ԱՄՈՒՍՆՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԿԱՐԳԻՆ ՀԱՍՈՆ. «ԷՈՒԹՅԱՄԲ ԳԻՏԵՄ, ՈՐ ՀԱՂԹՈՂ ԵՄ»
Արխիվ 12-16ԱՄՈՒՍՆՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ. «ԷՈՒԹՅԱՄԲ ԳԻՏԵՄ, ՈՐ ՀԱՂԹՈՂ ԵՄ»
«Ես էությամբ գիտեմ, որ հաղթող եմ: Վստահություն ունեմ իմ մեջ: Ինչ գործ որ անում եմ, վստահ եմ, որ շատ լավ եմ անում: Ոչ մի րոպե չեմ վախենում կամ կասկածում, չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ վատ: Այստեղ արդեն այլ խնդիր է` հաղթանակն ինձ կտա՞ն», - «Իրավունքի» հետ հարցազրույցներից մեկում ասել է ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ, սակայն հիվանդությունն ավելի դաժան գտնվեց սիրված դերասանուհու հանդեպ: 34-ամյա Հ. Ղարիբյանը, մեկ տարի առաջ ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ, եւ բնակվում էր ԱՄՆ-ում, սակայն այսօր` ամուսնու ծննդյան հաջորդ օրը երիտասարդ դերասանուհին հեռացավ կյանքից` այդպես էլ չհաղթահարելով քաղցկեղը:
Հիշեցնենք, որ Հասմիկ Ղարիբյանը դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն էր: 1997թ. ավարտել է Երեւանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը ու Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Դպրոցական տարիներին սովորել է Երեւանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում եւ Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.-ին: 2003 թ-
ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալա Բալա Նիցա» եւ այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը:
Վշտակցում, համբերություն ու մխիթարություն ենք մաղթում Ղարիբյանների եւ Աբրահամյանների ընտանիքներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

