ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ` ԻՐ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ՀՅՈՒՍՎԱԾ ԱՂՄՈՒԿԻ ՄԱՍԻՆ.« Ո՞Վ Է ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ»
Արխիվ 12-16ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ` ԻՐ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ՀՅՈՒՍՎԱԾ ԱՂՄՈՒԿԻ ՄԱՍԻՆ.« Ո՞Վ Է ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ»
Հայաստանի հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն, հոգեւորական Կոմիտաս վարդապետ Հովնանյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին իր անվան շուրջ հյուսված աղմուկին, ասաց, որ ինքը հերքել է թե եղել է ԱԱԾ-ում:
Հիշեցնենք լրատվամիջոցներից մեկը տարածել էր տեղեկատվություն այն մասին, որ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիմումի համաձայն Կոմիտաս վարդապետն ԱԱԾ-ում հարցաքննվել է իր որոշ հայտարարությունների համար:
«Ինձ ԱԱԾ ոչ ոք չի կանչել, ԱԱԾ-ի ներկայացուցիչն է եկել մեր գրասենյակ եւ տեղեկացրել Ստեփան Դանիելյանի` առ անձս ուղղյալ մեղադրանքները: Իբր թե ես հերյուրանքներ եմ տարածում, ենթադրելով, որ աղանդավորական շարժումները հակապետական գործունեություն են ծավալում, կես միլիարդ դոլար օգնություն են ստանում դրսից»,- ասաց հոգեւորականը:
Ինչ վերաբերում է Հայաստան ներթափանցած «Քրիստոնեական ընտանիք» շարժմանը, հոգեւորականը հիշեցնում է` այդ մասին հայտարարել է միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: «Այդ աղանդը, ինչպես հայտարարել է Սեւակ Հովհաննիսյանը, Հայաստան է եկել Ուկրաինայից: Այդ ժամանակահատվածում ինձ կապվեց ուկրաինացի մի լրագրողուհի եւ խոսեց այն աղջկա մասին, ով եկել էր Հայաստան եւ քարոզչություն էր իրականացնում: Այդ հայտարարությունները հիմք տվեցին ինձ հայտարարելու, որ եթե կան աղանդավորական շարժումներ, որոնց քարոզչությունը վտանգ է սպառնում, սա մտահոգիչ է մեզ համար: Առավելեւս, որ մենք ունենք 200-ից ավելի շարժումներ, մեր միասնականությունը պառակտվում է: 200 աղանդավորական շարժումներ 200 մասի են բաժանում մեր հավաքականությունը: 3.000.000 –անոց ժողովրդի համար 200 տարաբնույթ քարոզչական գաղափարախոսությունները վտանգավոր են պառակտելու համար հայ հավաքականությունը: Այս ամենը գալիս է այն ուժերից, որոնց հաճելի չէ իմ քարոզած` երկրի, ազգի անվտանգության հարցը, առավելեւս պատմական դեր խաղացած մայր եկեղեցին»,- պարզաբանեց Կոմիտաս վարդապետը:
Անդրադառնալով աղանդներին կես միլիարդ դոլարով ֆինանսավորելուն`Կոմիտաս վարդապետ Հովհանյանը հիշեցնում է. իր հայտարարությունից բավական առաջ կես միլիարդ դոլար ֆինանսավորման մասին խոսել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը եւ չգիտես ինչու Ստեփան Դանիելյանը աղմուկ ու խնդիր չի բարձրացրել այդ հայտարարության վերաբերյալ. «Եթե Ամարյանի հայտարարությունը մնում է անարձագանք, նշանակում է հայտարարությունն ունեցել է հիմք, որը ես երկրորդել եմ»:
-Հայր Կոմիտաս, ըստ Ձեզ, ինչո՞ւ է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը հենց ձեր հայտարարությունների հիման վրա դիմել ԱԱԾ, եթե ինչպես Դուք եք ասում, Ձեզանից առաջ աղանդների ֆինանսավորման մասին հայտարարել էր Ալեքսանդր Ամարյանը:
-Ես Ստեփան Դանիելյանին երբեք չեմ տեսել, չեմ ճանաչում, խոսելու առիթ էլ չեմ ունեցել: Երբ եկա մեր գրասենյակ ու իմացա այն մասին, բաց բերան մնացի, քանի որ առաջին անգամ էի լսում այդ մարդու անուն-ազգանունը: Բայց ես փառք եմ տալիս աստծուն, որ մենք չենք ապրում 1938 թ-ին, այլապես հիմա ես ձեզ հետ էսպես հանգիստ չէի կարող խոսել: Ես հիմա կլինեի Սիբիրի խուլ անկյուններից մեկում:
-Դուք ԱԱԾ-ի որոշմանը ծանո՞թ եք: Եթե այո, ապա այդ որոշման եւ հետագայում հնչեցված Ձեր հայտարարության միջեւ հակասություն չե՞ք տեսնում:
-Այո, ես ծանոթացել եմ ԱԱԾ որոշմանը: Քանի որ Ստեփան Դանիելյանն առաջարկում էր ինձ 226-րդ հոդվածով ինձ դատի տալ, որ ես իբր միջ կրոնական միջազգային թշնամանք եմ քարոզում: Նրանց (նկատի ոնի ԱԱԾ-ին-խմբ) պատասխանը եղել էր այն, որ իմ ոչ մի ելույթի մեջ նման բան չկա: Ես հականե-հանվանե որեւե մեկին չեմ նշել: Նույնիսկ նա օգտագործել է Լեւոն Բարդակչյանի պարագան, որը ինձ առնչություն չունի, քանի որ իմ խոսքում Բարդակչյան անունը չեմ շեշտել: Դա Բարդակչյանի կազմակերպած թատրոնն էր, որի պատճառով, ցավոք, այս տարվա մայիսին իմ մեքենան ջարդուփշուր արեցին եւ մեջն էլ գրություն էին թողել` որտեղ քոնը կասես, էնտեղ էլ Բարդակչյանին: Ինչ վերաբերում է հակասությանը, ես ոչ մի հայտարարություն չեմ արել: Ինձ տեղեկացրել են, որ Ստեփան Դանիելյանը իմ նկատմամբ այսպիսի բողոք է ներկայացրել:
-Որպես զրույցի եզրափակում` այս պատմության հետ կապված` ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
-Ես կուզենայի միայն իմանալ ո՞վ է Ստեփան Դանիելյանը, ինչ ազգային կերպար ունի: Որովհետեւ եթե մեկը իրոք Դանիելյան է,նրա համար պետք է մտահոգիչ պետք է լիներ այսօր մեր երկրի վիճակը, ոչ թե մտահոգիչ մտավորականի խոսքն իրեն մտահոգեր եւ դուրս գար դեմ մտահոգիչ հոգեւորականի:
Սոնա Դավթյան

