«ԵԹԵ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ, ՊԵՏՔ Է ԻՆՔԴ ՊԱՏՐԱՍՏՎԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ…»
Արխիվ 12-16«ԵԹԵ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ, ՊԵՏՔ Է ԻՆՔԴ ՊԱՏՐԱՍՏՎԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ…»
Երևանի ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 196 ԴՊՐՈՑԻ սաներն ու ուսուցչական կազմն իրականացրին ռազմահայրենասիրական բովանդակալից ու ուսուցողական էքսկուրսիա ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի այն պաշտպանական գոտում, որը 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիոն հարձակումների կիզակետում էր և պատվով կարողացավ թշնամուն հետ շպրտել:
Դպրոցի սաները հնարավորություն ունեցան զրուցելու սխրագործ զինվորների հետ, նրանց պատմությունները լսելու, ուտելու այն կերակուրը, որն ուտում է հայ զինվորը և անգամ գիշերելու այդչափ խիզախ տղերք ունեցող զորամասում:
«Այդ օրերին միայն մեր շրջանում հակառակորդը 15 կորուստ է տվել, իսկ 50 մարդուց 15 կորուստ ունենալ` այսինք 30 տոկոս, իրենց համար, անխո´ս, պարտություն է: Չնայած հատուկ նշանակության զինյալներով իրենց դիակները կարողացան տանել. համացանցում տարածված տեսանյութով էլ տեսած կլինեք, թե ինչպես են տանում զոհերին: Եթե այդ զոհերի դիակները մեզ մոտ մնային, քաղաքական դաշտում ավելի մեծ ռեզոնանս
կարձանագրեինք: Նման պայմաններում է, որ զինվորականների ուհասարակության`այս դեպքում դպրոցի հետ համագործակցությունը, հաճելի է թե´ զինվորների, թե´ սպայական կազմի համար. մեծ կորով են տալիս մեզ նմանատիպ հանդիպումները, հատկապես, երբ տեսնում ենք, որ հայ կինն ու հայուհին ևս մասնակիցն են այս ամենի ու մեր կողքին են: Ի դեպ, օրեր առաջ էլ Ռոբերտ Ամիրխանյանն էր մեզ հյուր եկել. նման այցերով շատ է ոգևորվում հայ զինվորը»,- աշակերտների հետ հանդիպման ժամանակ պատմում ու անկեղծանում է 1 տարի և 1 ամիս զորամասի հրամանատարությունը ստանձնած ԳՆԴԱՊԵՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ:
Ապա իր խոսքով շարունակում է ներկայանալ դպրոցի տնօրեն ԱՆՈՒՇ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ. «Այնքա՜ն ուրախ ենք. ակամա հայտնվել ենք մարտի դաշտում, և Աստված տա, որ ամեն ինչ անփորձանք լինի և´ հայ ժողովրդի, և´ զինվորի համար, ոչինչ որ միշտ պատրաստ լինենք պատերազմի, չէ՞ որ դա է խաղաղություն ապահովելու լավագույն ձևը»:
Տիկին Նավասարդյանի այս խոսքը փոխգնդապետն ընդմիջում է թեմատիկ մի օրինակով. «Մի օր զորամասում շրջելիս 2 զինվորի այսպիսի երկխոսություն լսեցի.
- Ո՞նց ես:
- Լավ եմ:
- Ի՞նչ ես անում:
- Պատրաստվում եմ պատերազմի…
Հիրավի, բանակն ինչի՞ համար է, իհարկե պատերազմի…Եթե չես ուզում պատերազմ, պետք է ինքդ պատրաստվես պատերազմի…»:
Ապա Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի զինղեկ, փոխգնդապետ ԽԼՂԱԹՅԱՆԸ, ուժ ու կորով մաղթելով հայ զինվորին, ռազմահայրենասիրական ֆիլմերի տեսագրություններ նվիրեց նրանց` մարտական ոգին հավերժ արթուն պահելու հիմք ունենալու նպատակով: Խլղաթյանի սաներն ու զինծառայողները մրցույթով հանդես եկան`ներկայացնելով զենքին տիրապետելու և այն հնարավորինս արագ քանդել-հավաքելը հնարները:
Հանդիպման ավարտին զորամասի հրամանատարի կողմից Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը պարգևատրվեց «Զորամասի անձնակազմի հետ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի, աշակերտների միջև կազմակերպված ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցառումների իրականցման համար» պատվոգրով:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

