ՉԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԷՇԸ ՑԵԽԻՑ ԿՀԱՆԻ՞
Արխիվ 12-16ՉԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԷՇԸ ՑԵԽԻՑ ԿՀԱՆԻ՞
Հետաքրքիր դիտարկում է արել վերլուծաբան Արծրուն Պեպանյանը` որ ՀՀ պատմությունում առաջին անգամ մասնակիցները բերման են ենթարկվել ընդդիմադիր հանրահավաքին: Եվ, իրոք, այդ զանգվածը, որին Ազատության հրապարակում ներկա-բացակա են անում, հեշտ ճանաչվում է: Իսկ սեփական կամքով եկողները երկրորդ հանրահավաքին ավելի քիչ էին, քան առաջինին, չնայած երկրորդի համար ավելի մեծ ծախս էր արվել, զորօրինակ` Օպերայի շենքից կախած հսկայական էկրանի տեսքով:
Մինչդեռ, եթե գործ ունենայինք "անկասելի" "համաժողովրդական շարժման" հետ, միտումը պետք է լիներ դեպի մասնակիցների քանակի աճը, այլ ոչ թե նվազումը: Իսկ ինչ կլինի հաջորդ հանրահավաքին, եւ արդյոք այդ հաջորդը կլինի` դժվար է ասել:
ԵՐԲ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԹԱՐԱՑՆՈՒՄ Է ՎԻՃԱԿԸ
Եղանակն էլ թարսի պես ցրտեց եւ դարձավ առավել անհարմար` հանրահավաքների համար: Հուսանք, որ այդ ցրտի համար իշխանությանը չեն մեղադրի, չնայած քարոզչական կայքերում այնպիսի մարազմատիկ բաներ կան, որ ռսի ասած` առանց կես լիտրի գլուխ չես հանի: Մասնավորապես` ծակ պրոֆեսոր "վերլուծաբանները" պնդում են, թե իշխանափոխությունն ընթանում է ըստ ծրագրի եւ ճանապարհային քարտեզի, իշխանությանն էլ չի հաջողվի շեղել ընդդիմությանը եւ ստիպել նրան գնալ ֆալստարտի:
Չնայած, այդ ինչպիսի՞ հանճարեղ ու հրաշագործ ծրագիր պետք է լինի, որը ծերուկ ԼՏՊ-ն չի ցանկանում "սկուտեղի վրա մատուցել Սերժ Սարգսյանին": Թերեւս ամենաճիշտն է ենթադրել, որ իրականում ոչ մի ծրագիր էլ գոյություն չունի, որ դա նման է "անորսալի Ջոյի" մասին պատումներին, ում ոչ ոք չի կարողանում ու չի էլ ուզում որսալ, քանի որ նա ոչ ոքի պետք չէ:
Իրավիճակը նմանվում է այն տարբերակին, որ պարզապես չիշխանությունը պետք է գտնի "էշը ցեխից հանելու" հնար: Արդեն քանիցս օդը տատանել են իշխանափոխություն բառով, որի տակը ոչինչ իրական չկա: Ու պետք է մտածեն հետագայի մասին, քանզի ցանկացած գործողություն կամ անգործություն վատթարացնում է վիճակը: Հաջորդ հանրահավաքն անել չեն կարող, բայց չանել էլ չեն կարող: Իրավիճակը սրել չեն կարող, բայց չսրել էլ չեն կարող: Կարճ ասած` այդտեղից լավ ելքեր գոյություն չունեն: Գոյություն չունեն միակ խաղացող ԲՀԿ-ի համար, քանզի, ինչպես ճիշտ է նկատել Արմեն Աշոտյանը, մնացյալը սուտ դեկորացիա են, այլ ոչ թե գործող անձ:
Հիմա չգիտես էլ ինչպես կոչել նախկին "եռյակը", որին միացել են մի "Զապորոժեցի" մեջ տեղավորվող մի քանի կուսակցություններ: Ու միացումը ուղեկցվում է բավականին զավեշտալի երեւույթներով: Օրինակ, ժամանակին նույնիսկ երազում չէր կարելի պատկերացնել, որ Գառնիկ Իսագուլյանը ջերմորեն պաշտպանի ԼՏՊ-ին, այն էլ ընդդիմախոսին դիմելով "տղա ջան"-ով, բայց փաստ է, որ դա տեսանք Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերում: Ժամանակին չէինք կարող նաեւ պատկերացնել, որ բազմահազարանոց հանրահավաքներում հնչող հիմնական առարկայական պահանջը լինի այնպիսի մանրուքը, ինչպիսին է 100 տոկոս համամասնական ընտրակարգը, եւ դա դիտարկվի մի հիմնարար բան, հանուն որի պետք է իշխանափոխություն անել: Բայց, երեւի թե, "էշը ցեխից հանելու" ընթացքում լրացուցիչ, նորանոր, անպատկերացնելի զավեշտների կհանդիպենք:
ՅՈ ԵՐԹԱ՞Ս ԲՀԿ
Հանրահավաքային "դամքաշներին" թերեւս կարելի է մի կողմ դնել, ու խոշոր հաշվով այլեւս հետաքրքիր չեն ոչ միայն Գառնիկ Իսագուլյանի տիպի գործիչները, այլ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ անգամ ԼՏՊ-ն: Միակ սուբյեկտն այդ ամենում, թերեւս հենց ԲՀԿ-ն է, որի շուրջ կան ինչպես բացահայտ, այնպես էլ ստվերային գործընթացներ:
Եվ այսպես, այդ կուսակցության առաջնորդը բավականին ծավալուն անդրադարձ կատարեց բիզնեսի շահերին` մանր, միջին եւ խոշոր: Նախ` բիզնես շերտը երկրում ամենեւին էլ բնակչության մեծամասնությունը չէ, եւ հարց է ծագում` բա մյուսնե՞րը: Ու արդյո՞ք կարելի է պատկերացնել մի փաթեթով միաժամանակ խոշոր եւ մանր բիզնեսի շահերի համատեղումը, երբ խոշոր բիզնեսը միշտ ձգտում է կլանել մանրին: Համ էլ, անհասկանալի է` ենթադրենք ԲՀԿ-ին նախեւառաջ հետաքրքրում է բիզնեսով զբաղվողների շահը, այդ դեպքում ինչո՞ւ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով չեն մտնում ԱԺ մշտական հանձնաժողովներ եւ կառավարություն, եւ միայն այդտեղ մերժվելուց հետո` հարցը բերում հրապարակ: Կամ հարցադրում է հնչել, թե պետք է բացառվի իշխանության կողմից բիզնեսի մեջ մտնելը, որին ի պատասխան` ՀՀԿ ներկայացուցիչներն առաջարկում են կոնկրետ դեպքեր ներկայացնել: Ինչո՞ւ կոնկրետ դեպքեր կոնկրետ անուններով չեն ներկայացվում, միգուցե պատճառն այն է, որ "փայ մտնելու" երեւույթը համատարած տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի ու հատկապես Քոչարյանի՞ օրոք: Համ էլ, ընդհանուր առմամբ, ինչո՞ւ նույն այդ "համաժողովրդական շարժման" հիմքում անգամ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի ծավալով հիմք չի դրվում...
Ըստ ամենայնի, բոլոր տեսակի հարցադրումներն ու պահանջները ստացվում են այդքան մասնավոր բնույթի, քանզի իրական նպատակն ուրիշ է` ճնշում իշխանության վրա` ի սպաս Ռոբերտ Քոչարյանի ստվերային շահերի: Բայց, ի վերջո, "բերման ենթարկված" միտինգավորները հոգնելու են չէ՞: Պարզից էլ պարզ է, որ միտինգային այդպիսի կոնտինգենտը փողոցային կտրուկ գործողությունների եւ առավել եւս մայդանների պիտանի չէ: Համ էլ, նոյեմբերի 17-18-ին ԲՀԿ խմբակցության անդամները պետք է կոնկրետ քվեարկությամբ պատասխանեն ԵՏՄ անդամակցության համաձայնագրի վավերացման հարցին: Արդյո՞ք հենց այդ վավերացումը չի դառնա ներկուսակցական ջրբաժանի հիմքը` կուսակցության գործարար եւ "նարնջագույն" հատվածների միջեւ:
Ու ինչո՞ւ էր վերջին հանրահավաքին ծերուկ Տեր-Պետրոսյանը ինքն իրեն պատռում` ջանալով ներկայանալ որպես ԵՏՄ-ի ջերմ կողմնակից: Մի՞թե չիշխանական ճամբարում լրջորեն կարող են հույսեր փայփայել, որ Մոսկվան պետք է իրենց օգնի գալ իշխանության: Հանուն ինչի՞. հանուն նրանց սիրուն աչքերի՞: Մի տեսակ անլուրջ է:
Ինչեւէ, մինչեւ վավերացում երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: Իսկ դրանից հետո եւ առավել եւս հունվարի 1-ից հետո, այլեւս ինքնանպատակ հանրահավաքային խաղերը նույնիսկ ճնշում գործադրելու նվազագույն նպատակին պիտանի չեն լինի: Ո՞ւր են ձեր գաղափարները, պարոնայք: Ո՛չ բենզինն է ձեզանից, ո՛չ էլ գաղափարները, այնպես որ, Իլֆի ու Պետրովի հերոսների սյուժեի կրկնությունն էլ նույնիսկ չի ստացվում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

