ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԵՅՎԻԴ ԼԻԴԻՆԳԹՈՆԻՆ
Արխիվ 12-16ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԵՅՎԻԴ ԼԻԴԻՆԳԹՈՆԻՆ
ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար ԴԵՅՎԻԴ ԼԻԴԻՆԳԹՈՆԻՆ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ակտիվացել են: Սերժ Սարգսյանը եւ Դեյվիդ Լիդինգթոնը հույս են հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, եւ հայ-բրիտանական համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:
Հանրապետության Նախագահը եւ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում եւ Փարիզում կայացած գագաթաժողովների արդյունքները:
ՀՀ Նախագահը եւ պետնախարար Լիդինգթոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ, խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

