասել է նրան, որ Ադրբեջանը սուր հակամարտության մեջ է մտել նավթային կոնսորցիումի հետ` վերջինիս մեղադրելով ոչ արդյունավետ գործունեության մեջ: Սակայն իրականությունն այն է, որ ադրբեջանական նավթարդյունահանումը տարեցտարի նվազում է ոչ թե այն պատճառով, որ կոնսորցիումն է վատ աշխատում, այլ պարզապես նավթն է վերջանում, եւ առաջիկա քսան-քսանհինգ տարիներին ադրբեջանական նավթարդյունահանումը պարզապես կդառնա ոչ եկամտաբեր: Այսինքն` Բաքուն քաջ գիտակցում է, որ նավթով ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու իր հնարավորություններն օգտագործելու շատ քիչ ժամանակ է մնացել, մինչդեռ անցած քսան տարիներին նա նաեւ այդ գործոնն օգտագործելով եւ հույսը դնելով Արեւմուտքի վրա` որեւէ արդյունք չկարողացավ ապահովել: Ու հենց այն պատճառով, որ Ռուսաստանը կանգնած էր մյուս կողմում:
Եվ ահա քսանամյա այդ սխալ քաղաքականության արդյունքում այսօր կանգնում է նոր իրողության առջեւ: Մի կողմից` նավթային հնարավորություններն այնքան են սահմանափակվել, որ արդեն Արեւմուտքն է սկսում պատժամիջոցների լեզվով խոսել Բաքվի հետ: Բայց նաեւ հայացքը դեպի Ռուսաստան ուղղելու դեպքում հաջորդ օրն արդեն կբախվի մայդանային խնդիրների հետ: Մյուս կողմից էլ` Հայաստանն է տեղավորվել Եվրասիական համակարգում, եւ եթե Ադրբեջանը փորձի այդ կողմ շրջվել, ապա նաեւ Երեւանը պետք է դրան հավանություն տա, քանի որ Եվրասիական միությունում անդամակցության հարցերը, ինչպես մեր օրինակով տեսանք, լուծվում է բոլոր անդամների համաձայնությամբ: Եվ այս իրավիճակն Ադրբեջանի համար, իհարկե, նշանակում է փակուղի, քայլ կատարելու հնարավորություն չկա: Սա ապացուցում է հայտնի ասացվածքի ճշմարտացիությունը. ուղղակի պետք է ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում:
-Իսկ պատերա՞զմը. ամառային դեպքերը ակնարկ չէ՞ր այն մասին, որ ծայրահեղ դեպքում Ալիեւը կարող է դրան էլ գնալ:
- Իհարկե` ադրբեջանական ուժայինները, որոնք տարեկան միլիարդավոր դոլարներ են ստանում պաշտպանական ծախսերի համար, պետք է չէ՞ այդ ծախսերն արդարացնելու համար նրան ամեն օր համոզեն, թե բանակի վիճակն ուղղակի փայլուն է, պատերազմին լիարժեք պատրաստ են եւ այլն: Բայց ամառային այդ բախումները ցույց տվեցին, որ նախ` պատերազմ սկսելու պարագայում դրա ելքն առնվազն կասկածելի է: Երկրորդը. բացի Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջանից` նման պատերազմի պարագայում պետք է հաշվի առնել մի շարք աշխարհաքաղաքական հարաբերություններ եւս: Արդյունքում` Ալիեւը թերեւս վաղուց է հասկացել, որ այս հարցին ռազմական լուծում չկա: Առավելեւս, որ Սոչիում կայացած երեք նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն անթաքույց արտահայտվեց, որ իր սահմանների հարեւանությամբ նոր լարվածությունը կդառնա Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված քայլ: Այսինքն` նախ մեր բանակի մարտունակությունը, ապա` ռուսական գործոնը, թերեւս, բացառում են, որ Ադրբեջանը փորձի նոր պատերազմ սկսել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման փաստը, երբ դրանում բառ անգամ չկա ղարաբաղյան սահմանի մասին, եւ երբ Ղազախստանն այդ առնչությամբ հատուկ կարծիք, անգամ` դիտողություն, այդպես էլ չներկայացրեց, վկայում է, որ սահմանային մաքսակետերի թեման վերջնականապես փակված է` անկախ նրանից, թե նախկինում ով ինչ նպատակներով կամ շահերով էր առաջնորդվում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում