ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ «ԵՌՅԱԿԻ» ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԻ ԿԱՊՈՒՄ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ «ԵՌՅԱԿԻ» ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԻ
ԿԱՊՈՒՄ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ «եռյակը»` ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», միասնաբար պետք է պահանջեն արտահերթ նախագահական ընտրություններ, ՀՀ նախագահի հրաժարականը, սակայն Ազատության հրապարակում արդեն եղել է երկու հանրահավաք, սակայն վերոնշյալ պահանջները «եռյակի» կողմից միասնական կերպով չեն հնչեցվել: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
- Տիկին Փոստանջյան, եթե Ձեր կողմից բարձրաձայնված պահանջները «եռյակի» կողմից չեն հնչեցվում, ինչո՞ւ է «Ժառանգությունը» շարունակում համագործակցել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ, առավելեւս, եթե դուք պնդում եք, որ «եռյակը» միասնական օրակարգ չունի:
- Երեւի դա պետք է հղեք «Ժառանգություն» կուսակցության վարչությանը:
-Բայց Դուք «եռյակի» ուժերից մեկի` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր եք:
-Այո: Ես կողմ եմ փոքր համագործակցությանը, բայց ավելին դեռ չի իրականացրել:
- Իսկ հույս ունե՞ք, որ կիրականացվի:
- Ես ինքս հույսեր չեմ կապում (նկատի ունի «եռյակի» հետ-խմբ.):
- Տիկին Փոստանջյան, Դուք պետական դավաճաններ եք որակում անձանց, որոնք կողմ քվեարկեն Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Չե՞ք կարծում, որ սրանով վտանգում եք, ինչպես դուք եք բազմիցս հայտարարել, «եռյակի» փոքր համագործակցությունը, «Ժառանգության» մնալ-չմնալը «եռյակի» կազմում:
- Ոչ, չեմ կարծում:
- Ինչո՞ւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, երբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ խոսողներին ջղաձգվողներ անվանեց, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համարժեք պատասխան չտվեց:
- Այդ հարցերն ուղղեք պրն Հովհաննիսյանին:
- Բայց կոռ՞եկտ եք համարում երկրորդ անգամ ջղաձգվող որակել «Ժառանգությանը»:
-Քաղաքական գործիչը պետք է նման բառեր չօգտագործի, բայց երբեմն երեւի արդեն հունից դուրս է գալիս եւ օգտագործում է:
- Ինչո՞ւ «Ժառանգությունը» համարժեք ձեւով չի արձագանքում ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը:
-Ես կարծում եմ` բոլոր դեպքերում պատասխաններ տրվում են:
- Իսկ այդ պատասխանները համարժե՞ք են ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը:
- Դա թող հանրությունը գնահատի:
- Շատերը հոկտեմբերի 24-ին անհամբեր սպասում էին ԲՀԿ առաջնորդի ելույթին: Արդյոք նրա ելույթը ծրագրային կարելի է համարել:
- Ես չէի սպասում այդ ելույթին: Առանձնապես չեմ էլ գնահատել այդ ելույթը:
- ԲՀԿ առաջնորդը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից որոշ պահանջներ հնչեցրեց: Արդյոք այդ պահանջներին «եռյակի» մյուս երկու ուժերը համամիտ են:
- Ես ասում եմ`«եռյակը» դեռ փոքր համագործակցություն է, որը չունի միասնական օրակարգ:
- Ձեր ներկայացրած ութ կետերն ընդունվեցի՞ն «Ժառանգության» կողմից:
- Այս պահի դրությամբ ես պատասխան չունեմ:
Սոնա Դավթյան

