"ՀՂԻ ԿՆՈՋԸ ԲՆՈՐՈՇ Է ՎԱԽԻ ԶԳԱՑՈՒՄԸ"
Արխիվ 12-16"ՀՂԻ ԿՆՈՋԸ ԲՆՈՐՈՇ Է ՎԱԽԻ ԶԳԱՑՈՒՄԸ"
- Ի՞նչ է կեսարյան հատումը, ինչո՞ւ են կանայք նախընտրում ծննդալուծման այս եղանակը. վա՞խ, թե… Ո՞ր դեպքերում է ցուցված կատարել կեսարյան հատում: Ինչպե՞ս են հղիին նախապատրաստում կեսարյան հատմանը:
Հարցին պատասխանել է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.
-Կեսարյան հատումը ծննդալուծման եղանակ է, որի ժամանակ պտղի դուրսբերումը կատարվում է որովայնի պատի եւ արգանդի կտրվածքի միջոցով: Այս վիրահատությունն ի հայտ է եկել Հուլիոս Կեսարի ժամանակ: Նպատակը եղել է փրկել մահացող կամ մահացած մոր փոխարեն գոնե պտուղը: Կեսարյան հատումը կատարում են միայն հատուկ ցուցումների դեպքում: Տարբերում են բացարձակ եւ հարաբերական ցուցումներ: Տարբերում են նաեւ ցուցումներ մոր կողմից (որոշակի սոմատիկ հիվանդություններ` բարձր աստիճանի կարճատեսությունների ժամանակ կամ եթե կան անոթային փոփոխություններ ակնահատակում, պրեկլամսիա կոչված հիվանդության ժամանակ (ծանր ձեւ). երբ հղիի արյան զարկերակային ճնշումը բարձր թվերի է` 160 մմ ս.ս. եւ ավելի, մեզում սպիտակուցի առկայության դեպքում, երբ հայտնվել են այտուցներ, եթե կինը ունի նեղ կոնք` անատոմիական եւ կլինիկական, ծննդաբերական ուղիների ուռուցքների ժամանակ, կոնքի ոսկրերի դեֆորմացիայի ժամանակ, եւ ցուցումներ պտղի կողմից (պտղի միջաձիգ դրությունների ժամանակ. այն համարվում է բացարձակ ցուցում, հետույքային առաջադրության ժամանակ. այն համարվում է հարաբերական ցուցում, պտղի սուր կամ քրոնիկ հիպոքսիայի (թթվածնի քաղց) ժամանակ եւս ցուցված է կեսարյան հատումը): Բժիշկը պետք է առաջնորդվի այդ ցուցումներով: Վերջին տարիներին կա տենդենց, որ որեւէ ցուցում չունեցող կանայք ցանկանում են ծննդալուծության այս եղանակն ընտրել: Հատկապես կրկնածինները:
Հղի կնոջը բնորոշ է վախի զգացողությունը: Առաջնածին կանայք, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է ծննդաբերությունը, հարեւաններից, բարեկամներից տարբեր պատմություններ են լսում` դժվար ծննդաբերությունների, պատռվածքների մասին… Ու ի սկզբանե ներքին վախով գալիս: Չնայած, մենք ամբողջ հղիության ընթացքում փորձում ենք բացատրել, եթե մեկի մոտ առկա է եղել նման խնդիր, մյուսի մոտ անպայման չէ, որ լինի: Ի վերջո, ամեն ինչ կախված է հղիության եւ ծննդաբերության ճիշտ վարումից:
Եթե չկա շտապ կարգով կատարվող կեսարյան հատման ցուցում, հարգելի նամակագիր, որոնց մասին խոսեցինք վերեւում, ապա անհրաժեշտ է` հղիությունը լինի 38 շաբաթական, պտուղը պետք է հասուն լինի, ոչ միայն քաշը, այլ նաեւ` թոքերի զարգացվածության աստիճանը: Կինը ընդունվում է ծննդատուն: Կատարվում են սանիտարապրոֆիլակտիկ միջոցառումներ, մշակվում է մաշկի հատվածը, ստուգում են երեխայի սրտի բաբախը, կատարվում է ներհեշտոցային զննում, վերցվում է քսուկ հեշտոցից, կատարում են մեզի, արյան ընդհանուր եւ բիոքիմիական զննություն: Պարտադիր կարգով արվում է ԷԿԳ (էլեկտրասրտագրություն): Հղին հանդիպում է անեսթեզոլոգի հետ, որոշում են անզգայացման տեսակը` ըստ կնոջ անամնեզի (հիվանդության պատմություն):
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մոտ 95 տոկոս դեպքերում կատարվում է սպինալ (տեղային) անզգայացում: Կինը ցավ չի զգում, վիրահատության ժամանակ նա արթուն է, խոսում է մեզ հետ, իսկ մի քանի րոպե հետո տեսնում է իր բալիկին:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

