ՀԻՄԱ ԷԼ ԲՐԻՏԱՆԻԱ՞Ն Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՋԱՏԱԳՈՎԸ ԴԱՐՁԵԼ

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ԷԼ ԲՐԻՏԱՆԻԱ՞Ն Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՋԱՏԱԳՈՎԸ ԴԱՐՁԵԼ


Թեեւ երկու ամիսից էլ պակաս ժամանակ է մնում, որ Հայաստանը վերջնականապես տեղավորվի իր լիարժեք գործունեությունն սկսող Եվրասիական միության կազմում, սակայն այդպես էլ եվրոպացիների աչքը մեր երկրից չի կտրվում: Դե միգուցե անպատասխան սե՞ր է. կարող է չէ՞ այդպես էլ պատահել: Միայն թե այդպես էլ համառորեն չեն ուզում հասկանալ, որ ժամանակակից եվրաարժեքները, ավելի կոնկրետª կոնչիտայական կերպարանքները մեր երկրում ոչ թե սեր, այլ լավագույն դեպքում զզվանք են առաջացնում:

ԵՎ ՆՈՐԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ
ՊԱԿԱՍ ՉԿԱ


Բայց չէ, եվրոպացիներն էլի իրենցն են առաջ տանում: Օրինակª հազիվ էինք պրծել տխրահռչակ Շտեֆան Ֆյուլեից, որ հիմա էլ ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարի պաշտոնում նրան փոխարինելու եկած Յոհանես Հանն է հին բայաթին կապել, թե. "ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ հետագա համագործակցությանըª փոխադարձ շահերի բնագավառներում":  Ու դեռ փորձում էինք հասկանալ, թե այդ ինչ փոխադարձ շահեր կարող ենք ունենալ ԱՄՆ-ից բացի` մյուս բոլորին վերեւներից նայող ԵՄ-ի հետ, որ պարոն Հաննը շտապեց բացատրել. "ԵՄ դռները բաց են Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումներին աջակցելու համար": Մի խոսքովª բան էլ չի փոխվելª ասում ենª փոխադարձ շահ, բայց դրա ողջ իմաստը մեզ նորից ու նորից բարեփոխելն էª մինչեւ որ եվրոպական չափորոշիչներին համապատասխան կդառնանք: Եվ իհարկե, կոնչիտայական արտաքին ձեռք բերելու համար փող էլ են առաջարկումª 2014-2017թթ. համար 140-170 մլն եվրո: Չէ, այնքան էլ շռայլ չեն, առավել եւս, որ ԵՏՄ մտնելով` Հայաստանը միայն մաքսատուրքերի հաշվին տարեկան մոտ 100 միլիոն դոլարի փոխարեն կստանա մոտ 250 միլիոն, ինչը երեք տարվա կտրվածքով մի 5-6 անգամ ավելի է եվրոպական այդ "կաշառքից":
Չնայած դրան, այս օրերին միայն եվրոպական սույն հանձնակատարը չէ, որ խոսում է ՀՀ-ԵՄ "անխախտ եղբայրությունից": Նախօրեին Հայաստան կատարած այցի ընթացում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնն էլ իր հերթին մի քանի նման ակնարկներ հնչեցրեց: Բայց նաեւ հասկանալի է, որ եվրոպական բավականին բարձր կալիբրի չինովնիկները հազիվ թե պատահաբար այսպես միասին հիշեին Հայաստանի եւ Եվրոպայի այդ "ջերմ" հարաբերությունների մասին, առավել եւս, որ նույն Բրիտանիան է վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի սկսել խոսել ԵՄ-ից դուրս գալու մասին, այնպես որ, նրան հաստատ ԵՄ-ի եւ մյուս երկրների կապերի թեման հազիվ թե հետաքրքրեր: Այսինքն, որ այս հաճախակիացած այցերով արդեն իսկ ակնարկում են, որ էլի ինչ-որ բան են մոգոնել, կասկած չկա, եւ նույն Լիդինգթոնի խոսքերից էլ կարելի է կռահել, թե թեման ուր են տանում:
Այսպեսª հայաստանյան այցի ժամանակ բրիտանացի պետնախարարը մի քանի հիմնական շեշտադրումներ հրամցրեց հանրությանը: Նախ. "Ղարաբաղի հարցը մեծ մտահոգության աղբյուր է Անգլիայի համար...": Պարոն Լիդինգթոնը միգուցե կասեր նաեւ, որ այդ դարդից ինքն անձամբ գիշերները չի՞ քնում: Բայց չէ՞ որ Բրիտանիան, որն անգամ Մինսկի խմբի անդամ չէ, պետք է, որ այդպես դարդ չաներ, առավել եւս, որ մինչ այժմ առանձնապես Ղարաբաղով չի էլ հետաքրքրվել: Բայց որ սկսում է հետաքրքրվել, այն էլª այնքան լուրջ, որ բրիտանացի պետքարտուղարը մինչեւ իսկ առաջարկում է արմատական քայլեր. "Միացյալ Թագավորությունը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է կրկնակի օգնի Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի կարողանան առաջ ընթանալ, հակամարտությունը, որը շարունակվում է երկար ժամանակ, մարդիկ են զոհվում, լուծում ստանա": Այս ի՞նչ տարօրինակ հետաքրքրություններ են առաջացել Բրիտանիայումª Ղարաբաղի հանդեպ:
Դրա հետ մեկտեղª Բրիտանիան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով առանձնապես չի հետաքրքրվել: Բայց ահաª այժմ այդ թեմայով նույնպես պարոն Լիդինգթոնն արտահայտվում է. "Հայ-թուրքական արձանագրությունները պետք է կյանքի կոչվեն": Եվ այստեղ էլ կան արմատական առաջարկներ, ավելի ճիշտª ակնարկ. "Հայ-թուրքական արձանագրություններն առաջ շարժելու ճանապարհ է երեւում":

ՀԻՆ ԽԱՂԸ` ՆՈՐ ԱՄԱՆՈՒՄ

Թե որն է այդ ճանապարհը, բրիտանական ներկայացուցիչը չմանրամասնեց: Չնայածª այստեղ մտածելու շատ բան էլ չկա. արձանագրությունները պետք է նախ վավերացնի Անկարան, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել "առաջ շարժելու ճանապարհի" մասին: Եվ եթե Բրիտանիայից ասում են, որ իրենք տեսնում են այդª "առաջ շարժելու ճանապարհը", դա նաեւ կարող է նմանվել ակնարկի, թե Թուրքիան պատրաստ է վավերացնել արձանագրությունները: Իհարկեª տեսականորեն նման տարբերակ այս պահին կարող է լինել: Բանն այն է, որ Անկարան, "Իսլամական պետության" հետ իր հայտնի կապերի պատճառով բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել: Խոսքն այն մասին է, որ Թուրքիան փաստացի ամեն կերպ նպաստում էր իրեն սահմանակից սիրիական քրդաբնակ Քոբանի հայտնի քաղաքի ուղղությամբ ԻՊ-ի հարձակումներին ու քրդերի բնաջնջմանը: Այն աստիճան, որ ԱՄՆ-ը, չնայած Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, մինչեւ իսկ ցուցադրաբար սկսեց Քոբանիի պաշտպաններին զենք-զինամթերք մատակարարել ավիացիայի միջոցով, չնայած ավելի վաղ թուրքերը հրապարակավ հայտարարել էին, որ պատրաստ են իրենց սահմանները բացել ԻՊ-ին պատերազմ հայտարարած ամերիկյան կոալիցիայի համար: Իր այդ սխալն Անկարան մի փոքր ուշ գիտակցեց, այն բանից հետո, երբ ԻՊ-ն այդպես էլ չկարողացավ գրավել այդ փոքրիկ քաղաքը: Եվ այն, որ այդ իրավիճակում Վաշինգտոնը բավականին լավ հող նախապատրաստեց Անկարային մինչեւ իսկ ահաբեկիչներին օժանդակողի մեղադրանք ներկայացնելու համար, ակնհայտ էր: Սակայն նման մեղադրանք չեղավ, ինչն էլ հուշում է, որ Վաշինգտոնն Անկարային մի շարք այլ պահանջներ ներկայացնելու լավ շանս է ստացել, որոնցից հրաժարվելու թուրքերի տարբերակները սահմանափակ են: Համենայնդեպսª այդ մասին է խոսում նաեւ այն փաստը, որ այս օրերին Անկարան համաձայնեց թույլ տալ մինչեւ իսկ իրաքյան քրդերին իր տարածքով մտնել Քոբանի, ինչն արդեն իսկ հուշում է, որ թուրքերը հազիվ թե հենց այնպես, առանց որեւէ լուրջ պատճառի այդքան զիջող դառնային: Ուրեմն գոնե տեսականորեն կարելի է չէ՞ ենթադրել, որ Վաշինգտոնը Թուրքիայի առաջ կարող է դրած լինել նաեւ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու պահանջ, եւ արդյոք "առաջ շարժելու այդ ճանապարհը" չէ՞, որ տեսնում է Լոնդոնը եւ այդ մասին բարձրաձայնում Հայաստանում:
Բայց մյուս կողմից էլ չմոռանանք, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները կապում է Ղարաբաղի հետ, այսինքնª այստեղ պետք են գոնե չնչին փոփոխություններ, որը հնարավորություն կտար Անկարայինª առանց դեմքը կորցնելու անցնել արձանագրությունների վավերացմանը: Մյուս կողմից էլª բոլորն էլ, այդ թվում, կարծես թե նաեւ Իլհամ Ալիեւը, հասկանում են, որ Եվրասիական միության կազմ Հայաստանի մտնելու պարագայում էապես նվազում են բանակցությունների միջոցով Ղարաբաղի ստատուս-քվոն գոնե ինչ-որ չափով փոխելու տարբերակը: Եվ այս տեսանկյունից արդեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն Ալիեւի համար նույնպես կարող է միայն ձեռնտու դառնալ, քանի որ դրա ենթատեքստում Հայաստանին Եվրասիական հարթակից հեռու պահելու գաղափարն է, որի պարագայում միայն Ղարաբաղի ուղղությամբ Բաքուն կստանա ներկայիս փակուղային վիճակից դուրս գալու հնարավորություն: Մնում է միայն Թուրքիային պատրվակ տալ այդ քայլի համար, ու թերեւս այդ տեսանկյունից Ղարաբաղի հարցում Լիդինգթոնի լացուկոծն ու Մինսկի խմբի համանախագահներին միջազգային հանրություն կոչվածի անունից արվող օգնության առաջարկը սկսում են հասկանալի դառնալ:
Այս ամենը նշանակում է, որ ամենամոտ ապագայում ինչպես հայ-թուրքական արձանագրությունների, այնպես էլª ղարաբաղյան թեմայի շուրջ որոշ ուշագրավ զարգացումների ականատեսը կլինենք: Չնայածª պետք է հաշվի առնել, որ նույն Եվրասիական միությանն անդամակցության արդյունքում այս հերթական խաղի մեջ Հայաստանը մտնում է թիկունքը բավականին ամրապնդած: Այն առումով, որ այս իրավիճակում Ղարաբաղը եւս փաստացի տեղավորվում է Եվրասիական համակարգում, այսինքնª ռուսական անվտանգության գոտում, այն դեպքում, երբ խաղի իմաստը ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանը թուրքական "միջանցքով" այդ գոտուց դուրս բերելն է: Իսկ դա հուշում է, որ ինչ երազանքներ եւ խոստումներ էլ բրիտանացիները հնչեցնեն, արդյունքի հասնելու համար նախ պետք է մինչեւ վերջ ճնշել Հայաստանին, ապա նաեւ` գոնե այս տարածաշրջանում մինչեւ վերջ ջարդել նաեւ ռուսներին: Բայց եթե Վաշինգտոնը կարողանար դա անել, ապա հազիվ թե նման բազմաճյուղ խաղեր սարքելու մասին մտածեր:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում