"ԿՐԿՆԱԿԻ ԴԺՎԱՐ Է ԴՐՍԻ ԱՇԽԱՐՀԻՑ ՔՈ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԲԵՐԵԼԸ"

Արխիվ 12-16

"ԿՐԿՆԱԿԻ ԴԺՎԱՐ Է ԴՐՍԻ ԱՇԽԱՐՀԻՑ
ՔՈ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԲԵՐԵԼԸ"


Հոկտեմբերի 18-22-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած "Վրոստյա" 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանը ներկայացել է, ըստ Միշել դե Գելդերոդեի, "Խոստովանություն" մոնոներկայացմամբ եւ օրերս Հայաստան վերադարձել Գրան Պրիով: Ի դեպ, այն տվյալ ներկայացման 3-րդ մրցանակն է: Իսկ մինչ այդ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 14-18-ը Մ. Ջանիբեկյանն ու Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արա Գեւորգյանը մասնակցել են Լիտվայում կայացած "ATSPINDIS" միջազգային թատերական 9-րդ փառատոնին: Մ. Ջանիբեկյանը ցուցադրել է ըստ Միշել դե Գելդերոդեի "Խոստովանություն", իսկ Ա. Գեւորգյանը` Ա. Չեխովի "Ծխախոտի վնասի մասին" մոնոներկայացումները:
Երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում հյուրընկալված դերասանները,  "Արմմոնո" միջազգային թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ու ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ խոսելով 2 փառատոնի եւ դերասանների փայլուն հաջողության մասին` հավաստիացնում էին, որ գնահատված լինելը, կապ չունի քո երկրում, թե երկրի սահմաններից դուրս, հաճելի է դերասանի համար:

""ԱՐՄՄՈՆՈՆ" ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՆՊԱՍՏԵՑ ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆԸ"

Ըստ Ա. Գյուրջյանի. "ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում են բոլոր այն նախագծերը, որոնք իրենց բնույթով նպաստում են միջմշակութային երկխոսության ձեւավորմանը` ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս մեր եւ օտարերկրյա ստեղծագործողների ու կոլեկտիվների միջեւ: Այս առումով առանձնահատուկ է մեր համագործակցությունը "Արմմոնո" մոնոներկայացումների փառատոնի հետ, որովհետեւ շատ ներկայացումներ այս ընթացքում փառատոնից հետո ունեցան իրենց կյանքը` ներկայացվեցին ե՛ւ Հայաստանի տարբեր բեմերում, ե՛ւ օտարերկրյա թատերասեր հասարակությանը: Այս առումով, "Արմմոնոն" մեր երկրում նպաստեց մոնոներկայացումների ոլորտի աշխուժացմանը, նաեւ այլ երկրներում մեր թատերական կյանքի տեսանելիությանը: Այս գրանցած հաջողությունը հենց այն կապիտալն է, որի պտուղը այսօր տեսնում ենք",- ասաց Ա. Գյուրջյանն ու կանխելով լրագրողների այն հարցը, թե այսօր որքանո՞վ է հայ թատրոնը համահունչ, ներդաշնակ աշխարհում ընդունված թատերարվեստի զարգացման միտումներին` հավելեց. "Այս հաջողությունը, կարծում եմ, հարցի փայլուն պատասխանն է: Ոչ միայն համահունչ է, ներդաշնակ, այլ նաեւ գնահատվել է որպես լավագույնը":

"ԴԺՎԱՐ ԲԱՆ Է ԴՐՍԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՈՏՔ ՄԵԿՆԵԼԸ"

Կիսվելով միջազգային մրցույթից ստացած տպավորություններով` ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանն  ու անձամբ նախարարին` իրեն երեք մրցանակի արժանացրած ներկայացման բեմադրությանը սատար կանգնելու եւ փառատոնային ճանապարհածախսը հոգալու համար, ապա շեշտեց. "Դժվար բան է դրսի աշխարհի հետ ոտք մեկնելը, երբ լեզուն էլ անծանոթ է, կարծես խուլ ու համր լինես: Կրկնակի դժվար է դրսի աշխարհից քո երկրի համար մի լավ բան բերելը: Գեղեցիկ է, երբ տեսնում են եւ գնահատում, որովհետեւ գեղեցիկը տեսնողը նաեւ ներկա է դրա արարամանը: Ցավալի է, երբ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այն: Ինչեւէ, շնորհակալ եմ Մ. Մխիթարյանին, քանի որ այս ամենի առաջին "մեղքն" իրենն է: Երկար տարիներ` տասնյակ տարի, ես գործ չեմ արել, չնայած` պարապ չեմ մնացել, 2 գեղարվեստական ֆիլմ եմ արել, բայց այսօր երեւի էլի բախտը ժպտաց, եւ ինձ հնարավորություն տրվեց անել այս ներկայացումը":

"ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԵՐԿՐԻՑ ՀՐԱՎԵՐ ՍՏԱՑԱ"

Մ. Մխիթարյանի դիտարկմամբ` փառատոները դերասան Ա. Գեւորգյանի համար դեբյուտ էին, քանի որ առաջին անգամ էր մասնակցում` իր բեմադրած մոնոներկայացմամբ: Լրացնելով Մարիաննային` ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ շեշտեց. "Իմիջիայլոց, շատ դժվար է, երբ բեմադրում ես ու խաղում: Այս տարի մասնակցեցի "Արմմոնո" փառատոնին ու պիտի ասեմ, որ այն չի զիջում աշխարհի նմանատիպ միջազգային փառատոներին: Դրանից հետո մեծ արձագանք եղավ, միանգամից երեք երկրից հրավեր ստացա: Այս ներկայացումը մի հետաքրքիր բան ունի իր մեջ. ամեն անգամ խաղալիս` այն ինձ ստիպում է, որ նոր բաներ անեմ ու նորովի մատուցեմ, կարելի է ասել` ամեն անգամ այն դեբյուտ է դառնում": Ասուլիսի ընթացքում Մ. Մխիթարյանը վստահեցրեց, որ Ա. Գեւորգյանի հրավերների մասին կխոսեն մեկ ամիս անց, երբ ամեն ինչ հստակ կլինի: Ապա նաեւ շեշտեց. "Իմ գործառույթն է հնարավորություն տալ բոլորին աշխատել ստեղծել, բացել ինքդ քեզ: Մեր դաշտը շատ լայն է, մենք փայլուն երիտասարդություն ունենք, ինչն ապացուցվեց այս տարվա "Արմմոնոյի" շրջանակներում` փայլուն դերակատարմամբ մոնոներկայացումներով":

"ԵՐԲ ԱՐՎԵՍՏԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՍՊՈՐՏԻ` ԵՍ ԴԵՄ ԵՄ"

"Իրավունքի" այն դիտարկմանը, թե հաճախ ասում են, որ թատրոնը սպորտ չէ, ուստի` մրցանակներ էլ հարկավոր չեն, դերասանները չհամաձայնեցին. "Մի անգամ մեծ վարպետ Փափազյանին հարցրին, անընդհատ ասում են` Փափազյան, Փափազյան... Բա մե՞նք ինչի համար ենք, ասաց. "Դուն անոր համար ես, մանչս, որպեսզի քեզի տեսնեն եւ իմանան` ես ով եմ": Իհարկե, պետք է տարբերություն լինի: Արտիստը երեխայի պես բան է, նրան ոգեւորություն է պետք: Հատկապես դրսի գնահատականը մեծ բան է",- ասաց Մ. Ջանիբեկյանը: Իսկ Ա. Գեւորգյանի համար. "Երբ արվեստը վերածվում է սպորտի, ես մի քիչ դրան դեմ եմ, ճիշտ է` նմանություն կա, բայց երբ արվեստը մրցակցության մեջ է մտնում, բաներ կան որ կորում են: Իհարկե պետք են մրցանակները, այն ոգեւորություն է ներշնչում դերասանին, որպեսզի կատարի հաջորդ ստեղծագործությունը":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում