«ԱՅԴՊԻՍԻՆՆԵՐՆ ԱԶԱՏ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ԿԼԻՆԵՆ ԻՐԵՆՑ ՆՆՋԱՐԱՆՆԵՐՈՒՄ» . ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Արխիվ 12-16«ԱՅԴՊԻՍԻՆՆԵՐՆ ԱԶԱՏ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ԿԼԻՆԵՆ ԻՐԵՆՑ
ՆՆՋԱՐԱՆՆԵՐՈՒՄ» . ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Ընթերցողներից շատերը կհիշեն դատական այն քաշքշուկը, որում հայտնվել էր «Իրավունք» թերթը:
Հիշեցնենք` Եվրատեսիլ 2014-ին երգիչ-երգչուհի Կոնչիտայի մասնակցելուց եւ հաղթելուց հետո շատերը, այդ թվում` երգչուհիներ Ինգա եւ Անուշ քույրերը, լրատվամիջոցներից մեկում հարցազրույց տալով, իրենց բացասական կարծիքն են հայտնել Կոնչիտայի հասցեին: Այն դուր չէր եկել սույն գործով հայցվորներին, որոնք իրենց, մեղմ ասած, բացասական կարծիքն էին հայտնել, ինչպես նաեւ վիրավորական որակումներ տվել Անուշ եւ Ինգա քույրերի հասցեին: Բացասական այդ կարծիքները անարձագանք չէր թողել «Իրավունք» թերթը, մասնավորապես www.iravunk.com կայքում հայցվորների մասին քննադատական հոդված էր գրել: Սույն գործով հայցվորները` Լիլի Մինասյանը, Աննա Շահնազարյանը, Արաքսյա Հակոբյանը, Արեւիկ Մարտիրոսյանը, Դավիթ Թադեւոսյանը, Էլվիրա Մելիքսեթյանը, Գայանե Առուստամյանը, Գայանե Ղազարյանը, Մամիկոն Հովսեփյանը, Նվարդ Մարգարյանը, Պերճուհի Կաժոյանը, Վահանչերազ Իշխանյանը, Վահան Սեդրակյանը, Վարդան Համբարձումյանը դիմել էին դատարան, իբր թե վիրավորվելով նրանից, որ 17.05.2014 թվականին «Իրավունք» թերթի կայքէջում տեղադրվել է հետեւյալ վերնագրով հոդված` «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը»: Եվ հոդվածի ներքին հատվածում տեղադրված էր 60 հոգու, այդ թվում հայցվորների ֆեյսբուքյան էջերի հղումներ, որոնց էլ ուղղված էր վերոնշյալ հոդվածը: Ի դեպ, պատիվ ու արժանապատվություն պահանջող վերոնշյալ անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով «Եվրատեսիլ» մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: Դատարանը, սակայն, մերժել էր հայցը այն հիմնավորմամբ, որ հոդվածը որեւէ վիրավորանք կամ զրպարտանք չի պարունակում:
Բնականաբար, հայցովոր կողմը չէր կարող ընդունել իր պարտությունը եւ հենց դատարանում հայցվորներից մի քանիսը հայտարարել էին, որ «Իրավունքը ֆաշիստական թերթ է»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանից «Իրավունքը» նախ պարզեց` մեր երկրում խոսքի եւ մամուլի ազատությունն ինչ վիճակում է: «Հայաստանում խոսքի ազատությունը բավական բարձր մակարդակի վրա է: Նույնիսկ այն աստիճանի է ազատ, որ մարդիկ կարող են վիրավորել միմյանց եւ համարել, որ դա խոսքի ազատություն է: Իսկ եթե ավելի լուրջ, Հայաստանում այսօր կարծիք հայտնելն այդքան վտանգավոր չէ, որքան տասը կամ քսան տարի առաջ: Պարզապես այլ հարց է, թե որքանով է հնչեցված խոսքն ազդեցիկ իշխանության համար, որքանով է իշխանությունը լսում որեւէ առաջարկ»,- ասաց քաղաքական գործիչը:
- Պրն Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ որոշ անհատներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ կարող են դատի տալ լրատվամիջոցին ազատ արտահայտվելու համար:
-Եթե չկա վիրավորանք կամ միտումնավոր սուտ, դա իհարկե, անհեթեթություն է: Լրատվամիջոցը իրավասու է իր տեսակետն ու կարծիքը ներկայացնելու: Լրատվամիջոցն է, որ պետք է ազատ խոսքի իրավունք ունենա:
- Դուք, հավանաբար, կհիշեք, որ համասեռամոլների լոբբինգով զբաղվող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ դատի էին տվել «Իրավունք» թերթին, քանի որ 17.05.2014 թվականին «Իրավունք» կայքէջում տեղադրվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը» վերտառությամբ հոդված, որը, ըստ հայցվորների, պարունակում է մեղադրանք ու վիրավորանք: Դատարանը, սակայն մերժել էր հայցը: Դատավճռի հրապարակումից հետո հայցվորներից ոմանք դատարանում թերթին ,,ֆաշիստական,, որակումը տվեցին: Չե՞ք կարծում, որ նման որակումներ տալով` խոսքի ազատության, վիրավորանքի ու զրպարտանքի մասին խոսողներն իրենք են բռնանում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի վրա:
-Եթե իրենց համար ֆաշիստական է այն, որ թերթը պաշտպանում է մեր ընտանիքի արժեքները, ցանկանում, որ երեխան դաստիարակվի իրական ավանդական ընտանիքում, որ երեխան զերծ մնա այն տեղեկատվությունից, որը վտանգավոր է նրա դաստիարակության ու առողջության համար, իրենք բացարձակ սադիստ են այդ տեսակետից: Մեր ժողովուրդն ունի իր ազգային արժեհամակարգը, որից չի ցանկանում հրաժարվել: Դուք իզուր եք դրանից վիրավորում, քանի որ նրանք հասարակության այն չնչին մասն է, որն ավելի շատ ագրեսիվ է եւ հույս ունի` Եվրոպան իրենց կպաշտպանի: Որպեսզի նրանք իրենց այսքան ազատ ու հանգիստ չզգան… իրենք ազատ ու հանգիստ կարող են լինել իրենց ննջարաններում, եթե նրանք այդպիսին են: Բայց ոչ մի իրավունք չպետք է ունենան (եւ դա մեր հասարակության բացարձակ մեծամասնության պահանջն է) զբաղվել քարոզչությամբ, իրենց ներկայացնեն հալածվող ու չգիտեմ ինչ: Դրա համար պետք է օրենքն աշխատի: Այսօր լինելու է մեր կուսակցության խորհրդի նիստը, որտեղ քննարկելու ենք երեխայի պաշտպանության մասին օրենքում լրացումներ կատարելու մեր առաջարկը: Մեր առաջարկը ներկայացնելու ենք կառավարություն ու ԱԺ:
- Կարելի՞ է Ձեր խոսքից ենթադրել, որ նմանատիպ ՀԿ-ներն են բռնանում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի վրա:
- Եթե նրանք հարձակումներ ու ագրեսիվ գործողություններ են անում, իհարկե նրանց կողմից է առաջ գալիս նման բաներ ( լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի վրա բռնանալը-խմբ.): Եթե մենք թույլ ենք տալիս, որ նրանք այդ ամենի մասին բարձրաձայնեն, նույն ձեւով մենք պետք է իրավունք ունենանք ասելու ու դատապարտելու այն ամբողջ կեղտը, որն իրենք տանում են իրենց մեջ:
- Փաստորեն, նմանատիպ ՀԿ-ներն են խախտում սահմանադրության այն դրույթը, որով սահմանվում է լրատվամիջոցի, քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը:
-Այո: «Իրավունքը» իրավունքինն է, կարելի է էսպես ասել: Առավելես, եթե դատարանը չի տեսել, որ լրատվամիջոցը խախտել է օրենքը, ուրեմն ճիշտ է խմբագրությունը:
Սոնա Դավթյան

