"ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ" ՖԻԼՄԻ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ
Արխիվ 12-16Հոկտեմբերի 22-26-ը Ալմաթիում անցկացված "Բաստաու" ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող ԱՐԵՆ ՄԱԼԱՔՅԱՆԻ "Աղջիկը լուսնի վրա" վավերգրական ֆիլմը: "Իրավունքի" հետ զրույցում երիտասարդ ռեժիսորը պատմեց կինոփառատոնին իր մասնակցության, հաղթանակի եւ առաջիկա ծրագրերի մասին:
"ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷՐ"
-Փառատոնին մասնակցելու համար ֆիլմերն ուղարկվել են ինստիտուտի կողմից: Նախընտրական փուլի համար ընտրվել էր 4 ֆիլմ, որոնցից մրցույթին մասնակցելու համար ժյուրին ընտրել էր իմ ֆիլմը: Փառատոնն իր ձեւաչափով շատ հետաքրքիր էր, ժյուրիի կազմը նույնպես, որտեղ ընդգրկված էին տարբեր երկրների մասնագետներ, իսկ նախագահը ադրբեջանցի էր: Ընդհանրապես երիտասարդական փառատոներում ժյուրիի կազմն ընտրվում է տվյալ երկրի մասնագետներից, իսկ այստեղ չկար այդ սկզբունքը, ինչը շատ գովելի է, քանի որ այդ դեպքում անաչառությունն ապահովված է: Ամեն ինչ անում էին, որպեսզի մասնակիցները վերադառնան լավ տպավորություններով:
"ՊԱՐՓԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ`
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՅԱՆԱԼ"
-Ֆիլմերի դիտումների ժամանակ իմ ֆիլմն արժանացավ հանդիսատեսի բուռն արձագանքին, իսկ ժյուրիի անձնակազմը տվեց շատ հետաքրքիր մեկնաբանություններ: Այդ ամենից հետո, անկեղծ ասած, մրցանակն ինձ համար սպասելի էր: Ճիշտ է, չէի մտածում, որ ինձ կտրվի ամենաբարձր` Ժյուրիի մրցանակը, բայց կանխագուշակում էի, որ կտրվի "Լավագույն վավերագրական ֆիլմ" մրցանակը: Շատ ուրախ եմ այս մրցանակի համար, որն ի դեպ, ինձ հանձնեց ժյուրիի նախագահը, ով ադրբեջանցի էր: Հաղթանակներն իհարկե ռեժիսորներին մեծ բան են տալիս, երբ ինքդ հասկանում ես, որ քո աշխատանքը գնահատվում է բարձրակարգ մասնագետների կողմից: Այս փառատոնում ինձ ավելի շատ բան տվեց շփումը, քանի որ շփվում ես աշխարհի տարբեր երկրներից մեկ տեղ հավաքված մարդկանց հետ, որոնք ունեն տարբեր աշխարհընկալումներ, տեսնում նրանց նկարահանած ֆիլմերը: Այսպիսի շփումներն են, որ մարդուն կայացնում են: Պարփակված լինելով` այսօրվա պայմաններում ոչ ոք չի կարող կայանալ:
"ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ" ՖԻԼՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է
-"Աղջիկը լուսնի վրա" ֆիլմն իմ երկրորդ աշխատանքն է, պատմում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, ովքեր մի նախագծում պետք է պարեն պրոֆեսիոնալ պարողների հետ: Ես նկարահանեցի, թե ինչպես են նրանք նախապատրաստվում այդ նախագծին: Աշխատանքները տեւեցին 6 ամիս: Հենց սկզբից, երբ պլանավորում էինք նկարահանել ֆիլմը, նպատակ էինք դրել, որ այն ոչ թե խղճահարություն պետք է առաջացնի, այլ` ցույց տա, որ հաշմանդամություն ունեցող անձն ուժեղ է: Մենք մեր նպատակին հասանք, որովհետեւ հանդիսատեսն այն դիտելուց հետո ոչ թե խղճում էր ֆիլմի հերոսներին, այլ ինչ-որ տեղ ցանկանում նմանվել նրանց: Ֆիլմը 32 րոպե է եւ առաջիկայում կմասնակցի մի քանի միջազգային փառատոների եւս:
Հաջորդ իմ ֆիլմը Արցախյան ազատամարտի մասին է լինելու, սցենարը պատրաստ է, իսկ ֆիլմն ամբողջությամբ պատրաստ կլինի հաջորդ տարի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

