«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ` ԵՏՄ-ԻՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ`
ԵՏՄ-ԻՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ»
Երեկ կայացավ ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը` ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվեց «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը: Երկարատեւ ու խորը քննարկումից հետո «Իրավունքը» մի շարք հարցերի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻ հետ:
ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՉԿԱՆ
-Պարոն Նուշիկյան, նոյեմբերի 17-18-ը արտահերթ նիստով խորհրդարան կբերվի ՀՀ Եվրասիական տնտեսական միության անդամակցման հարցը: Ըստ Ձեզ, ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ կլինե՞ն` հարցի հետ կապված, թե՞ այն կհաստատվի առանց խոչընդոտների:
- Չեմ կարծում, որ ֆորսմաժորային իրավիճակներ կլինեն, առավել եւս, որ դրա պատճառները չկան: Կարծում եմ` ընդհանուր առմամբ, դրական քայլ է մեր կողմից ԵՏՄ-ին միանալը, եւ պետք է աշխատենք հնարավորինս` այդ միությունից մեր երկրի համար օգուտներ քաղել:
- Սակայն օր օրի ավելանում են ոչ իշխանական «եռյակի» կողմից հնչող իշխանափոխության կոչերը: Արդյո՞ք այս լոբբինգը ընդդեմ ԵՏՄ անդամակցման չէ գործում:
- Չէի ասի, թե «եռյակը» դեմ է Եվրասիական տնտեսական միությանը միանալուն: Իսկ ինչ վերաբերում է իշխանափոխությանը, դրա համար հիմքեր ու պատճառներ չեմ տեսնում: Ի՞նչ պետք է արվի, որ չի արվում, բերում է երկրի վատթարացման: Ո՞վ է ասում, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում անել ինչ պետք է, եւ ինչ-որ մեկը պետք է գա, որ ավելի լավացնի երկրի վիճակը:
- Օրինակ, այլընտրանքային ԲՀԿ-ն ընդդիմադիր կոչեր անելով` փնովում է կառավարությանը եւ իշխանություններին:
- Ես չէի ցանկանա գնահատել, ամեն դեպքում իրենց իրավունքն է քննադատելը, հայտարարելը` անկախ նրանից` կլինեն ընդդիմություն, թե կմնան ոչ իշխանական ուժեր: Դա իրենց որոշելիքն է:
«ԿԱՐԵԼԻ Է ՇԱՏ ՀՍՏԱԿ ՎԵՐԼՈՒԾԵԼ, ԹԵ ՈՎ Է ՍՏՎԵՐՈՒՄ, ՈՎ` ՈՉ»
-Ի դեպ, հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադարձ եղավ կառավարության որդեգրած խոշոր բիզնեսի ստվերային հատվածի դեմ պայքարին: Ինչպե՞ս կգնահատեք այս գործընթացը:
- Անկեղծ ասած, ընդհանրապես չեմ հասկանում մի բան, որ ստվերի դեմ պայքարի ցուցանիշները թվային արտահայտությամբ բերվում եւ մտցվում է բյուջեի երկամտային մասի մեջ: Դա ամենօրյա աշխատանք պետք է լինի, բացի այդ, թե ինչպես է ստվերը որոշվում, տարբեր կարծիքներ կան: Չեմ կարծում, որ այսօր հստակ գնահատական կա, թե ստվերը մեր երկրում ընդհանուր քանի տոկոս է կազմում, մինչդեռ ամեն տարի որոշում ենք, թե ինչքան ստվերից եկամտի մասով գումար բերենք: Կարծում եմ, որ պետք է մեր պետական մարմինները համապատասխան ամենօրյա աշխատանք տանեն այս ուղղությամբ: Այդ թվերը կարելի է համակարգչի առաջ նստել եւ շատ հստակ վերլուծել, թե ով է ստվերում, ով` ոչ, ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:
«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ
ԱՅԴ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ»
-Կրկին անդրադառնալով ԵՏՄ-ին, որպես ԱԺ Տնտեսական հանձնաժողովի անդամ, ըստ Ձեզ, Հայաստանն առաջիկայում ի՞նչ օգուտներ կքաղի այս միությունից:
- Այնքան դժվար հարց եք տալիս: Ես հայ-ղազախական բարեկամական խմբի ղեկավարն եմ եւ վերջերս Ղազախստանի պատգամավորներին այդ հարցը տվեցի: Եվ քանի որ իրենք բավական ժամանակ է այդ միության մեջ են, ինձ հրավիրեցին Ղազախստան եւ խոստացան այնտեղ ավելի մանրամասն դրա դրական ու բացասական կողմերը ցույց տալ: Կարծում եմ` ընդհանրապես ԵՏՄ-ին միանալով` տնտեսական օգուտները առաջնահերթ տեղ չեն գրավում, եւ օգուտներն ավելի անվտանգության խնդրին են վերաբերում: Իսկ թե տնտեսական առումով ինչ կլինի, պետք է աշխատենք մաքսիմում օգտվել դրանից: Օրինակ, Ղազախստանն այսօր համեմատաբար արագ զարգացող հարուստ երկիր է դարձել: Պետք է կարողանանք ընդհանուր եզրեր գտնել եւ այդ համագործակցությունը շահավետ ձեւով իրականացնել:
- Իսկ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կվախեցնե՞ն ԵՏՄ անդամ երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին:
- Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական են անդրադառնում մեզ վրա ու անդրադառնալու են, բայց չեմ կարծում, որ այդ պատժամիջոցները կգործեն: Մեր կողմից պետք է աշխատենք հնարավորինս դեմն առնել այդ պատժամիջոցների:
- Ամեն դեպքում, որոշ վելուծաբաններ եւ քաղաքական օղակներ ասում են, թե անդամակցման հարցում սխալվեցինք կամ շտապեցինք:
- Դա ժամանակը ցույց կտա: Ոչ ոք չի կարող ասել, թե շտապեցինք կամ չշտապեցինք, կամ գուցե ուշացած է արդեն...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

