ՄԻ ՎՃԱՐԵՔ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՔ
Արխիվ 12-16ՄԻ ՎՃԱՐԵՔ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՔ
2013 թվականի դեկտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանը դատի է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին` պահաջելով պատգամավորից հօգուտ վարչական շրջանի գանձել 436 հազար 476 դրամ: Տեղի է ունեցել վեճ պարոն Ախոյանի եւ`Երեւան համայնքի միջեւ, որի արդյունքում գործը հասել է դատարան: Արաբկիր վարչական շրջանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Ա. Ախոյանի պահանջելով այդ գումարը:
Բացի այդ պահանջից Երեւան համայնքը վարչական դատարան է ներկայացրել ՀՀ ոստիկանության` 2013թ. սեպտեմբերի 29-ի գույքահարկի գործով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք: Պարզվում է, որ պարոն Ախոյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «TOYOTA-LC 200 4.7» մակնիշի 02 NN 008 պետհամարանիշով ավտոմեքենայի համար ունի գույքահարկի չկատարած եւ ժամկետանց պարտավորություններ: Ախոյանը 2010-ից 2012 թվականների համար համայնքի բյուջե պետք է վճարեր 282 հազար դրամ գույքահարկ, ինչպես նաեւ` 154 հազար դրամ տույժ: Իսկ ահա 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր` նախագահությամբ դատավոր Արթուր Ծատուրյանի, որոշել է բավարարել Երեւան համայնքի պահանջը` Ա. Ախոյանից 436 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ: Պարզվում է, որ պարոն Ախոյանը անգամ տեղյակ չէ, թե մուծվել են պետական տուրքերը, թե ոչ, «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ իրենց տանը տղան, կամ աղջիկն են զբաղվում այդ հարցերով եւ կարծում է, որ վճարել են:
Փաստորեն ԲՀԿ-ական պատգամավորը կարող է տարիներով պետական տուրքը չվճարել ու հանգիստ ապրել եւ առավել զարմանալին այն է, որ պարոն Ախոյանը բացի այն, որ տեղյակ չէ պետության նկատմամբ ունեցած իր պարտավորությունների մասին, նրան անգամ չի էլ հուզում այդ հարցը եւ առավել եւս եկած տուգանքի չափը: Դե եթե փորձենք ուսումնասիրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ու մասնավորապես ԱԺ պատգամավորների խորհրդարանից դուրս գործունեությունները, ապա կհամոզվենք, որ նրանցից յուրաքանչյուն ունի բիզնես, եւ պետության կողմից իրենց տրվող մոտ 400 հազար դրամ աշխատավարձը աչքներին անգամ չի գալիս, իսկ այդ չափով տուգանքները կգան ու կգնան: Այստեղից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի վերջին շրջանի քաղաքական ոգեւորվածությունը, վկայում է նաեւ այն մասին, որ ձգտում են իշխանափոխության, որպեսզի իշխանության գալով, խախտումներ կատարելը, պետական պարտավորություններից խուսափելը լինի ավելի դյուրին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

