«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԱՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԱՆԵԼՈՒ»
Երեկ Ազգային ժողովում կայացավ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի օրակարգում «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն էր: Նիստի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ողջունելով ՀՀ մշակույթի նախարարի ներկայացրած ծրագրերը, մասնավորապես ազգային արժեքների պահպանության առումով, անդրադարձավ նաեւ մեր իրականության մեջ առկա որոշ մտահոգիչ երեւույթների. «Մի երկու օր առաջ այդ սարսափելի հալոուին էր փողոցներում, բացի այդ ունենք բացասական արժեքների ազդեցության գուցե աճ կամ վտավախություն, ինչպես, օրինակ, նույն աղանդավորության զարգացումն է: Կա՞ մի ծրագիր, որն այդ ամենի դեմը կառնի, որովհետեւ այդ հալոուինի ձեւը, այդ ագրեսիան մտավախություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ: Բողոքում են մեր ընտրողները, որ այսպիսի երեւույթների աճ կա»: Ի պատասխան Հ. Բաբուխանյանի, մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշեց. «Մենք նպատակաուղղված, ըստ էության, աշխատում ենք երեխաների եւ ուսանողության հետ, այսինքն` մի զգալի շերտի փորձում ենք ճիշտ կրթություն տալ: Իմ ելույթում ես բազմաթիվ ծրագրեր դեռ չնշեցի, դա դպրոցական ֆիլհարմոնիան է, «Մենք ենք մեր մարզը» մանկապատանեկան մշակույթի օրերն են եւ այլն: Մենք փորձում ենք այս մշակութային ծրագրերում հնարավորինս շատ երեխաներ ընդգրկենք, որպեսզի իրենք այլ կարգի ազդեցությունից զերծ մնան: Բայց, անշուշտ, այստեղ ե՛ւ հասարակությունն ինքնստինքյան, ե՛ւ ընտանիքը պետության հետ գործ ունի անելու, որովհետեւ մեր երեխաներն են այդ ձեւով դուրս եկել փողոց, ինչ-որ ուրիշի երեխաներ չեն կամ այլազգի ուրիշ տեղից ուղարկված երեխաներ: Սա է խնդիրը, որ մենք, երեւի թե, համընդհանուր պատասխանատվության հարց ունենք: Մենք չպետք է մտածենք, որ պետությունը պետք է այնպես անի, որ իմ երեխան ճիշտ գործով զբաղվի ու չգնա հարի այս կամ այն շարժմանը: Այսինքն` բոլորս այստեղ խնդիր ունենք լուծելու եւ այդ իմաստով, ինչու ենք մենք միտված երաժշտական դպրոցները լավ պահելուն, որովհետեւ այդտեղ սովորող երեխաները ուրիշ բանով հաստատ չեն զբաղվելու: Նրանք այնտեղ ստանում են մի կրթություն, որը նաեւ իրենց առավելություն է տալիս եւ նաեւ մի որակ է դաստիարակում, որը հավանաբար ոչ մի այլ ազդեցության տակ հնարավոր չէ ընկնի: Եվ ի վերջո, երեխաները սահմանամերձ շրջանների, որոնք մեծանում են եւ ոչ մի զբաղմունք չունեն, նույնիսկ մայրաքաղաք չեն կարողանում տեսնել: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ տարեցտարի այն ընդլայնում ենք, որ հաղորդակից դարձնենք բոլոր երեխաներին մշակութային կյանքին: Միեւնույն ժամանակ այս ամենը բավարար չի լինի, եթե զուգահեռ ինչ-որ մեկը նպատակադրված բացասական գործողություններ է կատարում: Դրա համար այստեղ պետք է բոլորիս ուժերը մեկտեղել, որպեսզի այդպիսի խնդիրներ չունենանք»: Պարոն Բաբուխանյանի կողմից հնչեց նաեւ հարց, թե արդյոք Արեւմտյան Հայաստանում մնացած մշակութային արժեքների գույքագրում արված է մշակույթի նախարարության կողմից եւ դրա վերադարձի համար ինչ-որ ստրատեգիա կա մշակված, թե` ոչ, որին անդրադառնալով` տիկին Պողոսյանը հավելեց. «Գույքագրման առումով հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1974 թվականին գույքագրում էր արել հայկական մշակութային ժառանգության, որը գտնվում էր ժամանակակից Թուրքիայի տարածքում: Եվ ունենք արձանագրած այն ամենը, ինչ-որ միջազգային կառույցների կողմից էլ է ֆիկսվել, արձանագրվել, ինչպես նաեւ մենք այդ աշխատանքը մեր օրերում շարունակում ենք: Իսկ թե ինչ ձեւով վաղը կլինեն մեր հարցադրումները, ես այսօր պատրաստ չեմ Ձեզ պատասխանելու, բայց վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր ուղղություններով հասարակական կազմակերպություններն աշխատում են, որովհետեւ սա պետական մակարդակով լուծվելիք խնդիրներ չեն: Սրանք ավելի հասարակական օղակների խնդիրներ են, իսկ հասարակական բազմաթիվ կառույցներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս գործում են հենց հատկապես այդ ուղղությամբ: Եվ գնալով այդ շարժումը ոչ թե մարում է, այլ ես կասեի, որ նույնիսկ թափ է առնում, որովհետեւ եթե երեք տարի առաջ մեզ թվում էր` կամաց-կամաց, կարծես թե, մարում է գնում, բայց միգուցե ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ դարձավ, որ մենք հարցադրումներով ավելի ակտիվացանք: Ամեն պարագայում, կարծում եմ` այս տարվա բոլոր իրադարձությունները եւ նորուոյունները արտաքին աշխարհից մեզ բերում են այն եզրակացությանը, որ այդ գործընթացները գնում են: Իսկ թե ինչի կհանգենք, ցույց կտա ժամանակը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

