"ԶԱՊԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՐ ԵԿԵԼ` ՕՇԱԿԱՆՑԻ ԳԵՎՈՐԻԿԻՆ ԵՎ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻՆ ԲԱՐԻՇԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ"
Արխիվ 12-16"ԶԱՊԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՐ ԵԿԵԼ` ՕՇԱԿԱՆՑԻ ԳԵՎՈՐԻԿԻՆ
ԵՎ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻՆ ԲԱՐԻՇԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ"
"Օրենքով գող" Անդրանիկ Սողոյանը` Զապը, մի քանի շատ լուրջ առողջական խնդիրներ ունի: Թեեւ լուրեր կան, որ խոսքը կերակրափողի վնասվածքի մասին է, սակայն նրա փաստաբանը մանրամասներ ներկայացնելուց զերծ է մնումª խոստանալով պատասխանել վաղը, երբ կհանդիպի իր պաշտպանյալին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց "օրենքով գողի" փաստաբան ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ապա անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին` փաստաբանը նշեց.-Հայաստանում նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվել. նրան մեղադրանք է առաջադրել Չեխիայի Հանրապետությունը, որտեղ էլ մեղադրանքը բողոքարկել եմ: Չեխիայում նրան մեղադրում են սպանության, սպանության կազմակերպման եւ դրամաշորթության մեջ: Պետք է ասեմ, որ զավեշտն այն է, որ իմ պաշտպանյալը այս նույն մեղադրանքով երեք անգամ արդարացվել է նույն Չեխիայի Հանրապետությունում: Թե ինչով է պայմանավորված նույն մեղադրանքը կրկին առաջադրել, դա ինձ համար առնվազն զարմանալի է: Այս պահին ընդամենը մի բան կարող եմ ասել. իմ պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Մենք ամեն բան կանենք, որ մեկ անգամ եւս ապացուցենք պաշտպանյալիս անմեղությունը:
- Իսկ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ թեեւ Ձեր պաշտպանյալի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված, սակայն նա այս ամիսներին գտնվում էր Հայաստանում:
- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:
"ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ "ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԸ"
ՆՈՐ ԹԱՓ ԿՍՏԱՆԱՆ
"Օրենքով գողի" անցած ճանապարհի, նրա կալանավորման պատճառների մասին զրուցեցինք նաեւ քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻ հետ, ով գրեթե համոզված է, որ Զապի կալանավորմամբ ամեն բան կրկին խառնվել է քրեական աշխարհում.
- Գողական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք սպառնում էին արյունահեղության վերածվել, կարծես, թե ավարտվել էին. այսինքն քրեական "ռազբորկայի" առաջին փուլը կարելի էր ավարտված համարել: Սակայն այժմ, երբ հայազգի "օրենքով գող" Զապը գտնվում է ՔԿՀ-ում, քրեական աշխարհի "ռազբորկաները" կշարունակվեն եւ նոր թափ կստանան:
- Խոսակցություններ կան, որ չնայած հետախուզում հայտարարելուն, Զապն այդ ընթացքում Հայաստանում էր, ինչը քիչ թե շատ տեղեկացվածների համար գաղտնիք չէր: Եթե այո, ապա ինչքանո՞վ է պատահական, որ միայն ամիսներ անց կայացվեց կալանավորման որոշում:
- Քրեական աշխարհի հետ կապված բոլոր այդ իրադարձությունները պատահականություն չեն: Նկատենք նաեւ, որ հանցագործ աշխարհի դեմ պայքարը, պահի տակ չպետք է լինի, այլ` անընդհատ:
Իհարկեª կարելի է զարմանալի փաստ համարել, որ Զապը տեւական ժամանակ Հայաստանում ազատ տեղաշարժվել է, չնայած նրա նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարմանը: Բայց չգիտես ինչու` հատկապես հիմա "անհրաժեշտ" եղավ նրա ձերբակալումը, եւ այստեղ շատ բնական հարց է առաջանում` ո՞ւմ էր նա խանգարում...
- Թե ում էր խանգարում, կարելի է փորձել կռահելª ելնելով մեկ այլ հարցից. ի վերջո ո՞վ է Զապը քրեական աշխարհում, ինչո՞ւ էր նա Հայաստանում:
- Զապը ամենահեղինակավոր "օրենքով գողերից" մեկն է: Նա "օրենքով գող" է թագադրվել 1994թ.` Մոսկվայում, "օրենքով գող" Նիգալ Բարսեղյանի միջնորդությամբ: Զապը գործունեություն էր ծավալում հիմնականում տնտեսական դաշտում, այսինքնª հանցագործություն անում էր միայն տնտեսական շահերից ելնելով, գաղափարներ չկային: Նա գործունեություն էր ծավալում արտերկրում, ամուսնացած չէ:
Զապն առավել հայտնի դարձավ հայազգի գործարարի սպանությունը պատվիրելուց հետ: 2007 թվականին Անդրանիկ Սողոյանը ծրագրել է հայազգի գործարար Արման Ահարոնյանի սպանությունը, իբրեւ թե այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իր եկամտից գումար փոխանցել քրեականներին: Այդ նպատակով Սողոյանը դիմել է մի խումբ հանցակիցների` չեչեններ Գիլանի Ալիեւին, Մահոմեդ Ալիեւին եւ հայեր Արսեն Կակոսյանին, Արսեն Առաքելյանին եւ Ռոման Մելքոնյանին: Ալիեւները վարձել են ուկրաինացի քիլլեր Տիմուր Տրետյակովին, ով 2007 թվականի նոյեմբերի 13-ին դանակահարեց մի հայիª համոզված լինելով, որ նա է "կամակոր" գործարարը: Դանակահարվածին չեխ բժիշկները կարողացան փրկել:
Սողոյանը 2008 թվականի հոկտեմբերին, ապա 2009-ի փետրվարին շարունակել է գործարար Ահարոնյանի սպանությունը կազմակերպելու փորձերը, ինչի համար երկու խումբ է կազմել: Այս գործն ամիսներ շարունակ չեխերի ուշադրության կենտրոնում էր: Դրա համար լրացուցիչ խթան է հանդիսացել այն հանգամանքը, որ Պրահայի գերագույն դատարանը Սողոյանի փաստաբան Յուլի Կրամարժիչին արգելել է շարունակել ամբաստանյալի պաշտպանությունը` հայտարարելով, թե փաստաբանը փորձել է վկաներից մեկին կես միլիոն կրոնով (մոտ 30 հազար դոլար) կաշառել եւ կեղծ ցուցմունք ստանալ:
Ինչ վերաբերում է Սողոյանի Երեւան այցելելուն, ապա իմ ունեցած տեղեկություններով, ինչպես նաեւ հանրության շրջանում տարածված լուրերի համաձայն` նա մտերիմ է եղել "օրենքով գող" օշականցի Գեւորիկի հետ: Ավելինª Զապը Հայաստան էր եկել` օշականցի Գեւորիկին եւ երրորդմասցի Լյովիկին բարիշացնելու համար:
Այն, որ օշականցի Գեւորիկի եւ երրորդմասցի Լյովիկի միջեւ տեղի ունեցած բախումը այս ամիսների ընթացքում "շատ ջուր է վերցրել", հայտնի խոսակցությունների թեմա է: Դրա հետ մեկտեղ կան նաեւ խոսակցություններ, որ այդ բախումները շատ ավելի լուրջ հիմքեր ունեն, եւ միայն հանցաշխարհի շրջանակներում չէ, որ պետք է տեղի ունեցածի պատճառներն ու նպատակները փնտրել: Իսկ այդ պարագայում, եթե Զապն իրականում Հայաստան էր եկել այդ հակամարտության վրա ինչ-որ կերպ ազդելու համար, ուրեմն իրոք միամտություն կլիներ նրա կալանավորումը միայն միջազգային հետախուզման փաստով բացատրելը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

