Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Անդրանիկի Դավթյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Սվետլանա Իսախանյանը: Տնօրենի խոսքով.
- Հղին հիվանդանոց է ընդունվել հոկտեմբերի 24-ին: Դա նրա երկրորդ հղիությունն է եղել, եւ այդ ամբողջ ընթացքում գտնվել է հսկողության տակ: Կնոջ մոտ առանց որեւէ պատճառի սկսվել են ստամոքսի շրջանում ցավեր, օդի անբավարարություն: Հրավիրվել են մասնագետներ, վիրաբույժ, եւ նախնական եզրակացություններովª կնոջ մոտ պտղաջրերի էմբոլիա էր զարգանում: Սակայն հստակ նշել մահվան պատճառը` չենք կարող մինչեւ չլինի դատաբժշկական փորձաքննության պատասխանը: Նշենք նաեւ, որ Ա. Դավթյանի մահվան փաստի հետ կապված Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: