ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Լ
Արխիվ 12-16ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Լ
Երկրի բարոյահոգեբանական եւ սոցիալական ծանր վիճակի պատճառներից կարեւորագույնիª կոռուպցիայի վերաբերյալ հանրության եւ իրավապահների մոտ ընդհանուր գոնե մեկ համոզմունք ձեւավորված է. այդ հրեշի դեմ կռիվ պետք է տանք բոլորս:
Ըստ "Իրավունք" թերթի մեկ այլª տառացիորեն վերջերս ձեւավորված համոզմունքի, ՀՀ գլխավոր դատախազությունը (ԳԴ-ն) ազդարարել է կոռուպցիոն ռիսկերը շեշտակի նվազեցնելուն ուղղված գործընթացը սկսելու մասին: Այսպես, հոկտեմբերի 27-ին ՀՀ ԳԴ-ի նորացված կայքով բնակչությունը տեղեկացվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի 3 պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնվել է քրեական հետապնդումª պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առնչությամբ, իսկ երկու օր անցª հոկտեմբերի 29-ին, հանրությունը տեղեկացավ, որ մի շարք չարաշահումներ են արձանագրվել նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
"Իրավունքը" անմիջապես արձագանքեց այդ տեղեկատվությանըª միաժամանակ հայտնելով իր կարծիքն այն մասին, որ, ողջունելով այդ նախաձեռնությունները, այնուամենայնիվ չի կարող համարել դրանք արդյունավետ, եթե պատասխանատվության չենթարկվեն այն դատախազները, որոնք վերահսկել էին այդ պաշտոնյաների գործողությունները: Հոկտեմբերի 31-ին ԳԴ-ի կայքում տեղադրվեց հետեւյալ տեղեկատվությունը. "ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշմամբ` Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ...":
Բնականաբար, այդ փաստին չարձագանքել "Իրավունքը" չէր կարող, եւ ԳԴ-ի էլեկտրոնային հասցեով ուղարկվեց հոդվածի հեղինակի հետեւյալ բովանդակությամբ գրություն-նամակը. "Խնդրում եմ հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի այն քննիչի անուն-ազգանունը, ում վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի անուն-ազգանունը:
Սույն խնդրանքը պայմանավորված է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով համագործակցելու մեր պատրաստակամությամբ":
Կարծում եմª քիչ կլինեն նրանք, ովքեր կկասկածեն, որ զանգվածային լրատվամիջոցները իրավապահ մարմիններից ոչ պակաս տեղեկացված են լինում հանրապետությունում տեղի ունեցող հանցագործությունների մասին: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ լրատվամիջոցները հաճախ հանդիսանում են այն վերջին ատյանը, ում դիմում են հենց իրավապահ եւ դատական մարմինների կողմից նսեմացված քաղաքացիները, ապա դրանում համոզված են բացարձակապես բոլորը: Հետեւաբար, հանդիսանալով կոռուպցիոն երեւույթների փաստերը կուտակող, լրատվամիջոցների դերը կոռուպցիան ու կաշառակերությունը վերացնելու դեմ պայքարում գերագնահատելը անհնարին է: Ղեկավարվելով հենց այս իրողությամբª "Իրավունքը" մշտապես մատնանշել է ոչ միայն հանցագործության կոնկրետ դեպքերը, այլեւ դրանց կոնկրետ պարտակողներին: Շուրջ 3 ամիս առաջ մեր հրապարակման "հերոսն" էր դարձել Շենգավիթ վարչական շրջանի քննիչ Լեռնիկ Ստեփանյանը, ով, մեր համոզմամբ, չարամտորեն խոչընդոտել էր նախնական կալանքի տակ գտնվող մի մեղադրյալի պաշտպան ունենալուն եւ նրա միջոցով իր անմեղությունը հաստատող ապացույցը ներկայացնելուն: Մեկ այլ հրապարակման "հերոսներն" էին Նոր Նորք վարչական շրջանի քննիչ Սերգեյ Հովսեփյանն ու դատախազ Մ. Ենգիբարյանը, ովքեր փաստացի հրաժարվել էին քրեական գործին կցել հանցավոր արարքը հաստատող ապացույցները եւ կարճել էին վարույթը...
Համաձայնենք, որ հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացրած լրատվամիջոցը (լրատվամիջոցները) ունեն ոչ միայն օրինական, այլեւ բարոյական իրավունք` տեղեկանալու իրենց "հերոսների" ճակատագրերի մասին, առավել եւս, եթե նրանք արժանացել են "գլխավոր իրավապահների" ուշադրությանը կամ ենթակա են դրան...
Ցավոք, սույն նյութը թերթին հանձնելու պահին ԳԴ-ն հնարավորություն կամ նպատակահարմար չէր գտել պատասխանելª համագործակցության մեր գործնական առաջարկին:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

