«ԵԹԵ ՈՐՈՇԵՄ ՀԵՌԱՆԱԼ ԲԵՄԻՑ` ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ ԿԱՆԵՄ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ՈՐՈՇԵՄ ՀԵՌԱՆԱԼ ԲԵՄԻՑ` ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ ԿԱՆԵՄ»
Անցյալ տարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆԸ հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ բեմից, քանի որ պարուհու, հատկապես բալետի պարուհու համար կա տարիքային մի շրջան, որից հետո նա իրավունք չունի բեմում հանդես գալ: Սակայն, մինչեւ վերջերս հայ բալետի պրիման հանդես էր գալիս ներկայացումներում, իսկ բալետային արվեստը գնահատող հայ հանդիսատեսն էլ գոհ հեռանում էր դահլիճից: Վերջին մի քանի ներկայացումներում, սակայն, Ժ. Սարխոշյանը հանդես չի գալիս ոչ մի ներկայացման մեջ, եւ արդեն շրջանառվեցին խոսակցություններ, թե վաստակավոր արտիստը լքել է Հայաստանը, ավելին` դա պայմանավորված է կոնկրետ անձերի հետ, որոնցից նեղացած էլ հենց Ժակլինը որոշել է դիմել այդ քայլին:
«Իրավունքը» այս եւ այլ հարցերի պատասխաններ պարզեց հենց հայ բալետի պրիմայից.
«ՈՒԶՈՒՄ ԷԻ ՀԵՌԱՆԱԼ, ԲԱՅՑ...»
- Ժակլին, անցյալ տարի դեռ ասացիք, որ բեմից Ձեր հեռանալու ժամանակն է,
քանի որ պարուհիների, հատկապես բալետի պարուհիների համար կա տարիքային մի շրջան, որից հետո իրավունք չունի նա բեմում լինելու: Փաստորեն, դուք հեռացաք ոչ միայն բեմից, այլեւ Հայաստանի՞ց:
- Ես դեռ բեմից չեմ հեռացել, ուզում էի հեռանալ, բայց դեռ շատ անելիքներ ունեմ. պայմանավորվել եմ թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ, որ կվերադառնամ եւ հանդես կգամ նոր ներկայացման մեջ` Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ում: Եթե որոշեմ հեռանալ բեմից` անպայման հրաժեշտի երեկո կանեմ իմ հանդիսատեսի համար:
«ՈՉ ՄԵԿԻՑ ԷԼ ՆԵՂԱՑԱԾ ՉԵՄ»
- Հիմա Հայաստանում խոսակցություններ են պտտվում, որ Դուք ստիպված եք եղել լքել երկիրը, քանի որ ունեցել եք այլ պատճառներ` նույնիսկ նեղացած եք: Իրականում ինչո՞ւ մեկնեցիք Հայաստանից:
- Ոչ մեկից էլ չեմ նեղացել: Եթե նույնիսկ նեղանայի, երկրից չէի հեռանա: Չկա նման բան: Պարզապես ստացա շահավետ առաջարկ, եւ ոչ միայն ես, այլեւ ամուսինս, այդ պատճառով էլ որոշեցինք որոշ ժամանակով բացակայել երկրից: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ես ապրում եմ վարձով, եւ այդ պատճառով էլ չէինք կարող հրաժարվել այդ առաջարկից:
- Նույնիսկ կան խոսակցություններ, թե կոնկրետ անձերի հետ է պայմանավորված երկրից Ձեր հեռանալը:
- Ոչ, ես հաճախ էի կարճ ժամանակով բացակայում երկրից, ունեի հրավերներ թե՛ պարելու, թե՛ դասավանդելու, թե՛ բեմադրելու: Տարբերությունն այն է, որ այս անգամ մի փոքր երկար ժամանակով ստացա հրավեր...
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶԸ
ԽԱՂԱՂ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»
- Իսկ հայաստանյան բալետային ասպարեզն ի՞նչ վիճակում եք թողել, կարո՞ղ
եք այն համարել խաղաղ, թե այնտեղ դեռ շարունակվում են «փոթորիկները»:
- Իհարկե, հայաստանյան բալետային ասպարեզը խաղաղ է եւ վստահելի ձեռքերում է: Վիլեն Գալստյանն իհարկե չէր ցանկանում, որ հեռանամ Հայաստանից` թեկուզ կարճ ժամանակով, սակայն ասացի, որ ամուսնուս մենակ չեմ թողնի:
- Որպես հայ բալետի պրիմա, ասպարեզում ունե՞նք անուններ ու արտիստներ, որոնք արժանի են բրավոների, ուժգին ծափերի եւ ի վերջո, պրիմայի տիտղոսը կրելու:
- Բոլոր այն առաջատար արտիստները, ովքեր աշխատում են մեր թատրոնում, արժանի են այդ տիտղոսին: Չմոռանանք, որ նույն այդ արտիստները Հայաստանից դուրս նույնպես այլ թատրոններում դառնում են տեղի պրիմաները:
«ՄԵԿՆԵԼ ԵՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ...»
-Իսկ որտե՞ղ եք եւ ինչով եք զբաղվում, առաջիկայում ի՞նչ գործունեություն եք ծավալելու: Եվ, արդյո՞ք կվերադառնաք Հայաստան:
- Մեկնել եմ դասավանդելու եւ անպայման կվերադառնամ թատրոն, քանի որ դեռ անելիք ունեմ: Կարող եմ ասել` իմ թատրոն, քանի որ 24 տարի աշխատում եմ եւ խոսք եմ տվել թե՛ իմ տնօրինությանը, թե՛ իմ գլխավոր բալետմայստերին, որ կվերադառնամ: Իսկ ինձ ճանաչողները գիտեն, որ ես իմ խոսքի տերն եմ:
«ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՄ ՀԱՐԱԶԱՏ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ»
-Մինչ վերադարձը` ի՞նչ ունեք փոխանցելու Ձեր հանդիսատեսին:
- Ես նրանց բոլորին շատ եմ սիրում եւ ստեղծագործում եմ իրենց համար, իսկապես պարտավորություն եմ զգում նրանց առաջ: Շատ շուտով կվերադառնամ եւ նորից հանդես կգամ ինձ համար այնքան հարազատ Օպերայի եւ բալետի թատրոնի բեմում:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
1993թ. ավարտել է Երեւանի պարարվեստի ուսումնարանը` որպես բալետի դերասան: 1991-ից աշխատում է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես առաջատար մենակատար: Հանդես է եկել հետեւյալ դերերով` Նինա` "Դիմակահանդես", Ժիզել` "Ժիզել", Կարմեն` "Կարմեն-Սյուիտ", Գայանե, Նունե` "Գայանե", Դեզդեմոնա` "Մավրի Պավանա", Ա. Պիացոլլայի "Տանգո", Փողոցային պարուհի, ընկերուհի, հրեշտակ` "Դոն Կիխոտ", Շոպենի "Շոպենիանա", Մաշա` "Շելկունչիկ", Մինկուսի "Պախիտա", Ֆրիգիա` "Սպարտակ": 2013թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

