«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՖԱԼՍՏԱՐՏԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ». ՆԱԽԿԻՆ ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արխիվ 12-16«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՖԱԼՍՏԱՐՏԻ
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ». ՆԱԽԿԻՆ ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Մեր զրուցակիցն է ԱԺ նախկին ԲՀԿ պատգամավոր, գործարար Ռոբերտ Թովմասյանը, ումից պարզաբանեցինք նրա մոտեցումները անցած եւ ներկա գործընթացների, քաղաքական իրավիճակի եւ երկրում առկա խնդիրներից դուրս գալու նրա տեսլականի վերաբերյալ:
- Պարոն Թովմասյան, Դուք նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավոր էիք եւ ներկայացնում էիք ԲՀԿ խմբակցությունը: Այս գումարման ԱԺ-ում Դուք չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը: Ինչո՞վ կբացատրեք եւ ինչո՞վ եք զբաղվում հիմա եւ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
- Ճիշտն ասած, ԱԺ պատգամավոր եղած ժամանակ էլ ինձ ավելի հոգեհարազատ էր գործարարությունը,քան պատգամավոր լինելը, չնայած որ պատգամավոր լինելը եւս պրոֆեսիոնալ, գիտելիքներ պահաջող աշխատատար գործունեություն է: Հիմնականում գործարարությամբ զբաղվելու պատճառն էր, որ ես չառաջադրվեցի եւ ընտրեցի այս ճանապարհը:
- Լուրեր են պտտվում, որ Դուք դուրս եք եկել ԲՀ կուսակցության շարքերից: Ո՞րն էր պատճառը:
- Լուրջ պատճառ, որպես այդպիսին, չկար: Ուղղակի իմ գործունեության բնագավառից ելնելով` ես արդեն չէի կարողանում ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ մինչ այդ ես` որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության տարածքային ղեկավար, ակտիվ էի, ուստի որոշեցի դուրս գալ կուսակցությունից եւ դիմում գրեցի: Իմ դիմումի համաձայն` դուրս եկա կուսակցության շարքերից:
- Երկրում ընթանում են ոչ իշխանական եռյակի կողմից ծավալված, այսպես կոչված, ընդդիմադիր գործընթացներ: Կխնդրեի Ձեր կարծիքը հայտնել այդ գործընթացների վերաբերյալ:
- Ճիշտն ասած, մի քիչ չեմ պատկերացնում այդ շարժման իմաստը: Չգիտեմ` կարող է ես լավ չեմ հասկանում քաղաքականությունից (ժպտում է): Ես կարծում եմ` հիմա այդ գործընթացների պահը չէ. ոչ նախագահական, եւ ոչ էլ ԱԺ-ի ընտրություններ կան առջեւում, որոնց շրջանակներում փորձում են դեվիդենտներ ստանալ:
Քաղաքական կառույցի հիմնական նպատակը դեվիդենտներ շահելն է, որով մարդկանց կողմնորոշում են եւ ուղղորդում համապատասխան գործունեության, իսկ այս պահին հարցը գնում է իշխանություններից ինչ-որ տասներկու կետերից բաղկացած պահանջների բավարարման մասին, դրանք էլ այն պահանջները չեն, ըստ իս, որոնք որ երկիրը կարող են այս վիճակից դուրս հանել: Մի պահ ֆալստարտի տպավորություն է թողնում նրանց սկսած գործընթացը: Եթե այդ տասներկու պահանջներում ես գտնեի գոնե մեկ, որը էական, իրական փոփոխություն կմտցներ Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի մեջ, ես էլի իմաստ կտեսնեի այդ շարժման մեջ, բայց, ճիշտն ասած, չեմ տեսնում, չեմ պատկերացնում:
- «Եռյակը» հայտարարում է, որ երկրում տիրող իրավիճակի արդյունքում անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ եւ իշխանափոխություն:
- Նախագահական արտահերթ ընտրությունների մասին ես չեմ լսել: Կոնկրետ, ԲՀԿ-ի կողմից նման հայտարարություն չեմ լսել, իսկ մյուս կուսակցությունների, օրինակ` «Ժառանգության» կողմից դա միշտ էլ եղել է: Դա նորություն չի, միշտ էլ մինչեւ ընտրությունները նման հայտարարություններ լինում են:
- ԲՀԿ-ի կողմից հայտարարվեց, որ եթե մեր պահանջները չկատարվեն, մենք կպարտադրենք իշխանափոխություն:
- Նախ ասեմ ձեզ, որ նրանց ներկայացրած պահանջների մասին ես արդեն նշել եմ, ու դրանք չեմ համարում որպես իշխանափոխության պատճառ: Իսկ ինչ վերաբերվում է պահանջի արտահայտման ձևաչափին, ապա կասեմ, որ վաղն էլ նրանք կարող է ասեն` եթե արևը հանկարծ այն սարի ետեւից դուրս չգա, ինչ ուզենք, դա էլ կանենք. հիմա ինչ` պիտի արեւին պարտադրենք նրանց ուզած սարի ետեւից դուրս գա՞:
Կոնկրետ պահանջ պետք է ներկայացնել` սա, սա պետք է անել եւ այս ժամանակահատվածում:
- Ինչպիսի՞ն է ձեր հարաբերությունները մարզային իշխանությունների հետ, եւ մի քանի խոսքով ներկայացրեք Չարենցավանում սպասվող քաղաքապետի ընտրություններին ձեր մասնակցության ձեւը, եթե, իհարկե, նախատեսում եք մասնակցել:
- Մարզային իշխանությունների հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ: Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին էլ դեռեւս չեմ պատրաստվում որեւէ ձեւով մասնակցություն ունենալ ու չեմ մասնակցել ոչ մի անգամ որեւէ ձեւաչափով: Դեռեւս նման բան չի եղել, բայց եթե լինի, նախօրոք տեղյակ կպահեմ, որ այս ձեւով, այս ձեւաչափով պատրաստվում եմ մասնակցելու: Ընդհանրապես իմ բնավորության մեջ չկա ինչ-որ բան թաքուն անելու հատկությունը:
- Ի՞նչ կասեք Ձեր տնտեսական գործունեության վերաբերյալ` ի՞նչ եք արել, ի՞նչ եք պատրաստվում անել եւ որքա՞ն աշխատողներ ունեք:
- Ես միշտ զբաղվել եմ գործունեությամբ, անգամ պատգամավորական տարիներին մշտապես օգնել եմ գործարարներին խորհրդատվությամբ, իմ գործարար կապերով, արտասահմանյան գործարար շրջանակներում ունեցած իմ կապերով նպաստել եմ, որպեսզի գործարարություը Հայաստանում ինչ-որ չափով զարգանա: Հիմա էլ եւս զվաղվում եմ գործարարությամբ, հիմնադիր եմ մի քանի ձեռնարկությունների, որտեղ աշխատում են քսանից-հարյուր մարդ, ըստ ձեռնարկությունների: Իսկ եթե հաշվենք կոոպերացիայով, աշխատում են մոտավորապես 350 մարդ: Ինչ է նշանակում կոոպերացիա: Որ եթե հայ մարդը անգամ աշխատում է արտերկրում, ես նպաստում եմ նաեւ դրան, քանի որ արտերկրում եւս ունեմ ձեռնարկություններ:
- Ձեր գործունեության ընթացքում Ձեր բիզնեսին բռնի կերպով «փայ» մտնելու դեպքեր եղե՞լ են:
- Ասեմ, որ իմ պարագայում դա նույնիսկ ծիծաղել է, որովհետեւ իմ բիզնեսում բռնի կերպով «փայ» մտնել անիմաստ է: Ինչի համար, որովհետեւ իմ բիզնեսը միշտ կազմված է եղել եւ կազմակերպվել է իմ գիտելիքների հենքի վրա, այսինքն` միշտ արել եմ այնպիսի բան, ինչը որ ուրիշ մարդ հաստատ չէր կարող անել: Դուք պատկերացնում եք` ինչպես կարելի է գիտելիքի մեջ «փայ» մտնել:
- Կուսակցության ղեկավարներից մեկը վերջերս հայտարարեց, որ երկրում բռնի կերպով բիզնես մտնելու գործող արատավոր երեւույթ կա: Որպես գործարար մարդ` ձեզ հետ նման բան եղե՞լ է:
-Ես նման բան չգիտեմ, սակայն ինձ էլ են մոտենում, որպեսզի իրենց բիզնեսի մեջ ես «փայ» մտնեմ, եւ իրենց բիզնեսը ինչ-որ չափով` իմ կողմից գումարային ներդրումներով, ունեցած կապերով եւ այլ միջոցներով, շահի: Սակայն ես նման բնավորություն չունեմ: Բայց հնարավոր է` լինեն մարդիկ ու գնան այդ քայլին, բայց դա չի նշանակում, որ բռնի կերպով իր ձեռքից բիզնեսի փայաբաժին վերցրեցին եւ այլն:
- Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկրի ապագան:
- Ես իմ երկրի ապագան տեսնում եմ որպես օրենքի գերակայության երկիր, ուր օրենքները պիտի գործեն հավասարաչափ բոլորի համար: Եթե օրենքը բոլորի համար գործի հավասարաչափ, երկրում կլինի նաեւ սոցիալական արդարություն, եւ հնարավոր չի լինի այսպիսի երկրում, աղքատացնելով ուրիշներին, դիզել աստղաբաշխական գումարներ: Ես կարծում եմ, որ եթե որեւէ մեկը, աշխատելով ՀՀ-ում, ունի այդպիսի գումարներ, ապա գրեթե անհավանական է, որ դա աշխատվել է արդար ճանապարհով:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

