«ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂԻ ՏԵՂ ՊԵՏՔ Է ՉԴՆԵՆՔ...»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂԻ ՏԵՂ ՊԵՏՔ Է ՉԴՆԵՆՔ...»
Երեկ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԲՀԿ-ական պատգամավորներ Լյովա Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Վահագն Մախսուդյանը: Սակայն, վերջիններս ականջալուր լինելով ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի հորդորներին` որոշեցին օրենքի նախագիծը հետաձգել մինչեւ մեկ տարի:
Օրենքի փոփոխության, բնապահպանության փոխնախարարի արդարացումների, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության հարցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշման մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
Ո՞Վ Է ՍՈՒՏ ԽՈՍՈՒՄ` Ն. ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ԹԵ՞
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
-Պարոն Խաչատրյան, այս օրենքի վերաբերյալ ոչ վաղ անցյալում բնապահպանության նախարարի առաջին տեղեկալ Սիմոն Պապյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մի շարք ՀԿ-ներ մասնակցել են օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագծի քննարկմանը: Միեւնույն ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեղադրեց նրան` նշելով, որ «հատ առ հատ» հեռախոսազրույց է ունեցել այդ կազմակերպությունների հետ ու ճշտել, որ նրանցից եւ ոչ մեկը օրենքի այդ տարբերակը նախարարության հետ չի քննարկել: Ի վերջո, ո՞վ էր սուտ խոսում, քանի որ պարոն փոխնախարարը հանձնաժողովի նիստին կրկին արդարանում էր վերոնշյալ հարցն արծարծելով:
- Ես էլ եմ հանդիպել այդ մարդկանցից ոմանց հետ, որոնց կազմակերպությունների անուններն այդ ցանկում կար եւ նրանք նույնպես հերքել են` նշելով, որ չի եղել նման քննարկում: Պարզապես այստեղ ինչ-որ բառախաղ է գնում: Իրենք քննարկել են կարգը, ոչ թե օրենքը: Մարդիկ ասում են` մենք կարգն ենք քննարկել, ոչ թե օրենքը` շրջակա միջավայրի հետ կապված: Մինչդեռ մեզ ներկայացվել է, թե քննարկվել է օրենքը: Իրականում ես դեռ չեմ հանդիպել այդ կազմակերպություններից որեւէ մեկի հետ, որոնց անունը ցանկում կա եւ որոնք հաստատում են, որ քննարկվել է այդ օրենքի նախագիծը: Այնպես որ իրականությունը, թե որտեղ է, դուք լրագրող եք, ուսումնասիրություն կատարեք եւ հետեւություններ արեք:
ԲՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ
ԱՇԽԱՏԱՆՔԻ՞
-Իսկ ինչո՞ւ համաձայնվեցիք օրենքում Ձեր առաջարկած փոփոխության նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարի:
- Ինչպես Դուք լսեցիք, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը կառավարության որոշմամբ իրենք փոփոխություններ կանեն: Իսկ մեր առաջարկները բավական մեծ ցանկ ունեն` 9-ը կետ, որոնց մեծ մասի հետ համաձայնվում է կառավարությունը փոփոխություններ անել: Ինչ վերաբերում է պատասխանատվության խնդրին` կարծում եմ` երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ, ցանկացած օրն էլ վնաս է Հայաստանի բնությանը, էկոհամակարգին, որովհետեւ պարզապես չկա պատասխանատվության ինստիտուտ: Նույնիսկ փոխնախարարի կողմից հայտարարվեց, որ հեկ-երը կառուցում են նախագծից շեղումներով եւ շահագործում են, դա ընդհանրապես հասկանալի չէ: Նախագծից շեղումով որեւէ օբյեկտ շահագործման հանձնվելու իրավունք չունի, որովհետեւ ավարտական ակտ է ստորագրվում եւ պետք է պահանջին համապատասխանի, բացի որակը եւ այլն: Ու դրա պատճառներից մեկն այն է, որ պարզապես պատասխանատվության զգալի ինստիտուտ չկա: Կա հարյուրապատիկ, հիսունաապատիկ տուգանք, եւ բոլորը պատրաստ են տուգանքը մուծելու միայն օրենքը շրջանցեն, որովհետեւ օրենքը շրջանցելն ավելի շահութաբեր է, քան տուգանք մուծելը: Սա է խնդիրը, ինչպես հայտնի «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում է ասվում. «Տի սվայիխ դրուժկով բանդիտով բոլշե բայիշսյա, չեմ զակոնով», նույն վիճակն այստեղ է: Չկա օրենք, որն ավելի խիստ է, քան վարչական տուգանքները:
- Ըստ էության, օրենքի նախագծի հեղինակները, այնուամենայնիվ, համաձայնեցին այն հետաձգել մինչեւ մեկ տարի: Արդյո՞ք կարող ենք ասել, որ իշխանափոխության կոչերի փոխարեն ԲՀԿ-ն սկսել է համագործակցել իշխանությունների հետ:
- Բայց մեր բոլոր օրինագծերը համարյա հետ են ուղարկվում...Ես երբ առաջարկ էի անում, որ օրենք բերվի փոփոխությունների հետ կապված, ասում էի` դուք բերեք, ինձ համար անհրաժեշտ չի, պետք չի իմ անունը գրվի, բայց օրենքի անհրաժեշտությունը կա: Իմ ու քոն պետք է չլինի, եթե օրենքի անհրաժեշտությունը կա, եթե փաստ է բերում կառավարությունը, որ օրենքի նախագծից շեղվում է եւ օրենքը համապատասխան արձագանք չի ապահովում, դրանից ավել էլ ի՞նչ ասվի: Ավել ապացույց ի՞նչ է պետք, երբ նախարարությունն ինքն է ասում է, որ այսօրվա պատժամիջոցը, պատասխանատվության ինստիտուտը չի ապահովում օրենքի կիրառումը: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` այո, մենք այնտեղ, որտեղ կառավարությունը պատրաստ է կոնստրուկտիվ աշխատանքի, պատրաստ ենք համագործակցել: Այսօր ամեն օր խնդիր է առաջանում, ամեն օրն էլ իր գինն ունի, որքան ավելի շատ լինեն նման ձեւով շահագործված հանքերը, հեկ-երը, այնքան ավելի շատ են վնաս տալու մեր էկոհամակարգին: Իսկ դրանք վերականգնելու համար տասնյալ տարիներ են պետք: Մի չինովնիկի մի թերության պատճառով ընդունված օրենքը կամ գործողությունը, տասնյակ տարիներ է պահանջում դա շտկելու համար:
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԱՐՑԸ
-Անդրադառնանք նաեւ ՀՀ ԵՏՄ անդամակցմանը: Նոյեմբերի 17-18-ն արտահերթ նիստով խորհրդարան է բերվելու ԵՏՄ անդամակցման հարցը: Ի վերջո, ի՞նչ տեսակետ ունի հարցի վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը:
- Տեղյակ չեմ, կուսակցությունում չի քննարկվել, հետեւաբար չեմ կարող ասել, թե խմբակցությունն ինչպիսի դիրքորոշում կհայտնի:
- Հետաքրքիր է, թե Ձեր տեսակետը ինչպիսի՞ն է այս հարցի շուրջ:
- Պետք է ասեմ, որ իմ կարծիքը բազմանշանակ է: Մենք ինքներս մեզ հարց լուծողի տեղ պետք է չդնենք շատ հարցերում: Բոլորի հետ պետք է համագործակցենք: Այսօր ինչ-որ բաժանումներ ենք կատարում եւ ոչ մեկի հետ էլ չենք կարողանում համագործակցենք եւ նույնիսկ պատրաստ չենք համագործակցելու, մինչդեռ քաղաքականությունը տնտեսությունն է: Բոլոր դեսպանները միայն իրենց բիզնես ծրագրերն առաջ մղելով են զբաղված` իրենց երկրների համար: Կրկնում եմ` քաղաքականությունը դա հենց տնտեսությունն է, բիզնեսն է, մինչդեռ մենք ինքներս պատրաստ չենք ու չգիտենք, որտե՞ղ ենք միանում, ո՞ւր ենք միանում, ի՞նչ կավելանա, ի՞նչ չի ավելանա: Այնպես որ, պետք է նախ քո շուկան գրավես, նոր մտածես ուրիշների շուկայի մասին: Իսկ թե ԵՏՄ-ն ինչ կտա ու չի տա, չգիտեմ, քանի որ մենք մեր շուկան չենք գրավել, որ բերաններս բացենք նոր շուկաների համար: Ինչպես ռուսը կասեր. «Չուժոյ կառավայ ռօտ նե ռազեվայ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

