ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ՝ € 600.000 ՉԱՓՈՎ
Արխիվ 12-16ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ՝
€ 600.000 ՉԱՓՈՎ

1955 թվականի հոկտեմբերի 26-ին Ավստրիան Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներից հետո վերականգնեց իր լիարժեք ինքնիշխանությունը: Այդ օրվանից ի վեր հոկտեմբերի 26-ը Ավստրիայում նշում են Ազգային օրը: Եվ այս առթիվ հոկտեմբերի 26-ին ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼՈԻՍ ԿՐԱՈՒՏԻՆ` հյուրասիրության էր հրավիրել մի շարք պաշտոնյաների: Այդ թվում` ներկա էին իշխանական եւ ոչ իշխանական մի շարք խորհրդարանական պատգամավորներ, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Իր ողջույնի խոսքում պարոն դեսպանը նշեց. «Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ նշում եք
մեզ հետ Ավստրիայի Ազգային Օրը: Թույլ տվեք սրտանց շնորհավորել այստեղ ներկա գտնվող ավստրիացիներին ազգային օրվա կապակցությամբ։ Այս տարին բավականին ինտենսիվ է եղել, քանի որ կարեւորվում են Ավստրիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները: Ապրիլի վերջին Երեւանում կայացավ ավստրո-հայկական տնտեսական հանձնաժողովը եւ երկկողմ փոխանակումից հետո , պարզ դարձավ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից առաջացած անկումը կարելի է բարելավել։ Սակայն երկու կողմերն էլ համակարծիք են, որ հետագա երկկողմ տնտեսական
հարաբերությունների ակտիվացումը հնարավոր է եւ անհրաժեշտ»: Ապա հավելեց. «Սույն թվականի հունիսին Ձերդ Գերազանցություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Ավստրիա, ի պատասխան, երկու տարի առաջ Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ դոկտոր Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցին: Այս առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին հյուրընկալության համար եւ Մխիթարյան միաբանությանը, որը շատ կարեւոր է հայ մշակույթի համար եւ հաստատվել է Վիեննայում ավելի քան 200 տարի առաջ։ Սեպտեմբերի սկզբին Ավստրիայի Եվրոպայի ինտեգրման եւ արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը գործարարների մեծաթիվ պատվիրակության
ուղեկցությամբ այցելեց Հայաստան: Ավստրիական գործարար համայնքը ուշագրավ հետաքրքրությամբ հեռացավ՝ հույսով , որ գործունեության նոր ոլորտներ կմշակվեն»: Ալուս Կրաուտին նաեւ վստահեցրեց, որ Հայաստանը մի քանի տարի եղել է Ավստրիայի զարգացման համագործակցության ուշադրության կենտրոնում. «Այդ պատճառով նախարար Կուրցը նախարար Նալբանդյանի հետ միասին հանդիսավոր կերպով բացեցին Ավստրիայի զարգացման համագործակցության գրասենյակը Երեւանում, որը կամրապնդի Ավստրիայի խիստ անհրաժեշտ ներկայությունը Հայաստանում: Նախարար Կուրցը հայտարարել է նաեւ Ավստրիայի շարունակական աջակցության մասին Սիրիայի հայ փախստականներին՝ € 600.000 չափով»։ Ի դեպ, ըստ դեսպանի, իրենց նախարար Կուրցը ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է նաեւ ապագայում, անկախ երկրի պատկանելությունից, շարունակի Հայաստանի հետ հնարավոր ամենասերտ համագործակցությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

