« Այնքա՜ն լավ եմ գիտակցում ծառայությանս նպատակը…»
Արխիվ 12-16« Այնքա՜ն լավ եմ գիտակցում ծառայությանս նպատակը…»
Սխրանքներն ունեն կոնկրետ հասցեներ` Հայոց բանակ, հայ զինվոր… Զրուցակիցս ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասի 16 ամսվա զինծառայող ՆԱՐԵԿ ԱՍԱՏՐՅԱՆՆ է: Զորամաս, որը ամառային ամիսների դիվերսիոն հարձակումների ժամանակ թիրախային կենտրոն է եղել, զինվոր, ով անձամբ ականատեսն է այն, ամենի, ինչ կատարվել է:
- Ծառայությանդ ընթացքում ունեցած ամենաուրախ և ամենատխուր օրերը:
- Ամենաուրախ օրս, ինչ մեղքս թաքցնեմ, եղել են արձակուրդային օրերս, տխուր օրեր այնքան էլ չեն եղել. բոլոր իրադրություններում էլ ինչ-որ հաճելի բան, ուրախություն հնարավոր է գտնել, հետո երբեք մենակ չեմ եղել, որ տխրեմ:
- Ի՞նչ է տալիս հայ զինվորին Հայոց բանակը:
- Այնքա՜ն շատ բան… Այնքան շատ, որ այդքանը թվել չեմ կարող, բայց միանշանակ կարող եմ ասել, որ բանակում է, որ տղամարդ ես դառնում, ավելի հասուն ու ինքնուրույն լինում: Ծառայությունից հետո տնից փող վերցնել ու ուղղակի ծախսել այլևս չես կարող. այլկերպ ես գնահատում այն ամեն ինչը, որ արվում է, աշխատանքի արժեքը հասկանում ես առավել, հասկանում, որ քրտինքի միջոցով է ամեն ինչ ձեռք բերվում, գիտակցում ես, որ փող տվողի` արարողի, դերում ինքդ պետք է լինես…
- Փոխվե՞լ է արդյոք քաղաքացի Նարեկի ու արդեն զինծառայող Նարեկի պատկերացումները հայրենասիրության մասին:
- Մինչ բանակը հայրենասիրության գործնական իմաստը չեմ հասկացել, իբրև զինծառայող, կարող եմ ասել, որ դիրքերում զենքը ուսիդ խրոխտ կագնելը հենց հայրենասիրության արտահայտում է, սիրով կանգնելը, սիրով ծառայելն ու գիտակցելը, թե ինչու ես ծառայում, տեսնելով, թե ինչ են տալիս այդ ծառայողական տարիները: Դեռ շատ բաներ էլ հետո եմ հասկանալու, հիմա ընթացքի մեջ եմ ու ամեն ինչը չէ որ տեսնում եմ, արժևորում:
- Որպես հուլիս-օգոստոս ամիսների թիրախային զորամասի զինվոր` ի՞նչ կասես:
- Այդ լարված դեպքերից առաջ արձակուրդի եմ եղել ու նախորդ օրն էլ մասնակցել հարսանիքի: Զորամաս գալուս հաջորդ օրն անմիջապես դիրքեր եմ գնացել… Խառը վիճակների ու նեղության մեջ լինելով` հասկացա, որ մարդկանց ուրախությունը, հարսանիքների ժամանակ անհոգ պարելը զինվորն է պահում… Երբեք այդչափ անմիջական չէի զգացել այդ աշխարհների կողք կողքի լինելը: Հարսանեկան խնջույքի ծափ ու ծիծաղ, կողքին` պայքար, կրակոցներ, վախ… Այնքա՜ն լավ եմ գիտակցում ծառայությանս նպատակը…
- Այդքան մոտ գտնվելով վտանգին` ի՞նչ մտորումներ ես ունենում:
- Մտորումներ չեմ հասցնում ունենալ, առույգ պետք է լինել ու մտածել միայն մեկ ուղղությամբ`հողդ պահելու, թշնամուն ոչնչացնելու ու նաև սեփական կյանքդ խնայելու մասին: 2 տարուց հետո դեռ շա՜տ ժամանակ կլինի մտորելու համար…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

