"ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐԿՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐ ԴԵՌ ԿՍՊԱՍՎԵՆ"
"ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները արդեն զգացնել են տալիս իրենց նաեւ Հայաստանումª մասնավորապես տրանսֆերների վրա: Դա է իրականությունը, բայց, ըստ իս, ԵՏՄ-ի պայմանագիրը վավերացնելուց հետո տնտեսական ակտիվությունը կաշխուժանա, որովհետեւ մենք կվերացնենք այն բոլոր խոչընդոտները, որպեսզի միասնական տնտեսվարման ամբողջ մոդելը կիրառվի",- անդրադառնալով ՌԴ-ի պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի վրա` ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Պարոն Այվազյանը չի կիսում այն տեսակետը, որ ԵՏՄ-ին անդամագրվելով չի կանխատեսվում արտահանման աճ. -Ես գիտեմ, որ լուրջ պահանջարկ է առաջ եկել Ռուսաստանում: Հայաստանը իհարկե չի կարող այդ պահանջարկին համաչափ առաջարկ ներկայացնելª հաշվի առնել, որ ՌԴ-ի ծավալները շատ մեծ են: Բայց ամեն դեպքում, դա լուրջ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք ՌԴ-ին ավելի շատ ապրանք մատակարարել: Մասնավորապես գիտեմ, որ Ռուսաստանը գյուղատնտեսական ապրանքների, վերամշակվող արտադրության համար անսահմանափակ շուկա է, իսկ այլ բնույթի արտադրատեսակների մասով մենք դեռ պետք է կողմնորոշվենք: Ինչ վերաբերում է ՌԴ-ից ներկրվող ապրանքներին, ապա այդ առումով մենք խնդիր չունենք: Ընդհակառակըª դեռ գների իջեցում է նախատեսվում, որովհետեւ մաքսատուրքերը անմիջապես կզրոյանան: Այդ առումով կարծում եմ, որ Ռուսաստանից նաեւ սննդամթերքը մենք ավելի էժան կներկրենք, քան հիմա ենք ներկրում: Այնպես որ, արտահանման եւ ներկրման ոլորտում առաջխաղացումներ դեռ կսպասվեն: Մինչ նոյեմբերի վերջ, մենք արդեն կվավերացնենք պայմանագիրը, եւ ութ հարյուր ապրանքների հայտնի ցանկը հաստատելուց հետո, մենք կսկսենք կողմնորոշվել նաեւ երրորդ երկրների հետ առեւտրի հարցում: