Բաքուն շարունակում է տեղեկատվական պատերազմը, այդուհանդերձ ադրբեջանական քարոզչությունը թուլացել է, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
"Գլոբալ նորությունն այն է, որ Ադրբեջանի քարոզչական դաշտում փոխվել է ղեկավարությունը` հակահայկական տեղեկատվական քաղաքականության մշակմամբ զբաղվող Էլնուր Ասլանովն ազատվել է աշխատանքից",- երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մարտիրոսյանը: Փորձագետի խոսքով` Ասլանովը մեղադրվել է այն բանում, որ նուրսիստ կամ գյուլենիստ է: "Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վախեցել է, որ գյուլենիստները կարող են ամրապնդել իրենց դիրքերը երկրում, եւ սկսել է պայքարն այն քաղաքական վերնախավի դեմ, որը կապեր ունի Գյուլենի հետ: Այդ կապակցությամբ էլ Ասլանովն ազատվել է",- ասաց Մարտիրոսյանը: Փաստորեն, փորձագետի կարծիքով, Ադրբեջանում այդ իմաստով սկսվել է ձեւափոխություն, քարոզչական դաշտը թուլացել է, իսկ ինքը` քարոզչությունը, վերադարձել է այն հին, ձեւական եւ ստանդարտ ձեւերին, որոնք գոյություն ունեին ավելի վաղ: "Առայժմ հայտնի չէ, թե ինչ կլինի հետո, բայց եթե նայենք Ադրբեջանում հրապարակվող հոդվածները, ապա ակնհայտ երեւում է, որ դրանց մակարդակը կտրուկ ընկել է",- ասաց նա: